
Գործարկվել է Երևան-«Զվարթնոց» օդանավակայան փորձնական երթուղին
Երևանի Հանրապետության հրապարակից ուղիղ ժամը 10:00-ին «Զվարթնոց» օդանավակայան ուղևորվող ավտոբուսը սկսել է իր երթուղին։ Այս մասին տեղեկացնում է տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը։ Նույն ժամին օդանավակայանից Երևան է շարժվել հակառակ ուղղությամբ ուղևորվող ավտոբուսը։
Առաջին ուղևորներն առայժմ լրագրողներն ու նախարարության աշխատակիցներն են եղել։
Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արամ Արսենյանը նշել է, որ, որպես սկզբնակետ, ընտրվել է Հանրապետության հրապարակը՝ հաշվի առնելով, որ այստեղ մեծ է զբոսաշրջիկների հոսքը, բացի այդ, մոտ է մետրոյի կայարանին։
«Սա փորձնական երթուղի է։ Փորձարկման ժամանակաշրջանում կկատարվեն ուսումնասիրություններ՝ հաշվի առնելով ինքնաթիռների չվացուցակները, օրվա տարբեր ժամերին ուղևորահոսքի քանակը և, ըստ այդմ, կկատարվեն փոփոխություններ»,- ասել է Ա. Արսենյանը։
Ընդամենը երկու կանգառ կատարելով` Մաշտոցի պողոտայի «Փակ շուկայի» կանգառում և Կենտրոնական ավտոկայանի տարածքում 20 րոպե անց ավտոբուսն արդեն օդանավակայանում է եղել:
Այստեղ, ըստ հաղորդագրության, առանձնացված է հատուկ անվճար անցուղի, որտեղով իրականացվում է այս երթուղով տրանսպորտային միջոցների ելումուտը։ Օդանավակայանի անմիջապես մուտքի դիմաց ցուցանակն ազդարարում է ավտոբուսի կանգառը։
«Զվարթնոց» օդանավակայանի տնօրինության հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ավտոբուսային և միկրոավտոբուսային ուղերթերի մասին իրազեկող վահանակներ կտեղադրվեն օդանավակայանի տարածքում:
Տեղեկանալով հարմարավետ ավտոբուսներով և մատչելի գումարով (փոխադրավարձը մեկ ուղևորի համար 300 դրամ է) Երևանի կենտրոն հասնելու հնարավորության մասին՝ հինգ ուղևոր ցանկություն հայտնեցին օգտվել այս երթուղուց:
«Ուղևորներից մեկն իր ընկերների հետ Մոսկվայից էր վերադառնում։ Նա նշեց, որ Եվրոպական երկրներում ավտոբուսով քաղաք հասնելը վեց եվրոյից պակաս չի լինում, այս հարմարություններով փոխադրամիջոցի համար սա շատ մատչելի փոխադրավարձ է»,- նշված է հաղորդագրության մեջ։
Ուղիղ ժամը 11:00-ին ավտոբուսն արդեն ուղղություն է վերցրել դեպի Երևան։
Հանրապետության հրապարակում հաջորդ ուղերթին պատրաստ արդեն մյուս ավտոբուսն է սպասել, որն իր ուղերթը սկսեց ժամը 12:00-ին։ Այդպես յուրաքաչյուր կլոր ժամը մեկ՝ 24 ժամ անընդմեջ։
«Էլիտ բաս» ընկերությունը պատրաստակամություն է հայտնել իրականացնել փորձնական երթուղու սպասարկումը: Մեկ-երկու ամիս անց, հաշվի առնելով բացթողումներն ու թերությունները, համապատասխան կարգով կհայտարարվի մրցույթ։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել