
Լոռու վարչական վերահսկողության հանձնաժողովը չի արձանագրել Շենավանի ավագանու խախտումները
Գայանե Սարգսյան
Վերջին տարիներին Լոռու մարզի Շենավան համայնքում ավագանու անդամները մասնակցել են իրենց ու իրենց հարազատներին վերաբերող օրակարգային հարցերի քննարկմանը` կողմ քվեարկելով իրենց ֆինանսապես աջակցելու մասին հարցերին: Այս կերպ, ինչպես և Լոռու մարզի մի շարք համայնքներում, Շենավանում ավագանին խախտել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ կետը, ըստ որի` «ավագանու անդամը պարտավոր է չմասնակցել ավագանու այն որոշման քվեարկությանը, որն առնչվում է իր, իր ընտանիքի անդամների ու մերձավոր բարեկամների՝ ծնող, քույր, եղբայր, երեխա շահերին»:
Մասնավորպես` 2016թ. մայիսի 10-ին ավագանու թիվ 8 որոշմամբ 140.000 դրամի չափով սոցօգնություն է տրամադրվել համայնքի թվով 11 ընտանիքների: Ավագանու անդամ Գագիկ Մովսիսյանը կողմ է քվեարկել իրեն 20.000 դրամի չափով սոցիալական օգնություն հատկացնելու մասին հարցին:
Նույն որոշմամբ ավագանին չի զլացել ու 10.000 դրամ էլ հատկացրել է նիստից բացակայող գործընկերոջը՝ Համլետ Վարազդատի Դունամալյանին:
Իրենք իրենց աջակցելու հարցում ակտիվ են եղել նաև համայնքի նախորդ գումարման ավագանու անդամները: 2015թ. դեկտեմբերի 17-ի թիվ 18 որոշմամբ ավագանու անդամ Իվան Դունամալյանը և Մարզպետունի Դունամալյանը կողմ են քվեարկել իրենց 10.000-ական դրամի չափով սոցիալական օգնություն տրամադրելու մասին հարցին:
Քվեարկությանը չեն մասնակցել համայնքի ավագանու մյուս երեք անդամները, սակայն դա չի խանգարել, որ ներկա գործընկերները ֆինանսական օգնություն հատկացնեն նաև նրանցից երկուսին՝ Հրայր Միրզոյանին և Համլետ Դունամալյանի կնոջը՝ Զինա Դունամալյանին:
Այսինքն, ավագանու որոշմամբ սոցիալապես անապահով համարված ու ֆինանսական աջակցություն ստացած թվով 8 ընտանիքներից գոնե 4-ը ավագանու անդամներն են կամ նրանց ընտանիքի անդամները:
2015թ. հուլիսի 28-ին էլ ֆինանսական օգնություն է ստացել ավագանու անդամ Հրայր Միրզոյանի որդին՝ Հովհաննես Միրզոյանը: Հայրն էլ իր ստորագրությամբ տվել է համաձայնությունը` որդուն 10.000 դրամի չափով աջակցելու:
Սրանք նախորդ գումարման ավագանու թույլ տված խախտումերից են: Վերջին՝ 2016թ. հոկտեմբերի 2-ին կայացած ընտրությունների արդյունքում Շենավանում ձեւավորվել է ավագանու նոր կազմ, որում ներգրավվել են նախորդ գումարման ավագանու անդամներից էլ: Հին ու նոր ավագանու անդամներն էլ շարունակել են մինչ այդ ձևավորված ավանդույթը` շարունակելով համայնքի բյուջեի սուղ միջոցներից գումարներ հատկացնել իրենց ընտանքիներին:
Այսպես, 2016թ. նոյեմբերի 22-ի թիվ 25 որոշմամբ ավագանին ընդհանուր 100.000 դրամի չափով ֆինանսական օգնություն է հատկացրել 8 բնակչի: Բնաբնակ ավագանու անդամ Հրայր Միրզոյանն այս դեպքում էլ կողմ է քվեարկել իրեն 10.000 դրամի չափով աջակցելու հարցին:
2016թ. դեկտեմբերի 20-ի թիվ 27 որոշմամբ էլ ավագանու անդամները տարեվերջյան աջակցությամբ եզրափակել են տարին` իրենք իրենց հատկացնելով գումար համայնքի բյուջեից: Ավագանու անդամներ Պարույր Կարապետյանը, Ստյոպա Կարապետյանը համաձայնել են իրենց աջակցել 10.000-ական, համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայող Գեղեցիկ Աթիկյանի ամուսին Ռազմիկ Սարգսյանին՝ 15.000 դրամի չափով:
Մեզ հետ զրույցի ժամանակ Շենավանի համայնքապետ Գարուշ Դունամալյանը չժխտեց, որ ավագանու անդամները որոշումներ են ընդունել ու կողմ քվեարկել իրենց ու համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների ընտանիքներին ֆինանսապես աջակցելու հարցին` դա պատճառաբանելով օրենքի չիմացությամբ:
2017թ. առաջին եռամսյակում Լոռու մարզպետարանի վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովը ստուգում է իրականացրել այս համայնքում ու ավագանու որոշումներում սոցօգնության հատկացումների գծով որևէ խախտում չի հայտնաբերել` ավագանու գործառույթներին վերաբերող հարցաշարում արձանագրելով, որ օրենքի այդ կետը ՊԱՀՊԱՆՎԱԾ Է:
Մայիսի 29-ին անցկացված Լոռու մարզխորհրրդի նիստի ընթացքում անդրադառնալով այս խախտումների վերաբերյալ «Հետքի» նյութերին` Լոռու մարզպետարանի իրավաբանական բաժնի պետ, վարչական հսկողություն իրականացնող հանձնաժողովի նախագահ Ալիկ Սահակյանն ասել էր. «Այս հարցը վերջերս հաճախ է բարձրաձայնվում»: Ապա հավելել է. «Մասնագիտական ստուգում իրականացնող աշխատանքային խումբը ստուգման ընթացքում չի կարող բացահայտել` այդ օգնություն ստացողը որ Սարգսյանն է, բարեկա՞մ է, թե՝ չէ: Այսինքն՝ դա թողնում ենք համայնքի ղեկավարի խղճի վրա»:
Ի դեպ, 2017թ. մայիսի 30-ին Շենավանի ավագանին հանձնաժողով կազմելու որոշում է կայացրել, որում ներգրավված անդամներն էլ այսուհետ կքննարկեն բնակիչներից ստացած սոցօգնության դիմումներն ու 7-օրյա ժամկետում համայնքապետին կներկայացնեն տվյալ բնակչին ֆինանսական աջակցության հատկացման անհրաժեշտության ու չափի մասին եզրակացությունը:
Հանձնաժողովում ընդգրկված են համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Նարեկ Աբրահամյանը, համայնքային ծառայող Գեղեցիկ Աթիկյանը, վերջինիս ամուսին Ռազմիկ Սարգսյանը, ավագանու անդամներ Պարույր Կարապետյանը, Գագիկ Մովսիսյանը, Ստյոպա Կարապետյանը:
Այսինքն՝ մարդիկ, ովքեր մինչ այժմ բյուջեի միջոցները սոցօգնության անվան տակ բաժան-բաժան են արել իրար մեջ:
Մեկնաբանել