
Հարկային արտոնություն՝ «Մեդիկալ հորիզոն»-ին և «Ֆուրնիվուդ»-ին
Կառավարությունը այսօրվա նիստում տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի առաջարկով որոշեց՝ «Մեդիկալ հորիզոն» և «Ֆուրնիվուդ» ընկերություններին տրամադրել արտոնություն, որով Հայաստան կներմուծեն ապրանք՝ ներմուծման մաքսատուրքից ազատման արտոնությունից օգտվելով։
«Մեդիկալ հորիզոն»-ի կողմից ներմուծվող հումքն օգտագործվելու է դեղագործության մեջ։ Ընկերության կողմից նախատեսված ծրագրի արժեքը կազմելու է 181 մլն դրամ՝ ստեղծելով 15 նոր աշխատատեղ՝ 120 000 դրամ միջին աշխատավարձով։ Արտադրական ծավալները կազմելու են 460 մլն դրամ, որից 400 միլիոնը իրացվելու է Հայաստանի տարածքում, իսկ 60 միլիոնն արտահանվելու է երրորդ երկրներ։
Ներմուծման մաքսատուրքի ազատման արտոնությունից օգտվող մյուս ընկերությունը՝ «Ֆուրնիվուդ»-ը, Հայաստան կներմուծի 13 անուն սարքավորումներ, որոնք կօգտագործվեն ներքնակների, անկողնային պարագաների արտադրությունում։ Ընկերության կողմից ներմուծվող սարքավորումներից որոշները պետական եկամուտների կոմիտեն առաջարկել է հանել ցանկից` հաշվի առնելով այն, որ դրանց համար սահմանված է ներմուծման մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափ:
«Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք` նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- ասվում է արտոնությունների տրամադրման որոշման նախագծերում։
Ըստ պետական ռեգիստրի տվյալների՝ «Մեդիկալ հորիզոն»-ը գործում է 2006 թվականից, իսկ «Ֆուրնիվուդ» ընկերության մասին որևէ տեղեկատվություն չկա ո´չ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալներում, ո´չ էլ հարկային ծառայողների հարկ վճարողների բազայում։
Ինչպես «Հետք»-ին պարզաբանեցին տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունից և ուղարկեցին հավաստող փաստաթուղթ՝ ընկերությունը 2006 թվականին գրանցված «Դեկորա-Գրուպ» ՍՊԸ-ն է, որ մայիս ամսին անվանափոխվել է` դառնալով «Ֆուրնիվուդ»։
Մեկնաբանել