HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ОВИР: Կողմնակի անձանց ելքն արգելվում է (Մաս 1)

Երբ նախկին հայրենադարձի հետ զրուցելիս՝ հարցնում ես ОВИР-ի մասին, անպայման քմծիծաղ է տալիս։ Ժամանակակից մարդը չի հասկանա՝ ինչպես կարող է ԽՍՀՄ ներքին գործերի նախարարության մի ստորաբաժանման (հայերեն՝ վիզաների եւ գրանցումների բաժին) անունն ավելի քան կես դար արտասահմանում ապրող մարդու դեմքին քմծիծաղ նկարել։ Իրականում դա պաշտպանություն է անցյալի ոչ այնքան հաճելի հուշերից։

ОВИР-ն «ասեղի այն անցքն» էր, որով խորհրդային քաղաքացին պետք է անցներ արտասահմանում ճամփորդելու կամ մշտական բնակվելու համար։ 1935 թվականի վերջին ստեղծված այդ մարմինը մինչեւ Ստալինի մահը եւ անձի պաշտամունքի մերկացումը, կարելի է ասել՝ պարապուրդի էր մատնված։ Այն սպասարկում էր միայն հատուկ, կարեւոր գործերով արտասահման մեկնող սովետական քաղաքացիներին կամ արտասահմանից Խորհրդային Միություն այցելող օտարներին։ Երկուսի թիվն էլ բավական սահմանափակ էր։ Իսկ սթափ միտք ու դատողություն ունեցող ԽՍՀՄ քաղաքացին չէր հանդգնի անգամ ОВИР-ի շենքին մոտենալ։

Անկեղծ ասած՝ ցանկությունն էլ շատ մեծ չէր, որովհետեւ կոմունիստական քարոզչությունը ստեղծել էր մի մտակաղապար, համաձայն որի` աշխարհը սեւ ու սպիտակ էր, լույս ու մութ, բարի ու չար։ Եւ ի՞նչ իմաստ ուներ սպիտակը թողած՝ ձգտել սեւին, լույսը թողած` մութ տեղ գնալ, բարին ստորադասել չարին։  

Համաշխարհային 2-րդ պատերազմն այդ անտագոնիզմը որոշ չափով մեղմեց։ Երբ ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան գերմանական նացիզմի դեմ պայքարում դաշնակցեցին ԽՍՀՄ-ի հետ, խորհրդային քարոզչությունը սկսեց հարգանքով խոսել «երկաթե վարագույրից» անդին գտնվող «տարածքի» մասին։ Բայց դա երկար չտեւեց. բարեկամությունը ժամանակավոր էր, ուղղված համընդհանուր վտանգի դեմ։

Խրուշչովյան վաղ շրջանում նույնպես ОВИР-ը «հյուրընկալ օջախ» չէր։ Ժամանակ առ ժամանակ, ենթակայությունը փոխելով՝ այն հայտնվում էր մերթ КГБ-ի (պետանվտանգության կոմիտե), մերթ ներքին գործերի նախարարության կազմում։ Այս «թափառումը» ու КГБ-ի անունն՝ ինքնին, անմատչելի էին դարձնում, առանց այդ էլ ահարկու թվացող կառույցը։

1950-ականներին որոշ հայրենադարձներ՝ հետստալինյան ազատություններով ոգեւորված, սկսեցին դիմել ԽՍՀՄ-ում ԱՄՆ-ի կամ Ֆրանսիայի հյուպատոսական ծառայություններին։ Նրանք խնդրում էին ելքի հնարավորություն տալ իրենց, եւ շատ մեծ էր զարմանքն ու հիասթափությունը, երբ մերժման փոխարեն բարեկամական խորհուրդ էին ստանում` դիմել տեղի իշխանություններին։ Ո՞ւմ դիմել։ Ինչպե՞ս։ Ո՞վ կլսի քեզ։ Ի՞նչ պատճառ կարող ես բերել, որ չնկատվի որպես «սրբազան» հայրենիքի թիկունքին հասցված հարված։  

Քանի որ խրուշչովյան ժամանակաշրջանում Խորհրդային Միությունը համեմատաբար բաց միջազգային քաղաքականություն էր վարում եւ փորձում էր նախաձեռնող լինել խաղաղության եւ երկրագնդի անվտանգության հարցերում, ստիպված էր նաեւ որոշակի զիջումների գնալ։ Դրանք շատ հաճախ ձեւական էին, արվում էին Արեւմուտքի աչքին «թոզ փչելու» համար, բայց նույնիսկ այդ պարագայում պետական-գաղափարական դիմադրությունն աստիճանաբար թուլանում էր։

Արդեն 1950-ականների վերջին ОВИР-ն այլեւս անմատչելի չէր։ Հայրենադարձներից շատերը, հատկապես՝ ֆրանսահայերն ու ամերիկահայերն, անկոտրում կամքով փորձում էին իրենց բախտը։ ОВИР-ն իրոք դարձել էր վիճակախաղի պես մի բան՝ փորձիր, շահելը պարտադիր չէ։ Փորձելու փաստն ինքնին խորհրդային իշխանություններին հնարավորություն էր տալիս միջազգային գործընկերներին բացատրելու, որ մարդն, ինչպես առաջ, զրկված չէ արտագաղթելու իր կամքն արտահայտելու իրավունքից, իսկ արտոնություն տալ-չտալը ոչ թե քաղաքական որոշում է, այլ՝ ընթացակարգային խնդիր։

ОВИР դիմելու համար պարտադիր էր ունենալ հրավեր՝ արտասահմանում ապրող առաջին կարգի ազգականից։ Բայց հրավերը ստանալու համար պետք էր նամակ գրել ազգականին։ Արտասահման գնալու հրավերը փոստով խնդրելը խելամիտ չէր. բոլորը գիտեին, որ թղթակցությունները ենթարկվում էին գրաքննության, իսկ անցանակալի նամակները ոչ միշտ էին հասնում հասցեատիրոջը։   

Կալիֆորնիայի Ըրվայնի համալսարանի (UCI) պրոֆեսոր, հանգուցյալ Հարութ Պարսամյանը պատմում էր, որ հարազատ հորեղբորից հրավեր ստանալու համար նամակն Ամերիկա էին ուղարկել` 1964-ին Հայաստան համերգային շրջագայության եկած Շառլ Ազնավուրի խմբի թմբկահարի օգնությամբ։ «Բայց նույնիսկ էդ դեպքում ուղիղ չգրեցինք հրավերի մասին։ Գրեցինք, եթե կարող ես, արի Հայաստան։ Հորեղբայրս էլ ունեւոր մարդ էր, վեր կացավ, եկավ ու մենք Երեւանում ասեցինք, որ հրավեր ուղարկի». հիշում էր Հարութ Պարսամյանը։

Բայց հրավեր ունենալն էլ ելքի արտոնություն ստանալու բավարար երաշխիք չէր. մերժելու հազար ու մի պատճառ կար։ Օրինակ՝ մինչեւ հրավերը կուղարկվեր, մինչ հրավիրվողը «կմտներ» ОВИР, ընտանիքի առաջին կարգի ազգական համարվող անդամը մահանում էր։ Երբ եղբայրը հրավիրում էր եղբոր ընտանիքին, իսկ վերջինս մահանում էր, ընտանիքը կորցնում էր ազգակցության առաջին կարգը։

Ընդունելի հրավերի առկայության դեպքում մերժման լուրջ պատճառ կարող էր լինել երբեւէ անվտանգության մարմինների հետ խնդիրներ ունեցած լինելը։ Եթե մարդը կարեւոր կամ անկարեւոր պատճառով հայտնվում էր ԿԳԲ-ի ուշադրության կենտրոնում, նա դառնում էր «անելք» (ռուսերեն՝ невыездной)։

1946-ին Սիրիայից ներգաղթած, այժմ Գլենդելում (Կալիֆորնիա, ԱՄՆ) բնակվող Մարտիրոս Վարդանյանը Երեւանի պոլիտեխնիկ ինստիտուտի մեքենաշինության ամբիոնում դասախոս է եղել։ ԿԳԲ-ի հետ նա խնդիրներ ունեցել է դասերի ընթացքում ուսանողներին դարասկզբի ֆիդայական շարժման մասին պատմելու պատճառով։ Մի քանի անգամ զգուշացվել է, կանչվել զրույցի, ի վերջո մեքենագետ դասախոսը ստիպված հեռացել է ինստիտուտից եւ Միացյալ Նահանգներ մեկնելու հայտ ներկայացրել։ «Տարիներ շարունակ չէին թողնում։ Պատրաստ էի նույնիսկ փողով, կաշառքով էդ հարցը լուծել, բայց չէր ստացվում։ Արդեն ձեռ էի քաշել գնալու մտքից, ուզում էի մի տեղ աշխատանքի ընդունվել։ Ընկերս, որ նաեւ Կարեն Դեմիրճյանի (Հայաստանի կոմկուսի 1-ին քարտուղար, 1974-88) ընկերն էր, գնաց նրա մոտ ասեց՝ մարդն ուզում էր Ամերիկա գնար, չթողեցին, մի գործ տվեք, թող աշխատի, մասնագետ ա։ Դեմիրճյանն ինձ էլ էր լավ ճանաչում։ Ասել էր՝ ուզում ա գնա՞, սիկտիր անենք, թող գնա, նա ի՞նչ պիտի աշխատի». հիշում է Մարտիրոս Վարդանյանն, ում դրանից մեկ շաբաթ անց կանչել էին ОВИР ու տվել ելքի արտոնությունը։

Ընդունելի հրավերի առկայության դեպքում մերժման ավելի լուրջ պատճառ էր գաղտնի համարվող հիմնարկություններում աշխատած լինելը կան դրանց հետ որեւէ շփում ունենալը։ Այսպիսի մարդիկ շատ չէին, նրանց մերժելն էլ մեծ ջանք չէր պահանջում։ Մերժումը լինում էր по линии КГБ, այսինքն՝ պետանվտանգության գծով, թեեւ Հարութ Պարսամյանը մեզ տված հարցազրույցում այլ բան էր պատմում։ Ըստ նրա՝ պետական գաղտնիքի տիրապետող մարդկանց հարցը քննում էր հինգ հոգանոց հատուկ հանձնաժողովը, որում կային ներկայացուցիչներ ՀԿԿ կենտկոմից, Նախարարների խորհրդից, КГБ-ից, Ներքին գործերի եւ Արդարադատության նախարարություններից։ «Այնպես էր ստացվել, որ այդ մարդիկ՝ ներկայացուցիչները, բոլորն էլ ինձ ճանաչում էին եւ ասել էին՝ թողնենք, թող գնա։ Ես հետո իմացա՝ ովքեր են»,- հիշում էր Հարութ Պարսամյանը։

Նրա պատմածին կասկածելու ոչ մի առիթ չունենք, բայց մեր համառ որոնումները, հանդիպում-զրույցները Խորհրդային Հայաստանի նախկին պաշտոնյաների հետ, չհաստատեցին նման հանձնաժողովի գոյության փաստը։

(շարունակելի)

…………………………………………..

Հոդվածը պատրաստվել է «Երկու կյանք։ Սառը պատերազմը եւ հայերի արտագաղթը» նախագծի շրջանակում՝ National Endowment for Democracy-ի (NED) դրամաշնորհով։

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter