Ֆիլհարմոնիկ նվագախումբը մինչև տարեվերջ հանդես կգա ևս 4 տոնական համերգով
Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը մինչև տարեվերջ հանդես կգա ևս 4 տոնական համերգով: Դեկտեմբերի 16-ին ՀՊՖՆ-ն կներկայացնի հռչակավոր կոմպոզիտոր Գյուստավ Հոլսթի «Մոլորակներ» սյուիտը, ինչին առանձնահատուկ շուք կհաղորդի համակարգչային գրաֆիկան: Համերգին մասնակցում է «Հովեր» պետական կամերային երգչախումբը:
Դեկտեմբերի 21-ին և 25-ին նվագախումբը կներկայացնի Պյոտր Չայկովսկու «Շչելկունչիկ» բալետի համերգային կատարումը, որը կուղեկցվի Հոֆմանի հանրահայտ հեքիաթի ընթերցմամբ և հեքիաթը պատկերող գեղարվեստական նկարների էկրանավորմամբ: Համերգին մասնակցում է «Սպեղանի» մանկական երգչախումբը:
Դեկտեմբերի 24-ին կկայանա Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի 85-ամյակին նվիրված գալա համերգը (մենակատար՝ Սերգեյ Խաչատրյան, ջութակ):
2011 թ. Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբն իրականացրել է մի շարք հոբելյանական և տոնական նախագծեր: Դրանց շարքում նշանավորվել են Երևանյան միջազգային երաժշտական 5-րդ հոբելյանական փառատոնի մեկնարկին նվիրված կարևորագույն տոների՝ ՀՀ անկախության 20-ամյակին և ՀՊՖՆ-ի 85-ամյա հոբելյանին նվիրված համերգային ծրագրերը:
Սեպտեմբերի 21-ին Հանրապետության հրապարակում նվագախումբը փայլուն կերպով ներկայացրել է հայ անվանի կոմպոզիտորների ստեղծագործություններից կազմված «Հերոսական բալլադ» համերգային ծրագիրը՝ նվիրված ՀՀ անկախության 20-ամյակին:
Համերգաշրջանի ընթացքում իրականացվել են հայ երաժշտարվեստում մեծագույն ավանդ ունեցող կոմպոզիտորների հոբելյաններին նվիրված հանդիսություններ, հնչել բազմաթիվ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ:
Օգոստոսին լույս է տեսել ՀՊՖՆ-ի հերթական, «Հայկական ռապսոդիա» խորագրով ձայնասկավառակը, որը ներառում է հայ կոմպոզիտորների հեղինակած չորս գործ՝ Արամ Խաչատրյանի «Կոնցերտ-Ռապսոդիան» (թավջութակի և նվագախմբի համար), Սուրեն Զաքարյանի «Մոնոգրաֆը» (թավջութակի և կամերային նվագախմբի համար), Վաչե Շարաֆյանի «Սյուիտը» (թավջութակի և նվագախմբի համար), Կոմիտասի «Կռունկը»: Այս մասին հայտնում է ՀՀ մշակույթի նախարարությանը՝ վկայակոչելով դեկտեմբերի 14-ին անցկացված ՀՊՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի և ռեժիսոր, նկարիչ Սուքիաս Թորոսյանի մամուլի ասուլիսը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել