
Ըստ հաղորդման` ոստիկանները մարմնական վնասվածքներ են պատճառել
Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ոստիկանության աշխատակիցների կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի վերաբերյալ Ս. Մ.-ի ներկայացրած հաղորդման առթիվ նախապատրաստված նյութերով: Այս մասին տեղեկացնում է ՀՔԾ-ն։
Մասնավորապես, Շիրակի մարզի Գյումրի քաղաքի բնակիչ Ս. Մ.-ն իր որդու` բնակարանային կողոպուտի մեջ մեղադրվող Ա. Մ.-ի վերաբերյալ քրեական գործի դատաքննության ընթացքում հայտնել է, որ 01.03.2016թ.-ին որդուն ձերբակալելիս ոստիկանության Շիրակի մարզային վարչության Կումայրիի բաժնի աշխատակիցները վերջինիս նկատմամբ բռնի գործողություններ են կատարել:
Հատուկ քննչական ծառայությունում տված նույնաբովանդակ հաղորդմամբ՝ Ս. Մ.-ն պնդել է, որ ոստիկանները ծեծի են ենթարկել որդուն, որի հետևանքով վերջինս մարմնական վնասվածքներ է ստացել: Մայրը հայտնել է նաև, որ որդուն բուժօգնություն ցույց տալու համար ոստիկանության բաժին են գնացել Շտապօգնության ծառայության աշխատակիցները:
Պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձանց կողմից բռնությամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու փաստով՝ հատուկ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով:
Կատարվում է նախաքննություն:
Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Մեկնաբանել