HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի շինարարության նախապատրաստման աշխատանքները ընթացքի մեջ են

Մեկնարկել են «Էլեկտրահաղորդման ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Երևանի ՋԷԿ»-ի նոր ենթակայանի շինարարության նախապատրաստման աշխատանքները։ Այս մասին տեղեկացնում է էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը։

Ընկերության տեխնիկական տնօրեն Արկադի Գևորգյանի փոխանցմամբ՝ այս պահին ընթանում են ենթակայանի կառուցման շինհրապարակի կարգաբերման միջոցառումներ, կատարվում են հողային աշխատանքներ։

«Ծրագրի իրականացմամբ «Երևանի ՋԷԿ»-ը կունենա 220 կՎ նոր ենթակայան, ինչը պայմաններ կստեղծի կրճատելու սարքավորումների խափանումների հաճախականությունը, կբարձրացնի ենթակայանի աշխատանքի հուսալիությունն ու արդյունավետությունը, հնարավորություն կընձեռի նոր ջերմային էներգաբլոկի արտադրած էլեկտրաէներգիան փոխանցել համակարգ»,- հավաստիացրել է Արկադի Գևորգյանը։  

Նոր ենթակայանի կառուցման շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 2018թ.։ Այն իրականացնում է AB SUBSTATIONS AND COBRA INSTALACIONES Y SERVICIOS S.A. (Շվեդիա/Իսպանիա) կոնսորցիումը։ Ենթակայանի կառուցման արժեքը կազմում է շուրջ 17 մլն եվրո։

Նախարարությունը հիշեցնում է, որ «Երևանի ՋԷԿ»-ի գործող ենթակայանը շահագործման է հանձնվել 1963թ.։ Վերջինիս խափանման դեպքում կայանն անջատվում է ցանցից և անհրաժեշտություն է առաջանում գործարկել այլ՝ ավելի թանկ հզորություններ։ Այդ իսկ պատճառով, ըստ հաղորդագրության, չափազանց կարևոր է «Երևանի ՋԷԿ»-ում արտադրվող էլեկտրաէներգիայի անխափան մատակարարումը, հատկապես, որ այս կայանին բաժին է ընկնում Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի շուրջ 20 տոկոսը:

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter