HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գայանե Սարգսյան

Վանաձորի հին վերելակները նորով փոխարինելու հարցում քաղաքապետարանը «դեռ ձևավորված մոտեցում չունի»

Լոռու մարզի բազմաբնակարան շենքերում  գրանցված է 178 վերելակ, որից 155-ը գտնվում է Վանաձորում, 23-ը՝ Ալավերդիում: 2016թ.-ին Վանաձորի 155 վերելակներից փորձաքննություն է  անցել 110-ը:  Մնացած 45 վերելակները փորձաքննության չեն ենթարկվել: Ալավերդու 23 վերելակներից փորձաքննություն են անցել միայն  5-ը:

Այս տեղեկությունները «Հետք»-ին է տրամադրել Արտակարգ իրավիճակների նախարարության տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն ՊՈԱԿ-ի Լոռու ու Տավուշի տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի պետ Կարեն Բոյաջյանը։  Նա չի բացառում, որ փորձաքննություն չանցած վերելակներից մի քանիսը մարդիկ նորոգած ու շահագործելիս լինեն:

«Փորձաքննություն իրականացնելու համար համատիրությունները պետք է մեզ դիմեն,  պայմանագիր կնքեն, գումար  վճարեն, որից հետո միայն  մենք գնում ենք փորձաքննություն անցկացնում: Եթե մեզ չդիմեն, մենք իրավունք չունենք գնանք փորձաքննություն անցկացնենք»,- ասում է բաժնի պետը:

Լոռու մարզի տարածքում գտնվող վարչական շենքերում գրանցված է թվով 21 վերելակ, որից 14-ը Վանաձորում, 7-ը՝ Ալավերդիում:

Առանց փորձաքննության` գործող վերելակների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմինը արտակարգ իրավիճակների նախարարության  Լոռու մարզային հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունն  է:

«Նման դեպքեր հայտնաբերելու դեպքում տեսչությունը պետք է կարգադրագիր կիրառի, տուգանի ու թույլ չտա` շահագործեն վերելակը, մինչև փորձաքննություն չանցնի»,- ասում է Կ. Բոյաջյանը, հավելելով, որ վերջին երեք տարիներին, սակայն, վերելակների մասով նման նախադեպ Լոռու մարզում չի գրանցվել:

Փորձաքննություն իրականացնելու ընթացքում փորձագետը որևէ խնդիր չհայտնաբերելու դեպքում տալիս է դրական եզրակացություն, որոշակի խնդիրների առկայության դեպքում կազմում է թերությունների վերացման միջոցառումների ծրագիր-ժամանակացույց, իսկ տեխնածին վթարի վտանգ պարունակող թերությունների դեպքում` տալիս բացասական եզրակացություն, ինչը նշանակում է, որ տվյալ վերելակը չի կարող գործել:

Կարեն Բոյաջյան Մելանյա Հակոբյան

Բաժնի փորձագետ Մելանյա Հակոբյանի խոսքով 2016թ.-ին բացասական եզրակացություն է տրվել Վանաձորի երկու՝ Աղայան 74/2 և Ուսանողական 4 շենքերի վերելակների համար: Ըստ մասնագետի` որոշ ժամանակ անց, սակայն, առկա թերությունները վերացրել են, ու կրկնակի փորձաննության արդյունքում տրվել է դրական եզրակացություն:

Մասնագետի խոսքով` Վանաձորի վերելակների 40 ու ավելի տոկոսի դեպքում միանգամից դրական եզրակացություն տալ չի հաջողվում. ստիպված է  լինում կազմել թերությունների վերացման ժամանակացույց: 

2017թ.-ին Մ. Հակոբյանն արդեն իսկ փորձաքննության է  ենթարկել մի քանի համատիրությունների սպասարկման տարածքում գտնվող  վերելակներն ու ստացել այսպիսի պատկեր. թերությունների վերացման համար ժամանակացույց է կազմել «Ուսանողական» համատիրության փորձաքննված 12 վերելակներից 12-ի , «Կենտրոնի»  7-ից` 7-ի, «Ցալկուտի» 13-ից` 13-ի, «Նիմուսի» 2-ից` 2-ի, «Բուրաստանի» 3-ից` 3-ի, «Դիմաց-ից»՝ 3-ից 3-ի համար:

Քաղաքի վերելակների ընդհանուր վիճակը փորձառու մասնագետը գնահատում է միջին:
«Շատ լավ ու բոլորիս համար ավելի անվտանգ կլինի, որ վերելակները փոխեն, փոխարինեն նոր վերելակներով»,- ասում է Կ. Բոյաջյանը

Վանաձորի բազմաբնակարան շենքերի վերելակների սպասարկումը հիմնականում իրականացվում է համապատասխան դասընթացն անցած ու վկայական ստացած անհատ մասնագետների կողմից: Շենքերից յուրաքանչյուրը նրանց վճարում է ամսական միջինը 5 000 դրամ, փոխարենը նրանք որպես վերելակների տեխնիկական վիճակի պատասխանտուներ պարտավորվում են  մշտական հսկողության տակ պահել վերելակը:

Լոռու և Տավուշի տեխնիկական անվտանգության բաժնի պետ Կարեն Բոյաջյանի կարծիքով, սակայն, նախընտրելին ոչ թե անհատների, այլև համապատասխան կազմակերպությունների հետ պայմանագրի կնքումն է, ինչի նախադեպն արդեն իսկ կա այլ մարզերում:

Վանաձորի Վարդանանց 86 շենքի բնակիչ Հենրիկ Գրիգորյանը գոհ է իրենց շենքի վերելակի սպասարկումից: Վերջինս թեև չի օգտվում վերելակից, սակայն շատ ուշադիր է վերելակի շահագործման նկատմամբ: Ասում է՝ շենքի վերելակը հազվադեպ է խափանվում:

Շենքի շքամուտքերից մեկի վերելակը փորձարկեցինք ինքներս: Այն թեև գտնվում էր բավականին անհրապույր վիճակում, սակայն մեզ ապահով տեղափոխեց հարկից հարկ:

Մովսես Խորենացի փողոցի 1-ին Գ-ի 2-րդ շենքը, թեև 80-ականների վերջին է շահագործման հանձնվել, սակայն  վերելակը մեկ տարի առաջ են գործարկել:

«Երկրաշարժը որ եղավ, շենքը նոր-նոր էին շահագործման հանձնելու: Երկրաշարժից հետո վախեցան, 9 հարկանի շենքի վերևի 3 հարկը հանեցին, շենքը ամրացրին ու ասին՝ 6 հարկանիում չի կարելի աշխատացնել»,- հիշում է շենքի հնաբնակներից Վոլոդյա Եթիմյանը:

Մեկ տարի առաջ, սակայն, հենց ինքն է դիմել Վանաձորի քաղաքապետ Սամվել Դարբինյանին` վերելակը շահագործելու խնդրանքով: Քաղաքապետն էլ չի մերժել:

«Մեր վերելակն ընտիր ա: Շահագործվելու ընթացքում դեռ չի խափանվել»,- ասում է զրուցակիցս ու ցույց տալիս վերելակի բարեկարգ սրահը:

Ինչ վերաբերում է քաղաքի հնամաշ վերելակներին, որոնցից ամենահինն արդեն 48 տարեկան է, Վ. Եթիմյանը վստահ է՝ պետք է փոխվեն:

«Մարդը որ մեծանում ա, մեռնում ա,  չէ՞: Տակից թոռները գալիս են փոխարինելու: Հիմի վերելակներն  էլ են մեծացել, պետք է փոխվեն»,- ասում է նա:

Վանաձորի քաղաքապետարանում, վերելակները նորով փոխարինելու հարցում, դեռևս հստակ մոտեցում չունեն:

«Մեծ գումարներ պետք է ներգրավվի, վարկային միջոցներ: Երևանում փորձում են հիմա վարկային միջոցներով լուծել այդ հարցը: Մենք առայժմ դրա վերաբերյալ ձևավորված մոտեցում չունենք: Այսօր տարբեր խնդիրների համար բանակցությունների մեջ ենք, երբ որ վարկային միջոցների աղբյուրը գտնենք, կաշխատենք, որ միջոցների մի մասն էլ ուղղենք վերելակներին»,- ասում է Վանաձորի քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը:

Վերջինիս խոսքով մեկ վերելակի վերանորոգման կամ վերականգնման համար 1,5-5 մլն դրամ կարող է պահանջվել՝  կախված վերելակի վիճակից ու թալանվածության աստիճանից:

«Կան վերելակներ, որ երկրաշարժից հետո բնակիչների կողմից ամբողջությամբ թալանավել են: Բազումում այդպիսի շատ վերելակներ կան, դրանց վերկանգնումը շատ մեծ թվերի հետ է կապված, որին, բնականաբար, միանվագ համայնքն էլ չի տիրապետում»,- նշում է  քաղաքապետը:

Վերջին 6 տարիների ընթացքում Վանաձորում վերանորոգվել է 20 վերելակ, որից 11-ը պետբյուջեի միջոցներով նորոգվել է դեռևս 2011թ.-ին: 2011թ-ից մինչ այժմ պետբյուջեից վերելակների նորոգման համար որևէ հատկացում չի կատարվել:

2012թ.-ին համայնքի ու շենքի համասեփականատերերի համատեղ ներդրմամբ նորոգվել է 5, 2013-2015թթ.-ներին՝ 1-ական վերելակ: 2016թ.-ին նորոգվել է 1 վերելակ, այն էլ շենքի բնակիչների կողմից արված ներդրումների արդյունքում:

Վանաձորում վերելակների հետ կապված դժբախտ դեպքերից վերջինը գրանցվել է 16-17 տարի առաջ: Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների ու բնակարանային տնտեսության բաժնի պետի տեղակալ Գարիկ Մատինյանը դժվարացավ հստակ նշել, դժբախտ դեպքը 2000, թե 2001թ.-ին է գրանցվել:

Դժբախտ դեպքը գրանցվել էր քաղաքի ծայրամասային Բազում թաղամասում, որի հետևանքով մահացել էր մեկ երեխա:

Մեկնաբանություններ (1)

Seda
Վերջինը Աղայան փողոցում է եղել մի քանի օր առաջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter