HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեզոնային մրգերի արտահանման ընթացակարգը կպարզեցվի

Հունիսի 12-ին գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի խորհրդական Եղիշե Մարգարյանը բուսասանիտարիայի տեսչության պետի, սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետի և սահմանային հսկիչ կետերի ղեկավարների հետ անց է կացրել խորհրդակցություն՝ սեզոնային մրգերի արտահանման գործընթացն առավելագույնս պարզեցված ընթացակարգերով և արագ կազմակերպելու նպատակով:

Մինչ այդ՝ կառավարության վերջին նիստում, վարչապետը հանձնարարել էր մեկշաբաթյա ժամկետում, մաքսային կետերում մեկ պատուհանի սկզբունքի լիարժեք կիրառման միջոցով, ապահովել Հայաստանում արտադրված սեզոնային մրգերի արտահանման վարչարարության էապես պարզեցումը, ինչպես նաև այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար մատչելի դարձնելու մեխանիզմները:

Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ հանրապետությունում արտադրվող բուսական ծագման մթերքի արտահանման ակտիվ շրջանն արդեն սկսվել է, և որ այս ժամանակահատվածում հիմնականում արտահանվում են շուտ փչացող այնպիսի ապրանքատեսակներ, ինչպիսիք են ծիրանը, կեռասը և այլն, ծառայության պետի խորհրդականը փոխանցել է ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերում շուրջօրյա խստացված աշխատանքային ռեժիմ սահմանելու պետի հանձնարարականը:

Միաժամանակ հանձնարարական է տրվել հետևել, որպեսզի «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի ներդրման արդյունքում բուսասանիտարական հավաստագիրը տրամադրվի առավելագույնը 20 րոպեում՝ արտահանվող արտադրանքի խմբաքանակն ակնադիտական զննման ենթարկելու արդյունքում բույսերի վնասակար օրգանիզմներ (նշաններ) չհայտնաբերելու դեպքում:

Որոշակի պարբերականությամբ ՍԱՊԾ սահմանային հսկիչ կետերին կտրվեն հանրապետության տարածքում բույսերի վնասակար օրգանիզմների հայտնաբերման նպատակով իրականացված մոնիթորինգի արդյունքները, որոնք պետք է հաշվի առնվեն սահմանային վերահսկողության ժամանակ և, եթե տվյալ խմբաքանակի արտադրավայրում բույսերի կարանտին վնասակար օրգանիզմներ չեն հայտանբերվել, ակնադիտական զննումից հետո բուսասանիտարական հավաստագիրը պետք է տրամադրվի անմիջապես:

Հակառակ պարագայում տվյալ բեռն ուղարկվում է լաբորատոր փորձաքննության: Այս համատեքստում նշվել է, որ լաբորատոր հետազոտությունը կատարվում է առաջին հերթին տնտեսավարողի շահերից ելնելով՝ կանխելու նպատակով արտահանվող արտադրանքի հետ վերադարձը կամ դրա ոչնչացումը ներմուծող երկրի կողմից, նաև՝ արտահանող երկրի նկատմամբ սահմանափակող գործողություններ կիրառելու հնարավորությունը:

Վերոնշյալ հնարավոր խնդիրներից խուսափելու համար հանձնարարվել է աշխատանքները կազմակերպել օպերատիվ և իրականացնել պատշաճ մակարդակով:

Տնտեսավարողներին ՍԱՊԾ-ն տեղեկացնում է, որ արտահանման համար բուսասանիտարական հավաստագրեր կարող են ստանալ ՍԱՊԾ Երևանի,  Զվարթնոց օդանավակայանի, Բագրատաշենի, Ագարակի, Գոգավանի Բավրայի, Գյումրու և Այրումի սահմանային հսկիչ կետերում․ աջակցության համար ծառայությունը տրամադրում է թեժ գծի հեռախոսահամարը՝ 010 206040․ կարող եք այցելել նաև սպասարկման կենտրոն՝ Կոմիտաս 49/2 հասցեով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter