HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

Ամենաերկար հետախուզվող անձը, Այվազովսկու կտավի ճակատագիրն ու թանկարժեք մեքենաները. հարցազրույց Հայաստանում «Ինտերպոլ»-ի ԱԿԲ պետի հետ

«Հետք»-ը զրուցել է Հայաստանում «Ինտերպոլի» ազգային կենտրոնական բյուրոյի պետ Արա Ֆիդանյանի հետ:

-Պարո՛ն Ֆիդանյան, այս պահի դրությամբ որքա՞ն անձ է Հայաստանի իրավապահ մարմինների կողմից միջազգային հետախուզման մեջ գտնվում և  հիմնականում ի՞նչ արարքների համար:

-Այս  պահին միջազգային հետախուզման մեջ է գտնվում 315 անձ: Համաձայն միջազգային հետախուզում իրականանցնելու գործընթացը կարգավորող մեր ազգային օրենսդրական դաշտի, ինչպես նաև «Ինտերպոլ»-ի կանոնադրության, միջազգային հետախուզում հայտարարվում է ծանր, առանձնապես ծանր հանցանք կատարած, ինչպես նաև հասարակական հնչեղություն ունեցող գործերով հետախուզման մեջ գտնվող անձանց նկատմամբ:

-Առհասարակ տարվա ընթացքում քանի՞ անձ է  հայտնաբերվում, կա՞ մոտավոր ցուցանիշ:

-Միայն այս տարվա ընթացքում մեր ուղիներով իրականացված միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է 57 անձ, որոնցից 10-ը միջազգային հետախուզման մեջ են գտնվելիս եղել. 10-ն էլ ձերբակալվել են, իսկ 9-ը ենթարկվել են էքստրադիցիայի: Մեկ տարվա ընթացքում գրեթե կայուն իրավիճակ է տիրում միջազգային հետախուզման առումով. ընդհանուր առմամբ 300-ից 320-ի շրջանում է  ընդհանուր միջազգային հետախուզվողների թիվը: Տարվա ընթացքում միջինը 120 անձ է հայտնաբերվում «Ինտերպոլ»-ի միջոցով, որոնցից 30-40-ն են միջազգային հետախուզվողներ լինում, ըստ որում`նրանք ոչ բոլորն են ենթարկվում էքստրադիացիայի. Էքստրադիցիոն  գործընթացը բավական տևական ժամանակ է տևում,  ուստի այնպես չէ, որ 120 հետախուզվողները կամ անգամ 30-40-ը պետք է անպայման ենթարկվի էստրադիացիայի:

-Ի՞նչ դժվարություններ են լինում`կապված էքստրադիցիայի հետ:

-Էքստրադիցիա իրականացնելու համար անհրաժեշտ է մի շարք պայմանների առկայություն, ըստ որում` տարբեր երկրներում  ևս այդ գործընթացի համար տարբեր պայմաններ են առկա: Մասնավորապես,  տվյալ արարքը պետք է հանցագործություն համարվի թե՛ հայցող, և  թե՛ հայցվող պետությունների օրենսդրությամբ, այսինքն՝ թե՛ Հայաստանի օրենսդրությամբ, և թե՛ այն պետության, որտեղ նրանք հայտնաբերվում են: Բացի այդ պետք է նաև տվյալ հանցագործության վաղեմության ժամկետները լրացած չլինեն թե՛ Հայաստանի, և թե՛ այն պետության օրենսդրությամբ, որտեղ նրանք  հայտնաբերվել են: Դրանից ելնելով է, որ ոչ բոլոր անձինք են ենթարկվում էքստրադիցիայի: Իսկ մերժումների կարևորագույն  պատճառներից մեկն այն է լինում, որ այդ անձինք հանդիսանում են նաև այլ երկրների քաղաքացի. մենք միջազգային հետախուզում ենք իրականացնում ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլ նաև Հայաստանի տարածքում հանցանք կատարած, սակայն այլ երկրի քաղաքացի հանդիացող անձանց նկատմամբ:

-Շա՞տ են դեպքերը, երբ միջազգային հետախուզման մեջ գտնվող անձինք հայտնաբերվում են հենց Հայատանի Հանրապետության տարածքում:

Չէի ասի, որ շատ են, բայց նման դեպքեր լինում են:

-Ամենաերկար հետախուզվող անձը որքա՞ն ժամանակ է գտնվում հետախուզման մեջ:

-Եթե չեմ սխալվում, ունենք 1994-ից հետախուզվող անձ, ով սպանության մեջ է մեղադրվում, ըստ որում` բազմիցս հայտնաբերվել է արտասահմանյան երկրներում, հատկապես` վերջին երկու-երեք տարվա ընթացքում, ուղղակի այդ երկրների օրենսդրության համաձայն՝ արդեն լրացած են տվյալ հանցագործության վաղեմության ժամկետները:

-Այսպիսի իրավիճակներում ո՞րն է արդյունավետ ելքը:

-Այս դեպքում  կա երկու տարբերակ. գործը կարող է փոխանցվել տվյալ երկրին, որպեսզի քրեական հետապնդում իրականացվի այդ երկրի տարածքում, և երկրորդ. եթե լրացել են վաղեմության ժամկետները նաև  Հայաստանի օրենսդրությամբ, ապա, տվյալ անձի համաձայնությամբ,  քրեական գործը կարող է կարճվել նաև Հայաստանի Հանրապետության տարածքում, և նրա նկատմամբ հետախուզումը դադարեցնել:

Մարդկանց հայտնաբերումից և Էքստրադիցիայից զատ ի՞նչ այլ կարևոր գործ կառանձնացնեք, որն այս պահին ընթացքի մեջ է:

- Մեզ համար բավականին կարևոր գործ է Այվազովսկու կտավներից մեկի հայտնաբերումը. խոսքը «Մառախուղ» գեղանկարի մասին է, որը Հայաստանի մասնավոր հավաքածուներից գողացվել է դեռևս 1990 թվականին, և 2015-ին կարողացանք այն հայտնաբերել անգլիական MacDougall’s աճուրդի տանը: Կտավը, բնականաբար, հանվեց աճուրդից և հույս ունենք, որ կկարողանանք վերադարձնել: Այս առումով խնդիր կա, որովհետև ներկայիս սեփականատերը կտավը բավականին բարձր գնով է ձեռք բերել,  և, իր տեսանկյունից, ինքը բարեխիղճ գնորդ է, որովհետև այդ կտավը մեկ այլ անձից  ձեռք է բերել օրինական ճանապարհով՝ առանց իմանալու, որ այն գտնվում է միջազգային հետախուզման մեջ: Փորձում ենք  բանակցություների միջոցով վերադարձնել կտավը:

-Ինչպիսին է իրավիճակը միջազգային հետախուզման մեջ գտնվող մեքենաների դեպքում. միջազգային հետախուզման մեջ գտնվող որքա՞ն մեքենա է հայտնաբերվում տարվա ընթացքում:

-Կոնկրետ թիվ դժվար է ասել,  բայց  առհասարակ, մեքենաների հոսքը բավականին շատ է դեպի Հայաստան, և դրանց մեջ շատ են մեքենաները, որոնք այլ երկրների կողմից միջազգային հետախուզման մեջ են գտնվում: Մոտ տասը տարի առաջ՝ 2006-2007 թվականներին 100-ից ավելի այդպիսի մեքենա էր ներկրվել Հայաստան, հետագայում օրենսդրական փոփոխություն եղավ, և այսօրվա դրությամբ այդ մեքենաների թիվը կտրուկ  նվազել է: Այսօր միջազգային հետախուզման մեջ գտնվող որևէ ավտոտրանսպորտային միջոց առանց ստուգման չի մտնում Հայաստանի Հանրապետություն. բոլոր տրանսպորտային միջոցները ստուգվում են մինչ դրանց գրանցումը կամ գրանցվելուց ժամեր անց: Բայց այժմ էլ մեկ այլ խնդիր ունենք. գիտեք, այժմ բավականին տարածված է, այսպես ասած, «ապահովագրական խարդախությունը». երբ, հիմնականում եվրոպական երկրներում ավոտմեքենան վաճառվում է, ընդամենը մեկ ամիս անց, երբ մեքենան օրինական հիմքերով բերվում է Հայաստան, գրանցվում է, մենք ստուգում ենք, տեսնում, որ մեքենան հետախուզման մեջ չի գտնվում, իսկ հետագայում հայտարարվում է հետախուզում. արդյունքում մեքենան վաճառողը ստանում է թե՛ մեքենայի վաճառքի  գումարը  և թե՛ ապահովագրական ընկերության գումարը:  Այդուհանդերձ, փորձում ենք կրկնակի ստուգումների միջոցով պարզել այդ մեքենաների  հետախուզման մեջ գտնվելու հանգամանքը:

Կհիշե՞ք միջազգային հետախուզման մեջ եղած  ամենաշքեղ մեքենան, որ հայտնաբերել եք:

-Բոլոր մեքենաներն էլ հիմնականում թանկարժեք են լինում, քանի որ իրենց արժեքով էժան մեքենաների համար սեփականատերերը չեն դիմի փոխհատուցում ստանալու համար:

-Վերջերս Հայաստանն ընտրվել է  «Ինտորպոլ»-ի եվրոպական կոմիտեի անդամ: Ի՞նչ է դա տալիս մեզ:

-«Ինտերպոլ»-ի եվրոպական կոմիտեն խորհրդատվական մարմին է, որը գործում է ինտերպոլի Եվրոպայի տարածաշրջանի համար: Լինելով խորհրդատվական մարմին այն կազմակերպչական բնույթի հարցերի լուծման առնչությամբ կարևորագույն մարմին է, այսինքն՝ իրականացնում է  Եվրոպայի տարածաշրջանի «Ինտերպոլ»-ի ոլորտում հետագա զարգացման պլանների մշակում, առկա խնդիրների լուծում և այլն: Կոմիտեի անդամ լինելը բավականին կարևոր է Հայաստանի համար այն առումով, որ անմիջական  մասնակցություն ենք ունենում տվյալ խնդիրների լուծմանը, կարգավորմանը, իսկ դուք գիտեք, որ մենք բավական խնդիրներ ունենք մեր հարևանների հետ, և այսպես այդ խնդիրները կարգավորելն ավելի հեշտ կլինի` չնայած մինչ այս էլ կարողանում էինք  արդյունավետ լուծել այդ խնդիրները: Բացի այդ,  դա միանշանակ  Հայաստանի հեղինակություն է, քանի որ նման մարմնում ներկայացված լինելը բավականին պատվաբեր է: Միայն նշեմ այն երկրները, որոնք այսօր Կոմիտեի անդամ են. դրանք են՝ Ավստրիա, Գերամանիա, Նիդերլանդներ, Չեխիա, Անդորա, Բոսնիա, Ֆինլանդիա, այսինքն՝ հիմնականում այն երկներն են, որոնց ոչ միայն «Ինտերպոլ»-ի, այլև ողջ  միջազգային, հատկապես Եվրոպական տարածաշրջանում թելադրողի դեր են ստանձնում: Բավականին բարդ էր Կոմիտեի կազմում ընդգրկվելը. դա արվում  է ընտրությունների միջոցով, բացի մեզնից՝ այլ երկրներ էլ կային որոնք շահագրգռված էին՝ կոմիտեի անդամ դառնալու: Ընդամենը մի երկիր նշեմ՝ Անգլիան, որը չանցավ և մենք ընտրվեցինք:

-Կոմիտեում Դուք եք ներկայացնելու Հայաստանը, որո՞նք են աշխատանքի ընթացքում Ձեզ առավել շատ հուզող հարցերը, որոնք պատրաստվում եք բարձրացնել այնտեղ:

-Առաջին հարցը որ հուզում է, այն խնդիրներն են, որոնք մենք ունենում ենք այլ երկրների հետ կապված: Միանշանակ է, որ որոշ երկրներ «Ինտերպոլ»-ը փորձում են օգտագործել քաղաքական նպատակներով՝ չնայած կանոնադրությամբ դա արգելվում է: Պետք է միանշանակ այս երևույթը բացառել: Լինում են դեպքեր, երբ միջազգային հետախուզում է  հայտարարվում, օրինակ, տնտեսական հանցագործության համար, բայց դրա տակ քաղաքական ենթատեքստ է լինում: Մյուս հարցը, որ միանշանակ կարգավորման կարիք ունի, վերաբերում է երկրների և երկիր- Կոմիտե փոխհարաբերություններին: Ունենք հատուկ չափանիշեր, որոնցով  առաջնորդվում են բոլոր ԱԿԲ-ները: Այսօրվա դրությամբ միանշանակ է, որ այդ չափանիշերը հնացել են և վերամշակման կարիք ունեն.  ժամանակներն  են փոխվել, մոտեցումներ են փոխվել: Բացի այդ, կան նոր հանցագործությունների տեսակներ, որոնց դեմ պետք է քայլեր ձեռնարկել:

Որպես նոր հանցագործություններ՝ մեզ համար առավել վտանգավոր են համացանցի միջոցով կատարվող հանցագործությունները: Ունենք  այնպիսի հանցագործությունների տեսակներ, ինչպիսիք են social engineering-ը, որով, ցավոք, շատ բարդ է իրականացվում համագործակցությունը, որովհետև տարբեր երկրներ ունեն տարբեր մոտեցումներ: Մենք նույնպես այդ խնդիրն ունենք. այնպես չէ որ բոլոր երկրները տարբեր մոտեցումների հետ կապված այդ խնդիրներն ունեն, իսկ մենք՝ ոչ: Օրինակ՝ եթե մեզ հարցում է  ուղակվում  բանկային որևէ հաշիվ ստուգելու կամ բանկային հաշվի տիրոջը ստուգելու, մենք առաջնորդվում ենք մեր օրենսդրությամբ՝ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքով: Այնպես որ՝ եթե գլոբալ առումով փորձենք  կարգավորել այս հարցերը, միանշանակ հանցագործության որոշ տեսակների դեմ պայքարելը շատ ավելի հեշտ կլինի:

Լուսանկարը՝ ոստիկանությանը

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter