HY RU EN

Արաքս Մամուլյան

Ինչո՞ւ են շարունակում փնտրել Մովսեսին, եթե վստահ են, որ սպանված է.ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպանի ճառը

«Երկու անձի  սպանության համար 25 տարին մեղմ պատիժ է»

Քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր՝ Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության մեջ մեղադրվող Իսրայել Սարգսյանի համար տուժող Սաֆարյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը ցմահ ազատազրկում է պահանջում:

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում այսօր տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Սարգսյանը նշեց, որ եթե դատարանն ապացուցված համարի Իսրայել Սարգսյանի մեղքն իրեն մեղսագրվող արարքներում, ապա նրան 25 տարի ժամկետով ազատազրկման դատապարտելը մեղմ պատիժ է:

Նշենք, որ Իսրայել Սարգսյանին 25 տարի ժամկետով ազատազրկելու պահանջը նախորդ դատական նիստին ներկայացրել է մեղադրող դատախազը: Ըստ մեղադրանքի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Սաֆարյանի սպանությունն, ապա հանցանքը թաքցնելու նպատակով սպանել է Մովսեսին ու դիակը նետել Քանաքեռավանում գտնվող կոյուղու դիտահորը: Մովսեսի դիակն առ այսօր չի հայտնաբերվել, իսկ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանը պնդում է, որ Մոսոն ողջ է, և ինքն է նրան հորդորել հեռանալ Հայաստանից:

Այսօր դատարանում պաշտպանական ճառով հանդես եկավ ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի պաշտպան Հեկտոր Սարդարյանը:

Պաշտպան Հեկտոր Սարդարյան

Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները շարունակվում են

Վերջինս նշեց, որ գործի քննության ամբողջ ընթացքում նախաքննական մարմինը Իսրայել Սարգսյանի մեղադրանքը հիմավորելու պատրանք է ստեղծել:

Պաշտպանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ են շարունակվում Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները, եթե համոզված են, որ նա սպանվել է: Հատկանշական է, որ Մովսես Ներսիսյանի որոնողական աշխատանքները շարունակվում են սպանության գործը դատարան ուղարկած մեղադրող կողմի պահանջով:

Սարդարյանը, վկայակոչելով այս գործով վկա, Մովսես Ներսիսյանի զոքանչի` Լուսիկ Ղազարյանի ցուցմունքը՝ նշեց , որ Մովսես Ներսիսյանն անհետանալու օրը զանգահարել է իր 4-ամյա որդուն և 10 րոպեից ավելի զրուցել նրա հետ. զոքանչի տպավորությամբ՝ այդ զրույցը նման է եղել  հրաժեշտի զրույցի:

Մովսես Ներսիսյանը նկատվել է Զվարթնոց օդանավակայանում

Արթուր Սարգսյանի սպանությունից հետո Իսրայել Սարգսյանի և Մովսես Ներսիսյանի նկատմամբ հունվարի 30-ից իրականացվել է «արտաքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումը, որի շրջանակներում Մովսեսին պայմանականորեն անվանել են «Ավո», իսկ Իսրայել Սարգսյանին` «Կարո»:

Ըստ Հեկտոր Սարդարյանի` չնայած արտաքին դիտման արձանագրությունը դրվել է մեղադրանքի հիմքում, այն  ավելի շատ պաշտպանական, քան մեղադրանքի կողմի ապացույց է:

Մասնավորապես` փետրվարի 1-ի արտաքին դիտման վերաբերյալ արձանագրության մեջ ոստիկանության աշխատակիցները նշել են, որ  Ավոյի՝ այսինքն Մոսոյի մեքենան ժամը 20:20-ին կանգնեց «օբյեկտի» (նկատի ունեն Իսրայել Սարգսյանին. հեղ) շենքի մոտ, օբյեկտը նստեց:

Ըստ որում` Սարդարյանը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ արտաքին դիտում իրականցրած ոստիկանները արձանագրության մեջ նշել են, որ երբ «օբյեկտը» մոտեցավ, ապա մեքենան գնաց, օբյեկտն այնտեղ չէր, հետևաբար նստեց մեքենան:

Ըստ արտաքին դիտում իրականացրած ոստիկանների՝ Իսրայել Սարգսյանն ու Մովսես Ներսիսյանը երկուսով գնացել են «Մագնում» հոթել և ժամը 20:30-ին, ավտոմեքենան կանգնեցնելով ավտոտնակում, մտել հյուրանոց: ժամը 22:10-ին Ավոյի (Մոսոյի)  ավտոմեքենան դուրս է եկել հյուրանոցի ավտոտնակից, ապա  շարժվել դեպի Քանաքեռավան գյուղ, որտեղ կանգնել է, ապա շարժվել Զվարթնոց օդանավակայան:

Նշենք, ոչ  ըստ մեղադրանքի, Մովսես Ներսիսյանի դին Քանաքեռավանում գտնվող դիտահորը նետելուց հետո  Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանի մեքենան վարել է մինչև Զվարթնոց օդանակավակայան ու թողել այնտեղ՝ տպավորություն ստեղծելով, թե Մովսես Ներսիսյանը լքել է Հայաստանը:

Հատկանշական է, որ  այս ընթացքում արտաքին դիտում իրականացնողները 4 անգամ արձանագրել են, որ մեքենայում վարորդի կողքի նստատեղին մարդ կա, ըստ որում՝ արձանագրության մեջ առկա է նաև գրառում այն մասին, որ ժամը 01:15-ի սահմաններում Մոսոն նկատվել է Զվարթնոցի վճարովի ավտոկանգառ մտնելիս, որից հետո նա թողնվել է առանց դիտարկման:

Այս ամենը, Սարդարյանի խոսքով,  կասկածի տեղ չի թողնում, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, իսկ  հանգամանքը՝ նա Զվարթնոց օդանավակայան է գնացել Իսրայել Սարգսյանի ուղեկցությամբ, թե մեկ այլ անձի, ըստ պաշտպանի, էական չէ:

Ըստ Հոկտոր Սարգսյանի՝ վերը նշվածներից բացի, մեղադրանքի հիմքում դրված այլ հանգամանքներ ևս, ոչ  թե մեղադրանքի, այլ պաշտպանական կողմի ապացույց են:

Դատախազ Հայկ Հակոբյան

Վկան անհետացրել է ձայնագրիչը, որով կատարել է հայտնի ձայնագրությունը

Պաշտպանը խոսեց այս գործով հայտնի ձայանագրության մասին, որում Իսրայել Սարգսյանը գործով վկա Տիգրան Ասատրյանին պատմում է, թե  ինքն ի սկզբանե  իմացել է, որ Արթուր Սաֆարյանի սպանությունը կատարել է Մովսես Ներսիսյանն, ինչպես նաև այն մասին, թե ինչպես է ինքը սպանել Մովսեսին:

Իսրայել Սարգսյանը, սակայն, բազմիցս հայտարարել է, որ այդ ձայնագրությունից իր և Տիգրանի միջև խոսակցության կարևոր հատվածներ են մոնտաժված, որ  ինքը, Արթուրի սպանության մեջ կասկածելով Տիգրանին, նման խոսակցություն է ունեցել նրա հետ պարզելու համար, թե Տիգրանը  կապ ունի՞ կատարվածի հետ:

Հատկանշական  է, որ այս ձայնագրության վերաբերյալ ցուցմունք է տվել նաև գործով մեկ այլ վկա Աշոտ Բոլյանն ու հայտնել, որ ինքն է Իսրայել Սարգսյանին հորդորել Տիգրանի հետ նման խոսակցություն ունենալ:

Պաշտպանը նկատեց, որ Տիգրան Ասատրյանը վերացրել է այն ձայնագրիչը, որով կատարել է ձայնագրությունը: Այն, որ ձայնագրությունն ընդհատումներով է, եզրակացրել է նաև փորձագետը.  վերջինս չի կարողացել հստակեցնել՝ ընդհատումները` ձայնագրությունը հատվածաբար մոնտաժելու հետևանք են, թե՞ խոսակցությունը հատվածաբար ձայնագրելու. մի բան հստակ է, որ ձայնագրության մեջ ակնհայտ են մի թեմայից կտրուկ անցումները այլ թեմայի:

Հեկտոր Սարդարյանը հարց բարձրացրեց, թե ինչո՞ւ պիտի Իսրայել Սարգսյանը Տիգրան Ասատրյանի հետ նման խոսակցություն ունենար և հայտներ սպանության վերաբերյալ մանրամասներ:

 «Իսկ եթե, այնուամենայիվ, ընդունենք, որ այդ խոստովանությունը ճիշտ է, ապա այդ դեպքում ո՞րն է սպանության շարժառիթը»,-իր ճառում ասաց Սարդարյանը:

Տիգրան Ասատրյանը ևս համոզված է, որ Մոսոն ողջ է

Պաշտպանը, հղում կատարելով  Տիգրան Ասատրյանի  ցուցմունքներին, նշեց, որ Տիգրանը Իսրայել Սարգսյանի պատմածներին  չի հավատացել և այժմ էլ չի հավատում: Փաստաբանի խոսքով` Տիգրան Ասատրյանը ևս իր ցուցմունքում համոզմունք է հայտնել, որ Մոսոն ողջ է:

«Ասատյանը նշել է, որ Իսոն ձայնագրության մեջ նշվածներն ասել է նրա համար, որ ինքը ձեռք քաշի Մոսոյից»,-  հատված մեջբերելով Տիգրան Ասատրյանի ցուցմունքից՝ նշեց Հեկտոր Սարդարյանը:

Հայտնի չէ սպանության դրդապատճառը

«Եթե չես կարողանում ապացույց ձեռք բերել, որպեսզի սպանության դրդապատճառ պարզես, ուրեմն այդ գործը փուչ է»,- դատարանում հայտարարեց  Հեկտոր Սարդարյանը:

Իսկ քննչական մարմնի կողմից առաջ քաշված միակ և չհիմնավորված վարկածը, թե սպանության նպատակը Թևոս Սաֆարյանի ազդեցությունը շրջապատում թուլացնելն է եղել, ըստ պաշտպանի, հերքվում է հենց Թևոս Սաֆարյանի կողմից:

Մասնավորապես, Հեկտոր Սարդարյանը հիշեցրեց, որ Թևոս Սաֆարյանը, գտնվելով «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում,  հարազատների հետ զրույցում կտրականապես ժխտել է իր ազդեցությունը թուլացնելու նպատակով եղբորը սպանելու վարկածը:

Թևոս Սաֆարյանի կողմից  առաջ քաշված  սպանության դրդապատճառի վարկածը քննության առարկա չի դարձել

Հեկտոր Սարդարյանն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում  հարազատների հետ վերը նշված խոսակցության ժամանակ ասել է, որ դեպքը կապված է 1 մլն 200 հազար դոլարի վերադարձման պահանջի հետ:

Այս, ինչպես նաև այլ հանգամանքներ մատնանշելով՝ Հեկտոր Սարդարյանը պահանջեց ճանաչել իր պաշտպանյալի անմեղությունը: