HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ես ոչ գումար եմ ուզում, ոչ բան, միայն ոտքս բուժեն, ես աշխատեմ»,-ասում է վիրավորված զինծառայողը

Գայանե Սարգսյան 

Ապրիլյան պատերազմի ժամանակ վիրավորված Վարդան Առաքելյանին հանդիպում ենք շենքի բակում: Հենակների օգնությամբ քայլող երիտասարդը մեզ ուղեկցում է կնոջ հայրական տուն, որտեղ շուրջ մեկ տարի է, ապաստանել է բազմանդամ ընտանիքը:

Առաջին հարկում գտնվող բնակարանի հյուրասենյակում այնքան շատ մարդ կա, որ մի պահ շփոթվում եմ: Հիմնական բնակվող ընտանիքի 11 անդամներին հյուր եկած շամուտեցի Ազգանուշ տատն ինձ տեսնելով` հիշում է.

«Էս քանի օրը քեզ պես լրագրողներ էին եկել գյուղ, մեզ մեր տանը խոսացրին, մեր որպիսութինը, մեր եղելութինը, մեր գեղի նիստ ու կացը նկարեցին ու գնացին: Մեջն ի՞նչ կա, ցավդ տանեմ, ճամփա եմ պըհմ, ճամփա, պատասախան չկա»:

Հարցնում եմ՝ ի՞նչ պատասխան: «Գիտե՞ս ինչ պատասխան: Մեր գեղմը ոչ խանութ կա, ոչ բազար կա,ոչ բժիշկ կա, ոչ քույր կա...,- գյուղի խնդիրներն է թվում տատն, ապա, խոսքը կիսատ թողնելով, ասում,- ձեզ չխանգարեմ, հըմի դու էս երեխուն քննի նորմալ, հլա տեհեք սրանց վիճակն ի՞նչ ա»:

Ծնունդով Վանաձորից, սակայն 2000 թ.-ից Լեռնային Ղարաբաղի Մատաղիս համայնքում հաստատված Վարդանը գուցե երբեք էլ չմտածեր ծննդավայր վերադառնալու մասին, եթե  չլիներ պատերազմը:

«1988-2000 թթ.-ին ծառայել եմ Ղարաբաղում, հետո միանգամից գրվեցի պայմանագրային ու մնացի: Հայրս մինչ էդ Ռուսաստան էր, եկավ, ինքն էլ  զորամասում աշխատանքի տեղավորվեց, մնացինք: Հետո մի օր եկա Վանաձոր՝ քեռուս տուն հյուր: Թաղում մի սիրուն աղջիկ տեսա, հավանեցի, ուզեցի ու տարա Ղարաբաղ»,- Մատաղիսում հաստատվելու նախապատմությունն է անում Վարդանը:

Ընտանիքը գյուղում տուն ու հողամաս է գնել, խաղողի այգիներ հիմնել, զբաղվել անասնապահությամբ: Պատերազմի ժամանակ այգիները վնասվել են, անասուններին վաճառել են, ինչպես շատերը: Զորամասում որպես ջրի մեքենայի վարորդ աշխատող Վարդանը կնոջը երեխաների հետ ուղարկել է Վանաձոր՝ հայրական տուն: Ինքը ծնողների հետ` մնացել Մատաղիսում:

«Մեր ավտոները խփել էին: 2-3 օր չէինք կարում ջուր ու հաց տանենք դիրքեր: Հետո արդեն շատ մեծ օգնություններ եկան, ավտոները սարքեցինք ու հունի մեջ ընկանք, նորմալ գնում էինք... Ապրիլի 29-ին ջուրը հերթով բաժանում էի դիրքերին, մի 4 դիրք էր մնում, որ տայի, էն էլ Թալիշի պոստերի ճամփին ականի վրա պայթեցի: Էն օրվանից հիվանդանոցներում եմ»,- պատմում է  Վարդանը:

Երիտասարդը մի քանի ամիս ստացիոնար բուժում է ստացել Ստեփանակերտի, ապա Երևանի զինվորական հոսպիտալում, ավելի ուշ  նաև` ուղեգրով նեղ մասնագիտացված  բժշկական կենտրոններում:`Ասում է՝ բուժման ընթացքում շատերն են այցելել, շատերն են օգնել թե՛ նյութապես, թե՛ ֆինանսապես:

«Դպրոցից երեխեք էին եկել,  ամենքիս 25 000 դրամ էին հավաքել բերել ու տոպրակներ: Երգեցին, ուրախացրին մեզ, գնացին: Տուլայի, Ամերիկայի  հայերն են օգնել, պարսկահայ մի ընտանիք էր եկել: Մեր պատգամավորներից էլ եկան 4-5 հոգով, ամեքին մի «Ալյոնկա» պլիտկա էին բերել: Ինձ երկու հատ տվեցին, ասին՝ քու երկու ոտքն ա»,- ծիծաղում է Վարդանը:

Վիրավորվելու ընթացքում ջարդվել են երկու ոտքերի ոսկրերը, մի ոտքի կրունկն ամբողջովին փշրվել է:  Նրա խոսքով` վերջին մեկ տարվա ընթացքում 7 անգամ վիրահատվել է: Բժիշկների վերաբերմունքից գոհ է. արել են հնարավորը: Ոտքի ջախջախված կրունկը վերականգնել, սակայն, դեռևս չի հաջողվում:

 «Էս մի ոտիս երկու ոսկորն էր կոտրված, օպերացիա են արել: Էս մի ոտս լավ ա: Բայց կրունկս չկա, փշրված է: Ասում են՝ էնքան պիտի մաքրենք, մինչև լավանա, կարող ա  սկի չլավանա: Հստակ ոչ մի բան չեն ասում, չեն էլ կարա ասեն ինձ թվում ա, որովհետև շատ բարդ ա:  Ինչ կարողացել են, արել են: Էստեղ էն չի, էլի, հնարավորությունները: Հա, շատ լավ ոսկորի բժիշկներ ունենք, գնում եմ, շատ լավ դիմավորում են, բայց էս կրունկի հարցում  իրանց ձեռին ոնց որ էլ բան չկա,- ասում է Վարդանն ու նրբորեն ակնարկում,- չենք հետաքրքրվել, բայց դրսում երևի բուժման տարբերակներ կլինեն»:

Երկարատև բուժման ընթացքում նաև հուսահատության պահեր է ունեցել: Ասում է՝ սաստիկ ցավերին չդիմանալով` մի քանի անգամ բժիշկներին խնդրել է՝ ոտքս կտրեք, պրոթեզ դրեք:

Որևէ աջակցություն չակնկալող երիտասարդը միայն մի բան է ուզում՝ առողջանալ: «Արդեն հույսս կտրել էի, բայց մի քանի օր առաջ Ղարաբաղ էի գնացել, մի մարդ տեսա ոտքի մի մասը կտրած, ոսկորը դուրս ցցված,  ըտենց էլ քայլում էր: Ինքս ինձ ասի՝ որ նա քայլել է, ուրեմն ես հաստատ կքայլեմ: Ես ոչ գումար եմ ուզում, ոչ բան, միայն ոտքս բուժեն, ես կաշխատեմ»,- ասում է Վարդանը։

«Ես տանը էսքան նստած չեմ եղել, տուն էլ չեմ եկել, աշխատել եմ անընդհատ: Ամեն ինչ արել եմ, էլեկտրիկի, սվարկի, շինարարական ցանկացած գործ ձեռիցս գալիս ա, բայց հիմի ոտքիս խաթեր ոչ մի բան չեմ կարում անեմ, մենակ նստած բլոտ եմ կարում խաղամ»,-ծիծաղում է նա:

Վիրավորվելուց մի քամի ամիս անց Վարդանը զորացրվել է, այժմ 82.000 դրամի չափով զինվորական թոշակ է ստանում:

«Էդ էլ զոռի կոմունալներին, ուրիշ ոչ մի բան»,- վրա է բերում մեր զրույցը լսող զոքանչը՝ Խանումը: «Կոմունալները ձեր վրա ա, է»,- կատակում է Վարդանը: «Եթե ամսվա 15-20 օրը հիվանդանոցում էղնես, ինչի՞ն կհերիքի էդ գումարը: Ամիս չկա, որ հիվանդանոց չգնանք»,- հարցին լրջորեն է մոտենում կինը:

 Չնայած բնակարանում նեղվածք է, ու ինչպես տնեցիներն են նշում, գիշերը ոտք դնելու տեղ չի լինում՝ հատակին էլ են անկողին փռում, բայց ընտանիքը բնակարան վարձակալելու ու առանձնանալու հնարավորություն դեռևս չունի:

«Վեց հոգի մենք ենք՝ ես, ամուսինս, տղաս՝ կնոջ ու երկու երեխեքի հետ ու իրանք՝ 5-ով»,- ասում է Խանումը: «Դե որ տուն էղներ, մենք էլ 6 հոգի կըլնեինք»,-կրկին կատակի է տալիս Վարդանը` փորձելով թեթևություն հաղորդել ծանր թեմաներին:Ընտանիքը դեռևս վերջնական որոշում չի կայացրել մնալ Վանաձորո՞ւմ, թե՞ վերադառնալ Մատաղիս:

«Մատաղիսում կենցաղային պայմանները հարմար չեն, տուալետը դրսում է, անձրևին, ցեխին կաստիլներով չեմ կարա գնամ: Պետությունը որ գոնե նորոգեր տունը, էլի կգնայինք էնտեղ»,- անկեղծանում է Վարդանը: «Գյուղում շատերի տունը վերանորոգել են: Մեր գյուղում մենակ ինքն ու մեր հարևանն էին վիրավորվել: Սկզբից պատճառաբանել են, որ ստեղ չեք, երեխեքը ստեղ չեն, դրա համար չենք անում: Հետո, որ ուրիշների տներն արել են, ովքեր էլի մեր պես գյուղից դուրս էին, մենակ ծնողներն էին մնացած, հիմի էդ պատճառաբանությունը հանել են: Ասում են՝ կանենք, բայց դեռ չեն անում»,- ավելացնում է կինը՝ Արմինեն:

Մի քանի օրից Վարդանը Երևանում հերթական բուժզննումը պետք է անցնի: «Ուզում եմ էս անգամ էլ գնամ, եթե փոփոխություն չլինի,  մի հատ գնամ նախարարի մոտ, տեսնեմ իմ բուժման համար ի՞նչ ա ասում: Կարող ա  ուրիշ մասնագետներ լինեն, որ կարան բուժեն»,- ասում է նա:

Որդին՝ 8-ամյա Նարեկը, որոշել է շարունակել հոր գործն ու զինվորական դառնալ: Թաղամասում նրան  «Գնդապետ» անունով են կնքել:

Մեկնաբանություններ (1)

Zaruhi
Հարգելի Գայանե լավ չհասկացա,Վարդանի ընտանիքը իր տունն ունի Մատաղիսում?մի հատ գրեք ինձ ֆեյսբուքով..

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter