
Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի Հանրապետությունը պետություն է, և ինքն իր սահմանները պիտի որոշի
Միջազգային իրավունքի տեսանկյունից Արցախի Հանրապետությունն այսօր արդյո՞ք պետություն է: Այս հարցը, թերևս, ամենակարևորն է Արցախի հիմնահարցի կարգավորման գործընթացում: Ուստի, սույն հոդվածում կփորձեմ հնարավորինս կարճ ու ընթերցողին մատչելի լեզվով ներկայացնել այն:
Պետություն լինելու նախապայմանների քննարկման սկիզբ պիտի ընդունել «Պետությունների իրավունքների և պարտականությունների մասին» Մոնտեվիդեոյի 1933թ. պայմանագիրը, որի 1-ին կետում հստակ նշված է՝ «որպես միջազգային իրավունքի մարմին՝ պետությունը պիտի ունենա հետևյալ որակավորումները՝ ա) մշտական բնակչություն, բ) հստակ տարածք, գ) կառավարություն և դ) ուրիշ երկրների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն (Art. 1 of the Montevideo Convention on Rights and Duties of States 1933: The state as a person of international law should possess the following qualifications: (a) a permanent population; (b) a defined territory; (c) a government; and (d) capacity to enter into relations with other states):
Արցախի հանրապետությունն ունի մշտական բնակչություն: «Մշտական բնակչություն» չի նշանակում ֆիքսված թվով բնակչություն, այլ քիչ թե շատ մշտական կերպով տվյալ տարածքի հետ կապված բնակչություն (some population linked to a specific piece of territory on a more or less permanent basis): Western Sahara Case 1975 ICJ-ում Միջազգային դատարանը որոշեց, որ այդ տարածքի վրա գտնվող նոմադական ցեղերը «բնակչություն» էին Արևմտյան Սահարայի համար: Ըստ այդմ՝ Արցախի ազատագրված տարածքներն էլ այսօր de facto և՛ de jure (հայ) բնակչություն ունեն: Հստակ չէ, թե բնակչությունն արդյո՞ք տեղաբնակ (indigenous) պիտի լինի: Այս հարցը կարևորություն է ստանում հատկապես այն ժամանակ, երբ տվյալ տարածքի բնակչությունը ցանկանում է ինքնորոշվել (օտար լծից, ինչպես Արցախի դեպքում է): Ընդունված է այն տեսակետը, որ տեղաբնակ (indigenous) բնակչությունն ինքնորոշվելու ավելի մեծ հնարավորություն ունի: Պատահական չէ, որ Ադրբեջանն Արցախի հայ բնակչությանը փորձում է ներկայացնել որպես «եկվորներ»:
«Հստակ տարածք» չի նշանակում de jure ֆիքսված-ճանաչված սահմաններ: Այսօր ՄԱԿ-ի անդամ շատ երկրներ de jure ֆիքսված-ճանաչված սահմաններ չունեն: «Հստակ տարածք» նշանակում է հարևաններից հստակ անջատ ֆիզիկական տարածք (A state must have some definite physical existence that marks it out clearly from its neighbours): Արցախի Հանրապետությունն ունի հստակ տարածք:
Կառավարությունը պետության միջազգային իրավունքների և պարտականությունների հիմնական պատասխանատուն է: Կառավարությունն արդյունավետ պիտի լինի տվյալ հստակ տարածքում և պիտի կարողանա վերահսկողություն իրականացնել տարածքի մշտական բնակչության հանդեպ: Արցախի Հանրապետությունն ունի կառավարություն:
«Ուրիշ երկրների հետ հարաբերություններ հաստատելու կարողությունը» ամենաշատ բարդություններն է առաջացնում: Ենթադրվում էր, որ տարածքը պետություն չէր կարող համարվել, եթե այն ուղղակի կամ անուղղակի մեկ այլ պետության հսկողության տակ էր: Բայց սա ոչ իրատեսական մոտեցում է, որովհետև այսօր համարյա երկիր գոյություն չունի, որն այս կամ այն չափով կախված չլինի մեկ այլ երկրից (լինի դա ֆինանսական, ռազմական, թե քաղաքական կախվածություն): Առավել ճիշտ մեկնաբանությունն, ուստի, այն է, որ «ուրիշ երկրների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն» նախապայմանը նշանակում է, որ տարածքը de jure ինքնուրույնություն պիտի ունենա (այլ ոչ de facto ինքնուրույնություն): Արցախի Հանրապետությունն ունի de jure ինքնուրույնություն, ուստի այն «ուրիշ երկրների հետ հարաբերություններ հաստատելու կարողություն» ունի:
Այսպիսով՝ Արցախի Հանրապետությունն այսօր Մոնտեվիդեոյի 1933 թ. պայմանագրի առաջին կետի բոլոր 4 նախապայման-որակավորումներին համապատասխանում է:
Միջազգային իրավունքի տեսանկյունից պետություն լինելու մյուս նախապայմանն այն է, որ տարածքն օրինական կերպով անջատված-առանձնացած պիտի լինի: Անօրինական կերպով առանձնացած տարածքը, ըստ միջազգային իրավունքի, պետություն չէ (բացառությամբ այն դեպքում, երբ այն, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի անդամ է դառնում):
Բանգլադեշի օրինակն ամենացայտունն է: Այն, որպես «Արևելյան Պակիստան», Պակիստան պետության մաս էր, երբ 1971թ. հնդկական զորքերն այնտեղ մտան՝ Արևելյան Պակիստանում բռնկված ներքին լուրջ խմորումներին վերջ տալու համար, որի պատճառով էլ «Բանգլադեշ» պետությունը ստեղծվեց, որը մեկ տարի անց, այնուամենայնիվ, ՄԱԿ-ի անդամ դարձավ: Մինչև ՄԱԿ-ի անդամ դառնալը Բանգլադեշը պետություն չէր, որովհետև անօրինական ճանապարհով (զենքի ուժով) էր անջատվել:
Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունն (ՀԿԹՀ) էլ է անօրինական ճանապարհով անջատվել 1974 թ. թուրքական զորքերի Կիպրոս ներխուժման միջոցով: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2 բանաձևեր (541 (1983 թ.) և 550 (1984 թ.)) հստակորեն ժխտել են ՀԿԹՀ-ի՝ պետություն դառնալու հնարավորությունը՝ անօրինական ճանապարհով անջատվելը հիմնավորում ընդունելով:
Շվեյցարիան, մյուս կողմից, ՄԱԿ-ի անդամ է դարձել միայն 2002 թվին: 2002 թվից առաջ էլ այն, բնականաբար, պետություն էր:
ՄԱԿ-ի անդամ չլինելու հանգամանքը չի նշանակում, որ Արցախի Հանրապետությունը պետություն չէ: Ոչ էլ այլ պետություննների կողմից չճանաչված լինելն է դա նշանակում: Արցախը / ԼՂԻՄ-ը օրինական կերպով է անջատվել-առանձնացել Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ այդ ժամանակ գործող ԽՍՀՄ օրենքներին համապատասխան: Սա չափազանց կարևոր փաստարկ է, որը հայկական կողմն ամենուր պիտի շեշտադրի: Ընդունված է նաև այն տեսակետը, որ ինքնորոշվել ու առանձին պետություն կարող են դառնալ այն ժողովուրդները, որոնք մայր պետության մեջ տարածքային միավոր ունեն, ինչպես ԼՂԻՄ-ն էր Ադրբեջանական ԽՍՀ-ում (peoples enjoy the right of self-determination as a step to statehood if linked to a pre-existing territorial unit):
Ազգերի ինքնորոշման ու երկրների տարածքային ամբողջականության փոխհարաբերակցության մասին մանրամասն գրել եմ «Հետք»-ում տպագրված իմ «Կոսովոն, Ղրիմն ու Ղարաբաղը՝ միջազգային իրավունքի տեսանկյունից» հոդվածում:
Այսպիսով՝ միջազգային իրավունքի տեսանկյունից, Արցախի Հանրապետությունն այսօր առանձին (de facto և՛ de jure) պետություն է, ու իր սահմաններն ինքը պիտի որոշի (ինչպես ցանկացած այլ պետություն): Արցախի Հանրապետության սահմանների վերաբերյալ ցանկացած փաստաթուղթ, առանց Արցախի Հանրապետության օրինական-լիազորված ներկայացուցչի ստորագրության, անօրինական է միջազգային իրավունքի տեսանկյունից: Նույնը վերաբերում է Արցախի Հանրապետությունում խաղարարարների տեղադրմանը:
«Հող՝ կարգավիճակի դիմաց»-ը քաղաքական կարգախոս է, այլ ոչ իրավական: Ինչպես սույն հոդվածում արդեն ցույց տվեցի, Արցախի Հանրապետությունն այսօր իրավական կարգավիճակ ունի. այն օրինական կերպով ձևավորված առանձին պետություն է:
ԵԱՀԿ Մինսկի խումբն ու ցանկացած այլ երկիր կամ կազմակերպություն կարող են միջնորդել՝ Արցախի հիմնախնդիրը խաղաղ կերպով կարգավորելու նպատակով, բայց դա այլևս երբեք Արցախի Հանրապետության իրավական կարգավիճակին չպիտի վերաբերի, որովհետև վերջինիս իրավական կարգավիճակն արդեն հստակ է:
Վարազ Սյունի
Ամստերդամ, 12.06.2017
Մեկնաբանություններ (7)
Մեկնաբանել