
144 միլիոն դրամ՝ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ին
Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանի առաջարկով կառավարության պահուստային ֆոնդից նախարարությանը կհատկացվի 144 միլիոն դրամ «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ին աջակցելու նպատակով։ Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց գյուղնախարարի ներկայացրած այս նախագիծը։
Ինչպես ասվում է որոշման նախագծում՝ գյուղատնտեսության ոլորտում քաղաքականությունն իրականացվում է մի շարք բյուջետային ծրագրերի միջոցով, սակայն, կոնկրետ իրավիճակներով պայմանավորված, ծագում են որոշակի խնդիրներ, որոնց լուծումը պահանջում է որոշակի անհետաձգելի ֆինանսական ներդրումներ: Մասնավորապես՝ կոոպերացիաներին աջակցելը, տոնավաճառների և ցուցահանդեսների կազմակերպումը։ Այս դեպքում էլ, նախարարության համար այդ առաջնահերթ միջոցառումների իրականացման համար անհրաժեշտություն է «Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամ»-ի ֆինանսական միջոցների համալրումը, այս պարագայում՝ 144 միլիոն դրամի տրամադրումը։
Ասվում է, որ 2017 թվականի համար հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատվել է շուրջ 252 միլիոն դրամի ծրագիր, որից 108 միլիոնը արդեն հատկացվել է, սակայն ամբողջ տարվա ծրագրերը իրականացնելու համար դեռևս պետք է հատկացվի 144 միլիոն դրամ, որն էլ, ինչպես կառավարությունը որոշեց, կտրամադրի։
Մեկնաբանել