
ՍԱՊԾ-ն խեղաթյուրում է փաստերը․ «Ստանդարտ դիալոգ»-ի պատասխանը
Օրերս «Ստանդարտ դիալոգ» լաբորատորիան բաց նամակ էր գրել Սերժ Սարգսյանին, որին պատասխանել էր Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը։ Այսօր լաբորատորիան բաց նամակ է ուղարկել, որտեղ մեկնաբանում է ՍԱՊԾ պատասխանը։ Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը, արձագանքելով «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ՍՊԸ աշխատակազմի ՀՀ նախագահին ուղղված բաց նամակին, մի կողմից փորձել է մոլորեցնել հասարակությանը, մյուս կողմից, սակայն, անուղղակի ապացուցել, որ ներկայացված բոլոր մեղադրանքները ճշմարիտ են:
Հարկ է նշել, որ ՍԱՊԾ–ում հստակ չեն տիրապետում հանրապետությունում անասնաբուժասանիտարական փորձաքննություն իրականացնող ընկերության (այսուհետ ԱՍՓ) պարզ թվաքանակին: ՀՀ ֆինանսների նախարարության կայքում տեղեդրված տեղեկատվության համաձայն` հանրապետությունում ԱՍՓ իրականացնող ընկերությունների թիվը 35 է, ընդ որում Երևան քաղաքում այդպիսի ծառայություն մատուցում են 5-ը, իսկ որոնցից 1-ը՝ Երևանի ագրարային համալսարանը, այդ ծառայությունը սկսել է մատուցել 09.03.2017թ.-ից: Մնացած 4 ԱՍՓ-ներից «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ը գործում է ՍԱՊԾ կազմում, իսկ մյուս 3-ը՝ «Անասնապահական մթերքի փորձաքննության կենտրոն», «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» և «Հակահամաճարակային արշավախումբ» ԱՍՓ-ները ՍՊ ընկերություններ են, որոնք գործում են 2007-2008 թթ.-ից: Թվարկված բոլոր 3 ԱՍՓ-ները ՍԱՊԾ-ի կողմից ենթարկվել են ստուգման առանց ստուգաթերթերի: Այդ մասին ասել է ՍԱՊԾ պետ Ի. Կարապետյանը . իր 24.05.2017թ.-ի մամուլի ասուլիսի ընթացքում` հայտնելով, որ ստուգման վերաբերյալ փաստաթղթերն ուղարկել են ՀՀ դատախազություն: ՀՀ-ում «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1.1 կետի համաձայն բոլոր ստուգումները անցկացվում են բացառապես ստուգաթերթի հիման վրա, որը հաստատում է ՀՀ կառավարությունը: Փաստորեն ՍԱՊԾ-ն, խախտելով օրենքի պահանջը, կատարել է անօրինական ստուգում:
Վերոգրյալը մեզ համար եղել է հստակ ազդակ առ այն, որ ՍԱՊԾ-ն ունակ է օրենքով սահմանված իրավասությունների անտեսման միջոցով կատարել անօրինական գործողություններ:
Անդրադառնալով ՍԱՊԾ-ի հաղորդագրության երկրորդ հատվածին, որը վերաբերվում է պաշտոնապես տեղեկատվության տրամադրմանն առ այն, որ «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ»-ը առաջին եռամսյակում ստացել է ընդհանուր պատվերների 41.7 %-ը գումարային արտահայտությամբ, իսկ փորձաքնությունները նմուշերի քանակով 51.2 %-ը՝ նույնպես մոլորեցնող մեկնաբանություն է, քանզի մեր դիմումում հստակ արտահայտված է դժգոհություն վերջին 3 ամիսների ժամանակահատվածի վերաբերյալ, որը պայմանավորված է 2017 թ.-ի ընթացքում լաբորատոր ծառայությունների մատուցման շրջանակային համաձայնագրի կնքման պահից, որը ՍԱՊԾ-ն կնքել է «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերության հետ 2017 թվականի մարտի 16-ին (N «ՍԱՊԾ» 17/02 շրջանակային համաձայնագիր):
Ծառայության կողմից առաջին եռամսյակում նշված տեղեկությունները բովանդակային առումով նույնպես խեղաթյուրում են իրականությունը, քանզի 2016 թ.-ի ընթացքում լաբորատոր փորձաքնությունների ծառայության մատուցման շրջանակային համաձայնագրեր են կնքվել թվով 5 փորձարկման լաբորատորիաների հետ, և ոչ թե 3, և 2016 թ.-ի դեկտեմբերի 23-ին կնքված շրջանակային համաձայնագրերում կատարվել է լրացում, որի արդյունքում 2016 թ.-ին շրջանակային համաձայնագրերի գործողության ժամկետները երկարաձգվել են մինչև 2017 թ.-ի մարտի 1-ը: Հիմք ընդունելով «Հավատարմագրման մասին» ՀՀ օրենքում փոփոխությունները և լրացումները կատարելու մասին 2014 թ-ի դեկտեմբերի 17-ին ՀՕ 236 13-րդ հոդվածը, որը իմպերատիվ կերպով սահմանում է, որ վերապահումներով տրված հավատարմագրման վկայագրերը առավելագույնը կարող են գործել մինչև 31.12.16 թ.-ը, ընդ որում՝ օրենսդիրը չի նախատեսել որևէ բացառություն նշված իմպերատիվ նորմից, այդ թվում չի լիազորել որևէ վարչական մարմնի, սահմանելու որևէ բացառություն նշված իմպերատիվ նորմից:
Վերը նշված կարգավորումները ենթադրում են հետևյալը.
1. 2016 թ.-ին կնքված շրջանակային համաձայնագրերի մասնակից լաբորատորիաներից միայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» կազմակերպությունն է եղել առանց վերապահման և լիարժեք հավատարմագրված: 01.01.2017 թ.-ից ծառայության մատուցման իրավասություն ունի միայն «ՍՏԱՆԴԱՐՏ ԴԻԱԼՈԳ» ընկերությունը, ուստի փորձարկման ընդհանուր պատկերը պետք է լիներ 100 %:
2. 2017 թ.-ի մարտի 16-ից հետո ՍԱՊԾ-ն պատվիրել է լաբորատոր փորձաքննություններ մեր կազմակերպությանը ըստ ամիսների՝ մարտ` 404.000 ՀՀ դրամ , ապրիլ` 659.400 ՀՀ դրամ, մայիս` 1.401.600 ՀՀ դրամ:
Խնդրում ենք ՍԱՊԾ-ին հրապարակել 2017 թ.-ի համար կնքված մյուս երկու լաբորատորիաների՝ «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ և «ՏՈՆՈՒՍ-ԼԵՍ» ՍՊԸ մատուցած ծառայության դիմաց թվային պատկերները՝ գումարային պատկեր և փորձարկման քանակ:
Անդրադառնալով «իդեպ, առաջիկայում գումարների բախշման ծավալների փոփոխություն կարող է լինել, քանի որ էքսպրես մեթոդով մանրէաբանական փորձաքննություններ արդեն կարող է նաև այլ լաբորատորիա», մեկնաբանությանը նշենք, որ ՀՀ կառավարության 2013 թ-ի նոյեմբերի 14-ի 1228-Ն որոշման Գլուխ V 35 կետն ասում է՝ «Շրջանակային համաձայնագրերի մրցույթով փորձաքննության ծառայությունների ձեռք բերելու յուրաքանչյուր դեպքում լիազոր մարմնի տեսուչը համակարգչային ծրագրի միջոցով՝ պատահական ընտրությամբ, շրջանակային համաձայնագրեր կնքած մասնակիցներից ընտրում է ընտրված մասնակից և նույն օրը պատվիրում է փորձաքննությունը»: Նշված դրույթը ուղղված է անկողմնակալության, հավասարության և թափանցիկության ապահովմանը: Բաց նամակով բարջրայնվել է, որ չի ապահովվում գործընթացի անկողմնակալությունը, հավասարությունը և թափանցիկությունը: Այլ լաբորատորիայի առկայությունը չի նշանակում, որ պահտվերները պետք է ուղորդվեն այնտեղ:
Պատրաստ ենք հարցը քննարկել շահագրգիռ բոլոր կողմերի հետ՝ ինչպես զանգվածային լրատվության միջոցների,այնպես էլ հասարակական կազմակերպությունների և քաղաքացիների:
«Ստանդարտ դիալոգ» ՍՊԸ աշխատակազմ
Մեկնաբանել