HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նախատեսվում է հիմնել ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն

«Մենք պլանավորում ենք Արյունաբանական կենտրոնի բազայի վրա նոր հեմատոլոգիայի, մանկական հեմատոլոգիայի, ինչպես նաև ցողունային բջիջների, ոսկրածուծի փոխպատվաստման կենտրոն ունենալ, որը համարվում է ամենաժամանակակից բուժման մեթոդներից մեկը»,- երեկ՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը:

ՀՀ առողջապահության նախարարության տեղեկացմամբ՝ նա այցելել է պրոֆեսոր Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն, հանդիպել բուժանձնակազմին, քննարկել օնկոհեմատոլոգիական ծրագրի զարգացմանն առնչվող մի շարք հարցեր:

Արյունաբանական կենտրոնում Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խումբը մշակել է Հայաստանում արյունաբանության զարգացման ծրագիր, որով նախատեսվում է Արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքում հիվանդների բուժման պայմանները և ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունները հասցնել միջազգային չափանիշներին:

Արյունաբանական կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանի խոսքով՝ վերջին երկու տարվա ընթացքում արյան հիվանդությունների բուժումը կազմակերպելու համար որոշակի ներդրումներ են կատարվել Արյունաբանական կենտրոնում:

«Ժամանակն է, որ բոլոր շահագրգիռ կազմակերպությունները, մարդիկ միավորվեն առողջապահության նախարարության պետական Արյունաբանական կենտրոնի շուրջ և իրենց բոլոր ներդրումներն ու մասնագիտական կարողությունները ներդնեն լեյկեմիայով հիվանդների բուժման գործընթացը կազմակերպելու համար»,- ասել է Սմբատ Դաղբաշյանը:

Միջազգային տվյալների համաձայն՝ ուռուցքային հիվանդությունների շարքում հեմոբլաստոզները կազմում են 6-7%: Տարեկան ախտորոշվող արյան չարորակ հիվանդությունների կազմում սուր լեյկոզների քանակը կազմում է 90-100 դեպք, որից երեխաների մոտ՝ 25-30 դեպք:

Ներկայում Արյունաբանական կենտրոնի դիսպանսեր հսկողության տակ է մոտ 3800 հիվանդ, որից մոտ 900-ը՝ երեխա: Դիսպանսեր հսկողության տակ գտնվող հիվանդներից հեմոբլաստոզով տառապում է մոտավորապես 1900-ը /50%/, որից 202-ը՝ երեխա:

Արյան չարորակ հիվանդություններով տառապող հիվանդների բուժումն իրականացվում է պետպատվերի շրջանակներում՝ բուժման ժամանակակից սխեմաներով, ինչը թույլ է տալիս 50-60% դեպքերում ստանալ լիարժեք կլինիկահեմատոլոգիական ռեմիսիա: Երեխաների մոտ առողջացման ցուցանիշը կազմում է 70%:

Որոշ դեպքերում ռեցիդիվների և ռեզիստենտ ձևերի ժամանակ քիմիաթերապիայի հետ մեկտեղ կարիք է առաջանում հիվանդներին կատարել ոսկրածուծի/ցողունային բջիջների փոխպատվաստում, որի արդյունավետությունը կազմում է մոտ 25%:

Արյունաբանական կենտրոնում պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանի ղեկավարությամբ ստեղծված աշխատանքային խումբը մշակել է ՀՀ-ում արյունաբանության զարգացման ծրագիր, որը ներկայացվել է Առողջապահական ծրագրերի իրագործման գրասենյակ Համաշխարհային բանկից ֆինանսավորման համար:

Արյունաբանական ծառայության զարգացման ուղղությամբ արդեն կատարվել են որոշակի աշխատանքներ՝ արյան հիվանդությունների ախտորոշման մակարդակի բարձրացման համար ձեռք է բերվել ցիտոֆլյուրոմետր սարքը, փոխներարկվող արյան բաղադրամասերի վարակային անվտանգության մակարդակի բարձրացման նպատակով ձեռք է բերվել վիրուսինակտիվացման սարքը, Արյունաբանական կենտրոնում առկա է ցողունային բջիջների հավաքագրման սարք, և ստեղծվել է ժամանակակից սարքավորումներով հագեցված արյան բաղադրամասերի երկարատև պահպանման բանկ, որը հնարավորություն է ընձեռում պահպանել նաև հավաքագրված ցողունային բջիջները:

Մշակված ծրագրով նախատեսվում է իրականացնել Արյունաբանական կենտրոնի կլինիկական մասնաշենքի վերակառուցման և վերանորոգման աշխատանքներ, ինչը թույլ կտա հասցնել հիվանդների բուժման պայմանները միջազգային չափանիշներին, վերազինել լաբորատոր (մորֆոլոգիական, ցիտոլոգիական, մակարդելիության, բիոքիմիական, ցիտոգենետիկական, իմունոլոգիական, մանրէաբանական) և ֆունկցիոնալ ախտորոշման ծառայությունները:

Այս ծրագրի իրագործումը հնարավորություն կտա Արյունաբանական կենտրոնում իրականացնել բարձրդեղաչափային քիմիաթերապիա, որը ներկայում արյան չարորակ հիվանդությունների բուժման առավել արդյունավետ միջոց է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter