HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ձերբակալել են Լեդի Հակոբի եղբորորդուն

ՀՀ ոստիկանության աշխատակիցները երեկ Երևանում' Կիևյան կամրջի մոտ, ձերբակալել են ԱԺ նախկին պատգամավոր, «Լեդի Հակոբ» մականվամբ հայտնի Հակոբ Հակոբյանի եղբոր (Սիմոնի) որդուն' Ստեփան Հակոբյանին:

Ըստ մեր ստացած տեղեկությունների' Ստեփան Հակոբյանի ձերբակալությունը կապված է դեռ 2006 թ. հունիսին Երևանում Մալաթիա- Սեբաստիա համայնքի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու' Սեդրակ Զատիկյանի սպանության գործի հետ: Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց հայտնաբերման աշխատանքներն ակտիվացնելու նպատակով ոստիկանության պետը հանձնարարական է տվել համապատասխան ստորաբաժանումներին: Վերջին օրերին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը 18-ամյա վաղեմության սպանությունը բացահայտելուց հետո տրամաբանական ավարտին հասցրեց նախկինում կատարված աղմկահարույց հանցագործության մի բացահայտում ևս: Երեկ' դեկտեմբերի 14-ին, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006 թվականից հետախուզվող, 1978 թ. ծնված Ստեփան Հակոբյանին:

Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին ստացել էր հասարակական հնչողություն: 2006 թվականի հունիսի 22-ին Երևանում կրակոցներ հնչեցին: Ոստիկանության ամփոփագրերում դեպքը ներկայացվեց այսպես.

Ժամը 14:45-ի սահմաններում Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդ, 1980 թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ' 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը:

Կասկածյալի նկատմամբ հայտարարվեց հետախուզում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով:

Երեկ Ստեփան Հակոբյանի հետ բերման են ենթարկվել նաև 1968 թ. ծնված Աշոտ Հակոբյանն ու 1971 թ. ծնված Արայիկ Եղիազարյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության: Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են:

Մեր կողմից նշենք, որ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում շահադիտական դրդումներով, պատվերով, ինչպես նաև շորթմամբ, ավազակությամբ կամ բանդիտիզմով զուգորդված սպանության համար: Հավանաբար այս դեպքում նկատի է առնվել սպանության' պատվերով կատարած լինելու հանգամանքը: Նկատենք նաև, որ նշված սպանության ամբողջական բացահայտումը և, հատկապես, հանցագործության պատվիրատուի բացահայտումը, եթե դա հաջողվի, կլինի ՀՀ ոստիկանապետ Վովա Գասպարյանի առաջին լուրջ հաջողությունը և, միաժամանակ, հասարակությանը հույսեր կներշնչի, որ առաջիկայում կբացահայտվեն նաև փոխոստիկանապետ Գևորգ Մհերյանի և այլոց' հասարակական մեծ հնչեղություն ստացած սպանությունները:

ԱՐԹՈՒՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter