
«Կարճ տևեց, բայց մեծ վնասներ տվեց». Ծաղկաշատում կարկուտը վնասներ է պատճառել
Եղանակի տեսությամբ նախատեսված կարկուտն իրեն սպասել չտվեց: Ժամը 14:38-ից մինչև 14:42 րոպեն կարկուտ է տեղացել Լոռու մարզի Ծաղկաշատ համայնքում։ Ինչպես «Հետք»-ին հայտնեց համայնքի ղեկավար Սամվել Թանդիլյանը՝ գյուղում հավկիթի չափ կարկուտ է տեղացել՝ հասցնելով վնասներ։ Գյուղապետի խոսքով ՝վերջին ամիսներին նման մեծության կարկուտ չէր տեղացել, թեև մայիսին երկու անգամ կարկուտ է եկել, բայց ոչ նման ծավալի. «Ոնց ժողովրդական ասացվածքն է ասում՝ կարկուտը ծեծած տեղն ա ծեծում, տուժողը միշտ մենք ենք։ Բոլոր բերքատու ծառերը վնասվել են, տանիքներ են վնասվել, շիֆերներ կոտրվել։ Կարճ տևեց, բայց մեծ վնասներ տվեց»։
Համայնքապետը տեղացած կարկուտի մասին հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությանը և Լոռու մարզպետարանին։ Մարզպետարանից խոստացել են երկուշաբթի այցելել գյուղ, կարկուտի հասցրած վնասները հաշվարկել՝ չնայած ծակաշատցիները դեռևս չեն ստացել մայիս ամսին տեղացած կարկուտի վնասների փոխհատուցում։ Թանդիլյանի տեղեկացմամբ՝ մարզպետարանը դեռ հաշվում է վնասի փոխտուցման չափը։
Մեկնաբանել