
Նորաստեղծ հիմնադրամը կաջակցի Գյումրու թատրոնին իրականացնել մշակութային եւ սոցիալական ծրագրեր
Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ստեղծված հիմնադրամը միտված է լինելու լուծելու մի շարք սոցիալական, մշակութային, տեխնիկական հարցեր՝ բնակարաններ անօթեւան արտիստներին, պետպատվերից դուրս իրանացվող ներկայացումների ֆինանսավորում, դերասանների արտերկրում վերապատրաստում եւ այլն:
Թատրոնի տարեկան բյուջեն 210 մլն դրամ է, որից 160 մլն դրամը պետական աջակցությունն է, իսկ 50 մլն-ը գոյանում է վաճառվող տոմսերի, կոմերցիոն նպատակով վարձակալությամբ տրվող տարածքներից: Թատրոնի տնօրեն Տիգրան Վիրաբյանի փոխանցմամբ, նշված գումարի սամաններում շատ աշխատանքներ թատրոնը պարզապես ի վիճակի չէ իրականացնել, որքան էլ որ ցանկությունը մեծ լինի:
«Մենք տարվա կտրվածքով նախարարությունից ստանում ենք ֆինանսավորում երեք ներկայացման համար, սակայն եթե ուզում ենք եւս 4 ներկայացում լրացուցիչ բեմ հանել, ապա կանգնում ենք խնդրի առաջ,-ասաց Տիգրան Վիրաբյանը,-մենք ունենք թատրոնում ստեղծագործող 7 դերասան, ովքեր մինչեւ հիմա վարձով են ապրում: Ունենք թատրոնում լուծելիք տեխնիկական, ինչպես նաեւ վերանորոգման հետ կապված խնդիրներ: Այս ու մի շարք հարցերի լուծումը կարծում եմ հիմանդրամի ձեւավորումից հետո կհեշտանա»:
Անցած 14 տարիների ընթացքում վարձակալությամբ ապրող դերասանների համար թատրոնի բյուջեից հատկացվել է 60 հազար դոլար: Հիմնադրամի գործելու դեպքում հնարավոր կլինի ձեռք բերել բնակարաններ, որոնք օգտագործման իրավունքով կտրամադրվեն դերասաններին, սակայն կմնան որպես հիմնադրամի սեփականություն: Սա հնարավորություն կտա պետբյուջեից վարձակալության համար տրամադրվող գումարներն ուղղել այլ խնդիրների լուծման: Ծառայողական բնակարանների առկայությունը հնարավորություն կընձեռի թատրոնի տնօրինությանը Հայաստանի այլ բնակավայրերից դերասաններ հրավիրելու Գյումրու դրամատիկականում աշխատելու:
Գյումրու դրամատիկական թատրոնին կից հիմնադրամ ունենալու գաղափարը ծնվել էր վաղուց, սակայն իրականություն դարձավ միայն վեց ամիս անց: Հունիսի 15-ին կայացավ հիմանդրամի հոգաբարձուների առաջին նիստը: Հիմնադրամի տնօրեն ընտրվեց թատրոնի գլխավոր ռեժիսոր Լյուդվիգ Հարությունյանը, հոգաբարձուների խորհրդի նախագահ՝ մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը:
«Առաջին ներդրումն իր անձնական միջոցներից արդեն իսկ խոստացել է անել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը,- նշեց Արթուր Պողոսյանը,- մենք շատ ուրախ ենք, որ այս նախաձեռնությունը կյանքի է կոչվել՝ խոսքը հիմնադրամի մասին է, որը Գյումրու թատրոնը դարձնելու է առավել ինքնաբավ: Վստահ եմ, որ հիմնադրամին աջակցողներ շատ կլինեն, որի շնորհիվ թատրոնի բազմաթիվ ծրագրեր հնարավոր կլինի իրականացնել»:
Փոխնախարարը հայտնեց, որ նմանատիպ հիմնադրամ գործում է նաեւ օպերայի եւ բալետի թատրոնին կից, իսկ մարզայիններից առաջինը Գյումրիում ստեղծվեց, քանի որ կար ցանկություն՝ գումարած դրան աճեմյանականների կողմից սահմանված բավական բարձր նշաձողը:
«Գումարը, որ մենք ներկայում ստանում ենք, լիուլի բավարարում է ստանդարտ աշխատանքները կազմակերպելու համար՝ մեկ-երկու ներկայացում բեմ հանել, վճարել լույսի ու գազի համար, որոշակի մանր-մունր աշխատանքներ կատարել շենքի ներսում: Բայց քանի որ Գյումրու դրամատիկականն իր առաջ խնդիր է դրել անել ավելին, անել ոչ թե տարեկան 3, այլ 7 ներկայացում, ապա լրացուցիչ ֆինանսներ գտնելու հարցը ուզենք, թե չուզենք պիտի առաջանար: Եթե ուզում ենք ունենալ բարձրակարգ լուսային էֆեկտներ, վերանորոգված, ժամանակակից հարդասենյակներ դերասանների համար, հյուրախաղերի հնարավորություն եւ այլն, ուրեմն չկար այլ ճանապարհ, քան հիմնադրամի ստեղծումը», - շեշտեց Տիգրան Վիրաբյանը:
Մեկնաբանել