Հակոբ Հակոբյանի եղբոր որդու ձերբակալության մանրամասները (վիդեո)
Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև առանձնապես ծանր հանցագործություն կատարելու համար հետախուզվող անձանց հայտնաբման աշխատանքներն ակտիվացնելու նպատակով, ոստիկանության պետը հանձնարարական է տվել համապատասխան ստորաբաժանումներին:
Վերջին օրերին ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչությունը, 18-ամյա վաղեմության սպանությունը բացահայտելուց հետո, տրամաբանական ավարտին հասցրեց նախկինում կատարված աղմկահարույց հանցագործության մի բացահայտում ևս:
Երեկ, իրացնելով օպերատիվ տվյալները, ոստիկանության ՔՀԳՎ աշխատակիցները բերման են ենթարկել 2006 թվականից հետախուզվող, 1978 թ. ծնված Ստեփան Հակոբյանին: Գործը, որով նա հետախուզվում էր, ժամանակին ստացել էր հասարակական հնչողություն:
2006 թվականի հունիսի 22-ին Երևանում կրակոցներ հնչեցին: Ոստիկանության ամփոփագրերում դեպքը ներկայացվեց այսպես.
Ժամը 14.45-ի սահմաններում, Երևանի Սեբաստիայի և Տիչինայի փողոցների խաչմերուկում, անհայտ անձը ԱԿ-74 տիպի ինքնաձիգից կրակահերթ է արձակել «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի վրա, ինչի հետևանքով վարորդ, 1980 թ. ծնված Սեդրակ Վահանի Զատիկյանը վիրավորվել է և հիվանդանոցի ճանապարհին մահացել: Նույն վայրում կրակոցներից մահացել է անցորդ, 1969 թ. ծնված Կարինե Սարգսյանը:
ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի հատկանիշներով հարուցվեց քրեական գործ և հետախուզում հայտարարվեց Ստեփան Հակոբյանի նկատմամբ: Ստեփան Հակոբյանի հետ բերման են ենթարկվել նաև 1968 թ. ծնված Աշոտ Հակոբյանն ու 1971 թ. ծնված Արայիկ Եղիազարյանը, որի մոտից խուզարկությամբ հայտնաբերված ատրճանակն ուղարկվել է փորձաքննության:
Դեկտեմբերի 14-ի երեկոյան խուզարկություն կատարվեց Ստեփան Հակոբյանի փաստացի բնակության վայրում՝ Մալաթիայի փողոցի թիվ 24 տանը, որի առաջին հարկի հյուրասենյակի սեղանի վրայից հայտնաբերվեց մոտ 45 գրամ կանեփանման դեղնականաչավուն զանգված: Նախկինում կատարված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ միջոցառումները շարունակվում են: Այս մասին հայտնում է ոստիկանությունը:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել