
Կպարզեցվի երկակի նշանակության ապրանքների, արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարությունը
Այսօր տեղի ունեցած կառավարության նիստի ժամանակ Կարեն Կարապետյանը մի շարք հանձնարարականներ է տվել: Դրանցից մեկը վերաբերում էր երկակի նշանակության ապրանքների, արտադրանքի արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցմանը:
«Ժամանակակից տեխնոլոգիաների զարգացման ոլորտում չափազանց կարևոր է ստեղծել նման արտադրանքների արտահանման և ներմուծման համար բարենպաստ և հստակ պայմաններ: Մեր կողմից իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզ է դարձել, որ երկակի նշանակության ապրանքների, ծածկագրային միջոցների և այլ սարքերի ներկրման և արտահանման գործող կարգերը տնտեսվարողների համար համար հստակ և կանխատեսելի չեն, ինչպես նաև ժամանակատար են: Նշված խնդիրը հարկավոր է լուծել գործող փաստաթղթավորման պահանջների և իրականացվող վարչարարության պարզեցմամբ», - նշել է Կարեն Կարապետյանը:
Վարչապետը հանձնարարել է տնտեսական զարգացման և ներդրումների, տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների, պաշտպանության նախարարներին, ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահին, ԿԱ ազգային անվտանգության ծառայության տնօրենին և առաջարկել առևտրաարդյունաբերական պալատի նախագահին՝ երեքշաբաթյա ժամկետում ներկայացնել հստակ ձևակերպված առաջարկություններ «Մեկ պատուհանի» սկզբունքի կիրառմամբ՝ վերոնշյալ ապրանքատեսակների արտահանման և ներմուծման վարչարարության պարզեցման և այդ գործընթացը հնարավորինս արագ, արդյունավետ և տնտեսվարողի համար կանխատեսելի և մատչելի դարձնելու մեխանիզմներ սահմանելու վերաբերյալ: Անհրաժեշտության դեպքում համագործակցել «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամի հետ:
Մեկնաբանել