HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լիանա Սայադյան

Պյոտր Սվիտալսկի. «Իրավապահ համակարգը, պետության մի մասը լինելով, չպետք է ընկալվի քաղաքական էլիտայի շահերին ծառայող»

Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակն այսօր համաժողով էր հրավիրել «Ընտրական զարգացումները Հայաստանում. քաղված դասերը և հետագա քայլերը» թեմայով: Համաժողովի նպատակն էր քննարկել, թե ինչպես են կազմակերպվել եւ ընթացել 2017թ. խորհրդարանական եւ Երեւանի ավագանու ընտրությունները, որքանով են դրանք համապատասխանել ընտրական գործընթացների բարելավմանն ուղղված միջազգային չափանիշներին:

Բացման խոսքով հանդես եկած ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին, խոսելով ընտրությունների մասին, անդրադարձավ Ընտրական օրենսգրքի բարելավման, ԿԸՀ կազմը փոխելու եւ նրանում քաղաքացիական հասարակության ներգրավման անհրաժեշտությանը, պետական հաստատությունների, մասնավորապես` իրավապահ համակարգի նկատմամբ անվստահությանն ու արժանահավատության բացակայությանը: 

«Ընտրական օրենսգիրքն ամբողջ աշխարհում, այդ թվում` ՀՀ-ում, իշխող կուսակցությունը փորձում է ծառայեցնել իր շահերին։ Սակայն աշխարհում ԸՕ-ն չի դառնում բաժանող խնդիր, նույնն էլ կցանկանայի, որ ՀՀ-ում լինի... Եթե իրավապահ մարմինները չեն դիտվում անկախ ու չեզոք, ապա երբեք չենք կարողանալու համոզել հանրությանը, որ ի շահ իրենց են գործում։ Իրավապահ համակարգը, ճիշտ է, պետության մի մասը լինելով, չպետք է ընկալվի քաղաքական էլիտայի շահերին ծառայող։ Հանրային ընկալումները պետք է փոխել»,- ասաց ԵՄ դեսպանը։   

Նա նշեց, որ ընտրատեղամասերում ընտրությունները արդար են եղել, սակայն ուշադրություն պետք է դարձնել, թե ինչ է տեղի ունեցել ընտրատեղամասից դուրս։ Դեսպանը նկատեց, որ ինքը տեղյակ է ձայներ գնելու, ընտրակաշառքի, սպառնալիքների, ուղղորդման դեպքերի մասին։ 

Ակնարկելով պատգամավոր Արտակ Սարգսյանին պատկանող «ՍԱՍ» գրուպի աշխատակցիների հետ տեղի ունեցած «նախընտրական հանդիպումը», որի ձայնագրությունը ընտրություններից հետո տարածվեց համացանցում` պրն Սվիտալսկին նշեց. «Մասնավոր հիմնարկների աշխատողները բռի, անկիրթ վերաբերմունքի են արժանացել` ձայն բերելու համար։ Երբեմն բարդություններ կան, որոնք պետք է քրեական գործում բացահայտվեն, սակայն այս փաստերը ակնհայտ են, ու կարծում եմ` ջանքեր կներդրվեն, որ դրանք վերանան»։ 

Համաժողովին ելույթ ունեցան ինչպես ընտրական գործընթացում ներգրավված պետական մարմինների, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ: ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը զեկուցեց այս ընտրություններում ԿԸՀ իրականացրած «աննախադեպ ծավալի ուսուցումների, հանձնաժողովների անդամների եւ էլեկտրոնային սարքավորումների մասնագետների վերապատրաստման», էլեկտրոնային սարքերով ընտրությունների վերահսկման եւ առհասարակ ԿԸՀ արդյունավետ աշխատանքի մասին: Նրա խոսքով` տեղական դիտորդական կազմակերպությունները բարձր են գնահատել ընտրական հանձնաժողովների անդամների իմացության մակարդակը: Պրն Մուկուչյանի նկարագրած «դրական» պատկերը ցրելու փորձ արեց «ԵԼՔ» դաշինքից Աժ պատգամավոր ընտրված Արարատ Միրզոյանը: Նա ասաց, որ ընտրատեղամասերում տեղադրված, սակայն իրար չմիացված էլեկտրոնային սարքավորումները չեն ապահովում կրկնակի քվեարկության բացառումը. «3 անձնագիր ունեցող եւ իշխանության հովանավորությունն ունեցող անձը կարող էր երեք անգամ հանգիստ քվեարկել տարբեր ընտրատեղամասերում»:

«Ելք» դաշինքի մեկ այլ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը խոսեց այս ընտրություններում քաղաքական կոռուպցիայի առկայության եւ այլ խնդիրների մասին: «Եթե ռեյտինգային ցուցակներով ընտրելու հնարավորությունը չվերացվի կամ վերանայվի, ընտրություններն այսուհետ վերածվելու են փողի պայքարի»: Նա նույնպես մատնացույց արեց ընտրատեղամասերից դուրս տեղի ունեցող ընտրախախտումները` նշելով, որ դա վերջին 5 տարվա քաղաքական համակարգի հիվանդության արդյունքն է: Վարչական ռեսուրսի չարաշահման եւ փողով ձայների գնման արատավոր երեւույթի դեմ պայքարը առաջիկա տարիներին նա համարում է ոչ միայն քաղաքական ուժերի, այլեւ հասարակական բոլոր շերտերի ու խմբերի հիմնական խնդիրն ու անելիքը: «Ընտրակաշառքի առաջարկ ստացած հազարավոր մարդկանց մեջ չկա մեկը, որ կգնա եւ ցուցմունք կտա այդ մասին: Մեր խնդիրն է առաջիկա 5 տարում փոխել քաղաքացիների վերաբերմունքը ընտրական համակարգի նկատմամբ: Հակառակ դեպքում այս ցիկլը կրկնվելու է»:

«Ինչու «Ելք» դաշինքը չբողոքարկեց ընտրությունների արդյունքները` այդպիսով լեգիտիմացնելով դրանք» հարցին, Մարուքյանը պատասխանեց. «Ի՞նչը բողոքարկեինք` քաղաքացիների փող վերցնե՞լը: Ինչ փաստ ունեցել ենք, բողոքարկել ենք, օրինակ` դպրոցների տնօրենների կողմից ցուցակագրումները: Մենք չենք ցանկացել չունեցած փաստերով, չունեցած ապացույցներով գնալ դատարան»: Ապա հավելեց, որ իրավիճակի բեռը պետք է մնա փող վերցրած քաղաքացիների վրա. «Ես չեմ ուզում փող վերցրած գեթ մեկ քաղաքացու արդարացնել, ի վերջո, ոչ մեկի գլխին ատրճանակ չեն պահել»: Մարուքյանի այս խոսքին հակադարձեց «Բաց հասարակության հիմնադրամներ» կազմակերպության նախագահ Լարիսա Մինասյանը` ասելով, որ «ատրճանակը կարող է լինել նաեւ «ՍԱՍ»-ի ժողովի տեսքով»:

Մարուքյանը նշեց, որ դաշինքում ընտրությունների արդյունքները բողոքարկելու փորձ ունեցող գործիչներ կան` Նիկոլ Փաշինյանը, Արամ Սարգսյանը, բայց այս անգամ նրանք էլ որոշել են չբողոքարկել: Իրենց ուղղված մեղադրանքը, թե լեգիտիմացրել են ընտրությունների արդյունքները, Մարուքյանն արդարացված չհամարեց, որովհետեւ դրանք հնչում են այն ուժերի կողմից, որոնք 2007թ.-ի ավելի վատ ընտրություների արդյունքները բողոքարկել են ՍԴ, պարտվել են, բայց վերցրել են մանդատներն ու գնացել ԱԺ:   

Համաժողովում անդրադարձ եղավ նաեւ ընտրությունների լուսաբանմանը: Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ Տիգրան Հակոբյանն ասաց, որ այս ընտրություններում առաջին անգամ քաղաքական ուժերի համար հեռուստաընկերությունները ընտրարշավի հիմնական հարթակ չէին, եւ դա հնարավորություն տվեց շատ կրեատիվ քարոզարշավ անել: Քաղաքական ուժերի նախընտրական բյուջեի մի մասն էլ ուղղվեց համացանց, որն ազատ է եւ հեռուստաոլորտի նման խստորեն չի կարգավորվում: Մյուս կողմից, սակայն, Հակոբյանի դիտարկմամբ` համացանցն օգտագործվեց ապատեղեկատվության եւ ֆեյք նորությունների տարածման համար: Իսկ հեռուստաընկերությունները դարձան «շատ ստերիլ եւ անատամ Ընտրական օրենսգրքի եւ ՀՌԱՀ-ի մոնիտորինգի մեթոդաբանության պատճառով»:

Պրն Հակոբյանի հետ անհամաձայնություն հայտնեց Երեւանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը, որի ղեկավարությամբ հեռուտսաընկերությունների մոնիտորինգ էր իրականացվել: Նա նշեց, որ հեռուստաընկերությունների դերը նախընտրական քարոզարշավում նախկինի պես մեծ էր, սակայն ոչ թե «գծային, ինչպես 20 տարի առաջ, այլ ավելի բարդ»: Նա օրինակներով ցույց տվեց, որ այս ընտրարշավում հեռուստաընկերությունների կողմից ամենից շատ քննադատվել է ՀՀԿ-ն, բայց դա կիրառված քաղաքական տեխնոլոգիա է. շատ լավ հասկանալով, որ իշխող կուսակցությունից դժգոհությունը մեծ է, նրանք քննադատում էին, բայց եւ ցույց տալիս, առանձնապես այլընտրանք չկա, «ՀՀԿ-ին լուրջ ձեռնոց նետող չկա»: Իր զեկույցը պրն Նավասարդյանն ավարտեց մեկ այլ կարեւոր խնդրի մատնանշումով` նախընտրական բանավեճերի բացակայությունը: Իբրեւ լուծում նա առաջարկեց օրենքով պարտադրել կուսակցությունների առաջին դեմքերին` մասնակցել նախընտրական բանավեճի: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter