HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննարկվել է թունաքիմիկատների մեկուսացման ծրագիրը

Արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացել է «Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և կայուն օրգանական աղտոտիչներով (ԿՕԱ) վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի ղեկավար խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է ԱԻ նախարար Դավիթ Տոնոյանը։ Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։

Քննարկմանը ներկա են եղել ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Խաչիկ Հակոբյանը, ՄԱԿ-ի Զարգացման գործակալության ծրագրի տնօրեն Գայանե Ղարաբեբակյանը, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Մարիյասինը, Գյուղատնտեսության և Առողջապահության նախարարությունների ներկայացուցիչներ և փորձագետներ:

Ողջունելով ներկաներին՝ Դ․ Տոնոյանը մաղթել է կառուցողական քննարկում՝ հույս հայտնելով, որ նիստի ընթացքում հնչած առաջարկները, մեկնաբանություններն ու նախաձեռնությունները հնարավորություն կտան հասնել ցանկալի արդյունքի։

«Ժամկետանց պեստիցիդների պաշարների ոչնչացում և ԿՕԱ-ով վարակված տեղանքների աղտազերծում` քիմիկատների անվտանգ կառավարման» ծրագրի նպատակն է ակտիվ սողանքային գոտում գտնվող Նուբարաշենի թունաքիմիկատների գերեզմանոցում թաղված ԿՕԱ-ների արտաբերումը, փաթեթավորումը և ոչնչացման համար տեղափոխումն անվտանգ, մեկուսացված վայր: Այս նպատակով նախատեսվում է տրամադրել պահեստային շինություն, որը հնարավորություն կտա Հայաստանում ունենալ քիմիական վտանգավոր նյութերի պահպանության պահեստային տարածք` համապատասխանեցված բնապահպանական անվտանգության ապահովման ժամանակակից չափանիշներին:

Նիստի ընթացքում քննարկվել են մի շարք գաղափարներ և տեսակետներ՝ կապված կառուցվելիք պահեստային շինության տեղակայման վայրի, կառուցման ինժեներական լուծումների, ֆինանսական և այլ հարցերի հետ։ Հանդիպման ավարտին որոշվել է, որ մոտ ապագայում ծրագրի ղեկավար խորհուրդը հանդես կգա վերջնական որոշմամբ, որից հետո կմեկնարկեն գործնական աշխատանքները։

ԱԻՆ-ը հիշեցնում է, որ վերոնշյալ ծրագիրը ստորագրվել է բնապահպանության նախարարության և ՄԱԿ-ի Զարգացման Գործակալության միջև և ընդգրկված է կառավարության գերակա խնդիրներում: Մինչև ծրագրի ստորագրումը կազմակերպվել են մի քանի հանրային լսումներ, ինչպես ԱԻ և բնապահպանության նախարարությունների, այնպես էլ ՄԱԿ-ի Զարգացման գործակալության կողմից: Հանրային քննարկումներին մասնակցել են նաև բնապահպանական հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունները:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter