HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ախթալայի բյուջեն հաստատվեց

Երեկ տեղի ունեցավ Լոռու մարզի Ախթալա համայնքի ավագանու նախատեսված նիստը: Նիստին մասնակցում էին ավագանու բոլոր  6 անդամները:  Նիստը  ղեկավարում էր  քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը, ով կրկին ավագանու հաստատմանը ներկայացրեց  համայնքի 2012 թ.-ի բյուջեի նախագծի վերջնական տարբերակը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 9-ին ավագանու նիստում բյուջեի նախագծի այս նույն տարբերակը ավագանու կողմից չէր քվեարկվել, քանի որ քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը խախտել էր «ՀՀ տեղական ինքնակառավարման  մասին» օրենքի 55-րդ հոդվածը և բյուջեի նախագիծը ավագանու անդամներին ծանոթանալու համար  չէր տրամադրել քննարկումից առնվազն մեկ շաբաթ առաջ. «Հիմա մենք ժամանակ ունենք բյուջեն լավ վերլուծելու»,- քննարկումը սկսելուն պես  ասաց ավագանի Ալբերտ Սոսինյանը:  

Վերջինս քաղաքապետի ներկայացրած բյուջեի նախաgիծը դրեց իր առաջ և յուրաքանչյուր տողով առանձին սկսեց հարցեր ուղղել և բացատրություն պահանջել Հայկազ Խաչիկյանից, ում միջոցով Ալբերտ Սոսինյանն իր և ավագանու մյուս անդամների համար պարզաբանում էր  բյուջեի ծախսային մասով նախատեսված միջոցների օբյեկտիվությունը: 

Պարզաբանումների ընթացքում ավագանին կարևորեց նկարագրական բյուջեի անհրաժեշտությունը, որով քաղաքապետը 2012թ.-ի համայնքի բյուջեն կարող էր մատչելի դարձնել ավագանու համար:  

Բյուջեի ծախսային մասով, քաղաքապետի պարզաբանումներն ըստ տողերի լսելուց հետո, Ալբերտ Սոսինյանը ասաց. «Այ, հիմա ունենք թափանցիկ բյուջե»:

Քննարկման ընթացքում ավագանու կողմից կրկին բարձրացվեց  Ախթալա քաղաքի Սարահարթ և Բարիտ թաղամասերում ավտոկանգառ կառուցելու առաջարկությունը: Քաղաքապետ Հայկազ Խաչիկյանը գտնում էր, որ  կանգառները կարևոր են, բայց առաջնահերթ չեն: Նա առավել կարևորում էր քաղաքի արվեստի դպրոցի շենքի կապիտալ վերանորոգման 2012թ.-ի`  իր կողմից նախատեսած աշխատանքները և գտնում էր, որ կարելի է կագառների կառուցման հարցը մտցնել  համայնքի զարգացման քառամյա ծրագրի մեջ` առաջիկա տարիներին կառուցելու համար:

Քաղաքապետին հիշեցրին, որ նախորդ ավագանու նիստն ընդունել է ավագանի Ալբերտ Սոսինյանի առաջարկը` կանգառների կառուցման համար բյուջեից 1,3 մլն դրամ հատկացնելու մասին: Հայկազ Խաչիկյանը չառարկեց ընդունված առաջարկությանը, ասաց, որ հայտնում է իր տեսակետը:

Քաղաքապետի տեսակետը լսելուց հետո Ալբերտ Սոսյանը չթաքցրեց իր թերահավատությունը կանգառների կառուցման գործում: Վերջինս նաև առաջարկեց ավագանուն 2012թ.-ին գույքահարկից ազատել Ախթալայում կենդամի մնացած Հայրենական պատերազմի երկու մասնակիցներին:

Առաջարկությունն ընդունվեց: Դրանից հետո Հայկազ Խաչիկյանը համայնքի 2012թ.-ի  իր առաջարկած բյուջեի վերջնական տարբերակը ներկայացրեց ավագանու քվեարկությանը: Ախթալայի ավագանու 6 անդամները համայնքի 2012թ.-ի բյուջեն հաստատեցին միաձայն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter