HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Աքորիում խոշորացումից հետո, վնասից բացի, օգուտ չեն սպասում

Աքորիում անհանգիստ են։ Մինչև տարեվերջ կառավարության խոշորացման ծրագրով Ալավերդի համայնքային փնջում պետք է խոշորացվեն Ալավերդի, Աքորի, Կաճաճկուտ, Ջիլիզա, Ծաղկաշատ, Հաղպատ համայնքները: Խոշորացման ծրագիրը աքորցիները գյուղի համար սպառնալիք են համարում։

«Մենք էլ ենք մարդիկ, մենք էլ ենք տելեվիզոր մտիկ անում, հմի ուզում են գլխներիս տան: Չտենա՞նք ոնց դեմ անենք գլուխներուս, որ մինիմում վնասվենք: Ուզում են քանդեն մեր գյուղը: Մենք մտածում ենք ինչ անենք, որ իշխանության էդ հարվածից քիչ վնասներ կրենք»,-բացատրում է Վրույր Սիմոնյանը: 

Գյուղապետ Հրահատ Սիմոնյանի խոսքով, գյուղացիները նկատում են, որ խոշորացման դեպքում Աքորիում ծառայությունների որակն ընկնելու է: Համայնքի  2017թ.-ի 78 մլն դրամ բյուջեից այս տարի միայն 13 մլն դրամ նախատեսվել է գյուղի փողոցների ասֆալտապատման համար: Մանկապարտեզին 4 մլն դրամ փող է հատկացվել,  վերանորոգվում է:  Հակակարկտային կայան են առնելու մեկ հատ, գյուղի փողոցների փոսային ու ջրահեռացման ցանցերի նորոգումներ են կատարվելու: Կառավարությունն առաջարկել  է Ալավերդի համայնքային փնջում խոշորացված համայնքն անվանել Հաղպատ: «Անպայման  գյուղի մուտքի վրա մեր Լալվարի քարով Աքորի ենք գրելու: Ուզում ենք Աքորին նշենք, քանի որ  մտածում ենք` խոշորացված համայնքը առաջարկվել է Հաղպատ  կոչել, չենք ուզում մեր գյուղի անունը ջնջվի: Ավագանու հավանությանն է արժանացել մեր այս գաղափարը»,- պատմեց  Հրահատ Սիմոնյանը:

Գյուղապետի խոսքով, թե ինչ է սպասվում խոշորացվող գյուղական համայնքներին, կարելի է  տեսնել  1967թ.-ին Ալավերդուն միացած և գյուղական թաղամաս դարձած 600 բնակիչ ունեցող Ակներ գյուղի վիճակը. «Եթե նույնիսկ «Ջիպը» չի կարողանում անցնի Ակների ճանապարհով, նրան էլ ինչ  քաղաքի թաղամաս կարելի է կոչել»,-նկատում է Հ. Սիմոնյանը: 

Հիշեցնենք, որ վերջին 9 տարիներին Ալավերդու քաղաքապետերի կողմից մոտ 30 մլն դրամ է ծախսվել Ակների ջրամատակարարման համար, բայց գյուղն առ այսօր խմելու ջուր չունի: «Գյուղապետի իմ պաշտոնավարման անցած 5 տարիներին, չգիտեմ, ճիշտ եմ արել, թե սխալ, մի թիզ հող անգամ չեմ օտարել: Մեր գյուղացիներն անհանգստանում  են Աքորիի «Տափի դուզ» հանդամասի հողերի համար: Մտածում են՝ ալավերդցու համար լավ դաչի տեղ ա, ինչու չեն օտարի որ: Արժեքներ կան, որ երկար պահպանելուց հետո չգիտես դրա ճակատագիրը ոնց կլինի»,-բացատրում է  Հրահատ Սիմոնյանը:

Աքորցիները նշում են խոշորացումից հետո Աքորիին սպառնացող այլ վտանգների մասին: «Գյուղի բյուջեն խոշորացված համայնքի քաղաքապետը տի օգտագործի, աքորեցին մնալ տի փորուփոշման: Աքորու ճամփեքին սաղ լատոկնի տի ըլի, ո՞վ տի վերանորոգի: Ալավերդու  քաղաքապետարանը սկի քաղաքի  ճանապարհներին չի գործ անում, Աքորու համար կանի՞: Իրա օրում չի անի: Ի՞նչ ա նշանակում խոշորացումը: Դա նշանակում է  ստիպել մարդկանց  երկիրը թողնեն, գնան: Ղեկավարնին ասում են՝ մենք ստեղ հերիք ենք, առանց Ձեզ էլ կապրենք»,- ասում է Ռազմիկ Պողոսյանը: 

Նրա խոսքով, աքորցիների 20-30 տոկոսը «խոպանից» է փող բերում ընտանիքը պահելու համար, 20 ընտանիք էլ անասնապահությամբ է զբաղվում, մի էդքան էլ բանջարով, մոշով, ազնվամորով  են «յոլա գնում», սակայն համոզված են՝  եթե Աքորին միացրին Ալավերդուն, դառնալու են աղքատներից ամենաաղքատը: «Գլխի ենք, որ դա մեր ուզելով չի, դա կառավարության կամքն ա»,- ասում է Ռազմիկ Պողոսյանը:

Խորեն Սիմոնյանի խոսքով, Աքորիի գյուղապետը գյուղի ասֆալտի գործը կարգավորած պահում է. «Էսօր մեր գեղի  ճամփեքը Ալավերդու ճամփեքից լավնա: Խոշորացումից հետո նույնն էլ մեր ճամփեքը տի լինի»:  Խորենը համոզված է, որ Աքորիի հարցերը կարող է լուծել միայն Աքորիի գյուղապետը:

«Ավելի ճիշտ կլիներ շրջկենտրոնները վերականգնեն, քան համայնքները միացնեն: Մանկապարտեզները, դպրոցները միանգամից անցնի ժողկրթբաժնին, նրանց բյուջեն կենտրոնացված գա, գյուղապետարանները մնան նույնը՝ իրենց հարկերով հավաքագրված  բյուջեն ծախսեն գյուղի զարգացման համար»,- առաջարկում է Վրույր Սիմոնյանը: «Խորհրդային տարիներին էդպիսի ճանապարհ չենք ունեցել, ինչ անկախության  վերջին տարիներին: Հիմա ավելի լավ են աշխատել, ավելի լավ են մեր գյուղի ճանապարհները ասֆալտել: Կառավարությունում իրիկունը քնում են, մի հատ նախագիծ են մտածում, առավոտը ասում են՝ էսենց տենք անիլ: Գեղացին ով ա, որ գեղացու ասածներին հաշվի առնեն»,-դժգոհեց գյուղացիներից մեկը:

Արտագնա աշխատանքով ապրող աքորցիները հոգնել են արտագնա աշխատանքի մեկնելուց: Վերջին տարիներին շատ թե քիչ բարեկարգված գյուղը նրանց ավելի հրապուրիչ է թվում աշխատելու համար:

Հրանտ Դավոյանն արդեն 24 տարի արտագնա աշխատանքի է գնում: Նրա ասելով՝ հնար չկա էստեղ, աշխատանք չկա, ձեռքն ու ոտքն առողջ մարդ է, ուզում է աշխատել. «Թող աշխատատեղ բաց անեն էս զահրումար տեղը, որ պետության բյուջեն էլ փող մտնի, բյուջեից էլ փող դուրս գա: Աշխատենք, աշխատավարձ էլ տան, իրիկունը սիրուն գամ իմ տանը ընտանիքիս գխին լինեմ, հանգստանամ, շաբաթ-կիրակին էլ իմ բախչումը գործ անեմ:  Ինձ հաճելի չի, որ իմ ընտանիքը բրախեմ, գնամ»,-ասում է Հրանտը: Վռամ Գալստյանն էլ  Հրանտին հիշեցրեց, թե  Ռուսաստան գնալու պատճառով գյուղում շատ տուն  է քայքայվել:

«Խոպան գնացողնին գնում են էնտեղ  քուլփաթ են ստեղծում, մնում, ոչ կոպեկ են ուղարկում, ոչ բան: Տղամարդը Ռուսաստան գնաց էդ ձևի է լինում»,- նշեց Վռամը:

«Խի ա քայքայվել, արա: Մարդիկ էնտեղ էլ ընտանիք պահեին»,-բարկացավ Խորենը:

«Էս համայնքների խոշորացման հարցով ես կուզեմ մեր գեղը առանձին ըլի»,- շարունակում է Վռամը:

Երիտասարդ Գրիգոր Մարտիրոսյանը, ով գյուղամիջում կանգնած տաքսիներից մեկին հենված լսում էր գյուղի տղամարդկանց զրույցը, միջամտեց խոսողներին. «Ինչքան ուզում եք էստեղ կանգնենք, ասենք՝ չէ, չենք  ուզում, մեկա՝ իրանք իրանց ուզածն անիլ տեն»: 

Հանրապետական  կուսակցության անդամ Վրույր Սիմոնյանը խոշորացման հարցում մեղադրեց իր կուսակցությանը, թե սխալ որոշում է կայացվել: Ասածն էլ հիմնավորեց. «Հիմա Թումանյան քաղաքին մի հատ «Կամազ» ավտոմեքենա, էքսկավատոր են տվել, մի հատ էլ աղբահան մեքենա են տվել, չէ՞: Դրանք Թումանյան քաղաքում տարել են կանգնեցրել, աթանեցու ինչին է պետք նրա կամազն ու էքսկավատորը, որ ճամփեն փակ ա, կարում չի ոչ սարը գնա, ոչ քաղաք: Մինչև խոշորացված համայնքի մեջ մտնելը Աթանի  գյուղապետը  մի երկու ավտո  հող լցներ, ճամփեն դզեր, ժողովուրդը ճանապարհով դուրսվիտուն աներ»:

 

«Թողան մեր եկամուտները մեր գյուղի վրա ծախսվի: Փողն Ալավերդուն են տալու, մի  երկու տարի եդը Ալավերդու քաղաքապետի  ինչին տի պետք լինի, որ գա  մեր սարի ճամփեն սարքի: Բայց հիմա մեր բյուջեով  մեր  գյուղապետը սարի ճամփեն սարքում ա: Խոշորացումից մենք լավ բան չենք սպասում, չէ: Ալավերդին թող մեր գյուղին միացնեն էլի»,- առաջարկեց Հրանտ Դավոյանը:

«Եթե մենք չմիանանք, մեր բյուջեի փողերը կծախսենք, եկող տարի  գեղի ճամփեքի կեսից շատը մաքուր ասֆալտ կանենք: Աքորի բարձրացող ճանապարհը քաղաքի տարածք է , 15 տարի Ալավերդու քաղաքապետարանին խնդրում էինք ասֆալտ անեն՝ չէին  անում: Էդ ճանապարհն  անցյալ տարի մարզպետի միջամտությամբ են ասֆալտել»,-ասում է Վրույրը: «Իրենք ամենասխալը էն են անում, որ խոշորացումը բռնի են անում»,- նկատեց Ռազմիկը:

Ռաֆիկ Սիմոնյանի կարծիքով, խոշորացված համայնքի ղեկավարը Աքորիի բյուջեի եկամուտները մի տեղից կուտի ու վերջ: «Ալավերդու Փիրուզյան թաղամասում էս երեք տարի է՝ մի շենքի գլուխ քամին տարել է, երկու տարի է կռիվ, ղալմաղալ է, կարում չեն սարքեն: Քաղաքապետարանը բնակիչներին ասում է՝ մենք փող չունենք, դուք փող հավաքեք, վերանորոգեք: Էդ Ալավերդու քաղաքապետը իրեն էդ չարած գործերը բրախիլ տի, գա Աքորի սարի ճամփեն ասֆալտ անի՝ որ մենք սարը գնանք: Դա ով կպատկերացնի: Զոռով էնենց անում են, որ ժողովուրդը տգիտության մեջ մնա: Ժողովուրդն, ինքն էլ հասկացած է ինչ է կատարվում, գյուղումը` ստեղ, էնտեղ գիշեր-ցերեկ  հավաքված՝ բանուգործ թողած, սոված ժողովուրդ են, մտածում են ինչ պետք է լինի գյուղի վիճակը»,-ասում է Ռաֆիկ Սիմոնյանը:

«Մեր ժողովրդի փորը սոված ա, եթե կուշտ փորով ըլեն, կարալ չեն դեմներն առնեն: Բայց էնքան բրախում են, որ միջանկյալ սոված էլ մնան: Բա իհարկե, սոված մարդուն կառավարելը քանիսումն ա: Սոված մարդը խեղճ ա լինում, խո նորություն չի»,-բացատրեց Ռազմիկ Պողոսյանը: 

Մեկնաբանություններ (2)

Արմեն
Աքորին գնալով զարգանումա ու կողքի գեղացիք արդեն ասումեն թե Բոմբեյնա դառել,ինչեն ուզում ես գեղի քայքայման ծրագիրնելա պատրաստ,վերջ:
Սհակ
Էլ ընչի հեռու գնանք, հրեն մոտկորի գյուղերն ինչ խերվեցին միացումից որ Աքորվեցին ընչի սպասի: Իրանք էլ լավ գիտեն որ խոշորացումը մենակ վնաս ա բերում բայց իրանց էշը քշում են գյուղացուն մարդատեղ չեն դնում: Ուրեմը մի փորացավ ունեն որ մեր տունը քանդում են, ուրիշ ինչ կարելիա մտածել սրա վրա:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter