
Կառավարությունը՝ հօգուտ վարչապետի խնամու
Կառավարությունը վերջին նիստի ժամանակ որոշում կայացրեց Երևանի Մայակովսկու անվան հիմնական դպրոցի տարածքից մոտ 2500 քմ տարածք 20 տարով անհատույց օգտագործման տրամադրել «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնին:
Այս որոշման դեմ, ինչպես երևում է փաստաթղթերից, առարկել է ֆինանսների նախարարությունը: Մասնավոր դպրոցին անհատույց գույք տրամադրելու փոխարեն ֆիննախն առաջարկել է այն հատկացնել Երևանի Տիգրան Մեծի 4, 5 և 6 հասցեներում վարձակալությամբ տարածք զբաղեցնող պետական 3 մարմիններին: Ըստ ֆիննախի` պետք է հաշվի առնել, որ այդ 3 պետական մարմինների տարեկան վարձավճարի չափը կազմում է 147,6 մլն դրամ: Ֆիննախի առաջարկը չի ընդունվել: Կառավարությունը պատասխանել է, որ նպատակահարմար չէ պետական մարմիններին տարածք տրամադրել դպրոցի մասնաշենքից:
«Ինչ վերաբերում է պետական մարմիններին տարածքներ ապահովելուն, ապա վերջիններիս հետ քննարկվում է տարածքներ հատկացնել պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքերից»,- գրված է պատասխանի մեջ:
«Գլոբալ բրիջ»-ը համատեղ օգտագործելու է նաև դպրոցի մարզադահլիճը
Մայակովսկու անվան դպրոցից «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնին հատկացված տարածքի արժեքը, ըստ որոշման փաստաթղթերի, 791 միլիոն 500 հազար դրամ է և օգտագործվելու է «կրթական գործունեություն իրականացնելու նպատակով»:
Անհատույց տրամադրված տարածքի մեջ է մտնում նաև դպրոցի մարզադահլիճը` մոտ 372 քառակուսի մետր մակերեսով: Կառավարությունը որոշել է, որ Մայակովսկու անվան դպրոցի աշակերտներն ու «Գլոբալ բրիջ» ուսումնական կենտրոնը մարզադահլիճը օգտագործելու են համատեղ:
Որպես փոխհատուցում` «Գլոբալ բրիջը» պարտավորվել է 20 տարվա ընթացքում կատարել 100 միլիոն դրամի ներդրումներ: Ներդրումները, ինչպես երևում է որոշման հավելվածից, վերանորոգման աշխատանքներ են: «Գլոբալ բրիջը» պատրաստվում է 80 միլիոն դրամի աշխատանք կատարել այն տարածքում, որն ինքն է զբաղեցնելու, իսկ 20 միլիոն դրամի աշխատանք էլ` «թերբեռնված» դպրոցի մնացած տարածքում, որը, ըստ հավելվածի, առաջին հիմնական մասնաշենքն է:
Փորձեցինք կապվել Մայակովսկու անվան դպրոցի տնօրեն Վիկտորյա Ռուխկյանի հետ՝ պարզելու` արդյո՞ք հնարավոր է հիմնական դպրոցի մարզադահլիճը համատեղ օգտագործել՝ առանց դասապրոցեսը խանգարելու, կամ ի վերջո որքա՞ն տարածք է մնում դպրոցին անհատույց նվիրաբերած գույքից հետո: Դպրոցի աշխատակիցը տեղեկացրեց, որ Վիկտորյա Ռուխկյանը գնացել է ԿԳՆ, ուշ զանգահարենք: Ավելի ուշ դարձյալ մեզ փոխանցեցին, որ տնօրենը տեղում չէ, հետ կզանգահարի. փոխանցված համարով առայժմ զանգ չենք ստացել (դպրոց զանգահարել ենք երեկ):
«Գլոբալ բրիջ»
Ընկերությունների գրանցման պետական ռեգիստրի տվյալներով` «Գլոբալ բրիջ» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2012թ.: Հիմնադրման օրվանից ընկերության միակ բաժնետերն է Աննա Արզումանի Հարությունյանը: Աննա Հարությունյանը ԱԱԾ պետի տեղակալ Արզուման Հարությունյանի աղջիկն է: Ընկերության իրավաբանական և գործունեության հասցեները համընկնում են Արզուման Հարությունյանի բնակարանի հասցեի հետ` Ե.Կողբացի, 30 շ., 3 բն․:
«Գլոբալ Բրիջ» ուսումնական կենտրոնի պաշտոնական կայքի` www.gb.am-ի գրանցողը Արզուման Հարությունյանի ավագ որդին է` էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը: Այս մասին տեղեկանում ենք կայքերի ռեգիստրից։
Հայկ Հարությունյանը, հիշեցնենք ընթերցողներին, վարչապետ Կարեն Կարապետյանի աղջկա ամուսինն է: Գույքը, փաստորեն, անհատույց օգտագործման է հանձնվել վարչապետի խնամիներին, սակայն կառավարությունը «կրթական» հետևյալ հիմնավորումն ունի.
««Գլոբալ Բրիջ» ՍՊԸ-ն 2007 թվականից աշխարհի առաջադեմ կրթական հաստատությունների հետ համատեղ իրականացնում է բազմաթիվ կրթական ծրագրեր, համագործակցում է Հայ-բրիտանական գործարարության պալատի հետ, ինչպես նաև կազմակերպում է տարատեսակ բարեգործական և մարդասիրական միջոցառումներ»:
Ընկերության նպատակը, ըստ կառավարության, բարձրորակ կրթության ապահովումն է, որի արդյունքում «լայն հնարավորություններ կստեղծվեն հետագա կրթությունը ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև արտերկրի հայտնի համալսարաններում շարունակելու, ունենալ պրոֆեսիոնալ մասնագետներ … »:
Թեև կրթության և գիտության նախարարությանը «ձայն չի տրվել» որոշումը կայացնելու ժամանակ, և չկա ԿԳՆ եզրակացություն, սակայն «Գլոբալ բրիջ»-ը, համաձայն փաստաթղթերի, պատրաստվում է «համագործակցել ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ` աջակցելու համար կրթության ոլորտում բարեփոխումների ծրագիր մշակելու գործում, իրականացնել Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ ներդրվող միջազգային ուսուցման Բրիտանական ավագ դպրոցի ծրագիր»:
Վլադիմիր Մայակովկսու անվան հ.7 հիմնական դպրոցը հիմնադրվել է 1937թ.: Այն գործում է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել