
Եվրոպացիները Վրաստանում ենթակառուցվածք են ստեղծում, իսկ Հայաստանում բավարարվում են համատեղ պեղումներ իրականացնելով
Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի նախասրահը մշտապես լիքն է կապոցներով ու արկղերով: Սովորաբար, այդպես է լինում տեղափոխությունների կամ վերանորոգումների ժամանակ, բայց սա այդ դեպքը չէ: «Սրանք Արենիից եւ երկու այլ հուշարձաններից պեղված օրգանական մնացորդներն են»,- բացատրում է Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանը եւ ավելացնում, որ ինստիտուտի աշխատասենյակներն ու ավտոտնակները նույնպես լիքն են կապոցներով, նյութերը պահպանելու պայմաններ չունեն:
Ոչ միայն հնագիտության ինստիտուտը, այլեւ պեղումներ իրականացնող մյուս կազմակերպությունները նույնպես պեղված նյութերը պահպանելու պայմաններ չունեն, ամեն մեկն իր ներքին հնարավորությունն օգտագործելով է պահպանում: «Դրանք տոննաներով են, այդպես է ստացվել, որովհետեւ անցյալ դարի 60-ական թվականներից գիտությունը հնագետին պարտավորեցնում է դաշտից հավաքել ամեն ինչ եւ հետազոտել: Մինչ այդ, հնագիտական արշավախմբերը պեղումներ կատարելիս հավաքում էին այն, ինչ իրենց իմացությունը թույլ էր տալիս հասկանալու, որ դրանք կարեւոր կամ արժեքավոր են»,- ասում է պրն Ավետիսյանը:
Հնագիտական արշավախմբերն իրենց հավաքած նյութերը հանձնում են «Պատմամշակութային արգելոց թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին կամ Հայաստանի եւ Երեւանի պատմության թանգարաններին, որպեսզի հետո շարունակեն հետազոտել: Ինստիտուտի տնօրենն ասում է, որ գիտությունն այնտեղ պետք է զարգանա շարունակաբար, բայց դրա համար անհրաժեշտ տարածք պետք է ունենալ, որպեսզի պեղված ողջ նյութը հողից մաքրվի, հաշվառվի եւ պահպանվի: «Մերոնք հոյակապ են վերականգնում, բայց ենթակառույցներ չկան թանգարանին սպասարկելու համար: Այսօր ես պեղում եմ այնչափով, որչափով այսօրվա գիտությունն է ինձ հնարավորություն տալիս: Սակայն, 30 տարի հետո այլ մեթոդաբանություն կլինի եւ ավելի զարգացած»,- համոզված է պրն Ավետիսյանը:
Նա ցույց է տալիս հնագիտական նյութ պարունակող մի արկղիկ, որը 2013 թ.-ին տարվել է Ռումինիա՝ ուսումնասիրելու նպատակով: Ռումինացի հետազոտողը նյութը՝ ձկան ոսկորները, վերադարձրել է 4 տարի անց: «Սա հնարավոր էր 2 օրում անել, բայց միակ մասնագետն այնտեղ է: Ես նրան ներգրավում եմ մեր աշխատանքներում, տալիս եմ այս նյութը, ասում եմ` հեղինակային իրավունքը քեզ է պատկանում, տար, ուսումնասիրի»,- ասում է Պ. Ավետիսյանը:
Հնագիտության ինստիտուտի լաբորատորիան քայքայված, վթարային շինություն է, կիրառության համար ոչ պիտանի: Սակայն, ամռան արեւոտ օրերին, երբ գոնե անձրեւը չի ողողում սենյակները, մասնագետներն աշխատում են այստեղ: Սան Ֆրանցիսկոյից հնէակենդանաբան Հանա Չեզնը երկու շաբաթով հրավիրվել է Քարաշամբի դամբարանից պեղված կենդանական ոսկորն ուսումնասիրելու համար: Հանան մարդկաց եւ կենդանիների միջեւ հարաբերակցությունը պետք է որոշի: Նա ծանոթ է Հայաստանին, 6 տարի մասնակցել է պեղումների՝ ընդգրկվելով հայ-ամերիկյան արշավախմբում: Նրա առջեւ դրված ոսկորների կույտը, ինչպես բացատրում է հայերենի իր փոքր բառապաշարով, ընդամենը մեկ դամբարանից հանված կենդանական ոսկորների մի մասն է, իսկ Քարաշամբում պեղել են 500 դամբարան:
«Դա մասնագետը պետք է անի, ամեն մեկը չի կարող անել, բայց մենք նրան կարող ենք պահել երկու շաբաթ»,- ասում է պրն Ավետիսյանը եւ ավելացնում,- հնագիտությունը զարգացնելու մասին, եթե խոսք կա, ուրեմն անպայման պետք է ենթակառույցները զարգացնել: Եթե ունենամ տարածք` կպատրաստեմ իմ մասնագետը, որը թանկ հաճույք է, բայց պետք է գնանք այդ ճանապարհով»:
Նշում է, որ մեզ մոտ անգամ սարքավորումը կարող է լինել, բայց չկարողանան աշխատեցնել: Առաջին քայլն այն է, որ հայաստանցի գիտնականները նյութը բերեն այնպիսի մակարդակի, որ անալիզներ արվի, դրա համար անհրաժեշտ է ֆոնդ, վերականգնող եւ նախնական կամերալ (գրասենյակային) մշակման հնարավորություններ: Պեղված 1000 օրինակից մեկն է ցուցադրվում թանգարանում, իսկ 999-ը, որ ավելի շատ ինֆորմացիա է պարունակում, եւ որի հետ գիտնականը պետք է աշխատի, պիտի պահպանվի հնագիտության ֆոնդում: «Որպեսզի ես իմ ուսանողներին մասնագետ դարձնեմ, նա պետք է այդ 999-ին ձեռք տա»,- շեշտում է տնօրենը:
Հնագետները հաճախակի են օրինակ բերում Վրաստանին, որտեղ այս ոլորտը առաջընթաց է արձանագրում: Պրն Ավետիսյանը նույնպես նշում է, որ Վրաստանում ենթակառուցվածքները լավ են զարգանում՝ արտասահմանյան դրամաշնորհներով ստեղծում են անալիտիկ-լաբորատորիաներ, գիտահետազոտական կենտրոններ: Երբ գերմանացիները կամ ֆրանսիացիները գալիս են համատեղ ծրագրերի համար բանակցելու՝ վրացիները պահանջում են ենթակառուցվածքներ ստեղծել` նրանց համագործակցությունն այդպիսի ավարտ է ունենում: «Մեզ առաջարկում են՝ համատեղ պեղումներ իրականացնել, մեզ հետ պատրաստ են տասնյակ ծրագրերում ներգրավվել, այդ դեպքում փողի մեծ մասն իրենց երկրում է մնում: Բայց, երբ ասում եմ` քո արշավախմբի հետ կապված նյութերն ուսումնասիրելու համար պայմաններ ստեղծիր` չի արվում: Սա քաղաքական մոտեցում է»,- ափսոսանքով է ասում տնօրենը:
Վերջինս մեկ այլ արտառոց փաստ էլ է նշում. հնագետները նյութը տրամադրում են ՊՈԱԿ-ին կամ թանգարանին եւ նրանք դա ցուցադրում են, գրքեր, կատալոգներ են հրատարակում, այլ երկրներ ցուցադրության են տանում: Դրանց համար պեղող հնագետի թույլտվությունն է անհրաժեշտ, բայց մեզ մոտ դրա գիտակցումն էլ չկա, հազվադեպ են հեղինակի թույլտվությունը հարցնում:
«Անգամ պայմանագրով չի ամրագրվում իմ եւ նրա իրավունքներն այդ նյութի հետ կապված: Ես պարտավոր եմ հանձնել, բայց պետական մի հիմնարկից մյուսին անցնելու դեպքում նյութը պետք է գնահատվի, հետո հանձնվի: Մեզ մոտ գնահատման համակարգը չկա: Աբսուրդ է, ես պետության գումարները ծախսում եմ ինչ-որ բան ստեղծելու համար, եւ դրա հետեւում հսկայական աշխատանք կա` գումար եւ ինտելեկտ է վատնվում: Երբ դա հանձնում եմ որեւէ մեկին, չպե՞տք է գնահատվի, թե ինչ եմ արել, ինչ եմ ծախսել լաբորատոր հետազոտություններ անելու, լվանալու, վերականգնելու համար»,- նշում է հնագիտության ինստիտուտի տնօրենը:
Մեկնաբանել