
ՍԱՊԾ-ն դիտարկումներ է սկսել «Սլավ Գրուպ» ընկերությունում
Օրերես «Հետք»-ը հոդված էր հրապարակել այն մասին, որ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանին պատկանող «Սլավ Գրուպ» ընկերությունը շուկայում վաճառում է մանկական կերեր՝ մակնշման խախտումներով:
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության մամուլի խոսնակ Նվարդ Առաքելյանը հայտնեց, որ «Հետք»-ի հրապարակումից հետո «Սլավ Գրուպ» ընկերությունում դիտարկումներ են սկսվել:
«Այս ընկերությունում խախտումներ եղել են, երևի հիշում եք մակնշման խախտում կար նաև մի քանի ամիս առաջ: Այժմ դիտարկում է բացվել, արդյունքներն ամփոփվեն, ես տեղյակ կպահեմ»,-ասաց նա:
Ըստ Ն. Առաքելյանի՝ դիտարկումները սկսվել են երեկ առավոտյան և կտևեն մոտ 2-3 օր, որից հետո կարելի կլինի պարզել հարցը: Նա նաև նշեց, որ ՍԱՊԾ-ն մինչ այս հրապարակումը ևս դիտարկումներ է իրականացրել այդ ընկերությունում:
Հիշեցնենք, որ նմանատիպ խախտումներ «Սլավ Գրուպ»-ն արել էր դեռևս այս տարվա հունվարին, ինչին մենք ևս անդրադարձել էինք:
Դրանից հետո մենք հարցում էինք ուղարկել ՍԱՊԾ՝ մանկական կերերի մակնշումների վերաբերյալ, որին ի պատասխան մեզ հայտնել էին, որ առանց մակնշման մանկական սնունդ շուկայում չկա, և առաջարկել մեզ հայտնի «ազատ շրջանառվող, առանց հայերեն մակնշման մանկական կերի վերաբերյալ» տրամադրել «գրավոր, լիարժեք և հստակ տեղեկատվություն»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել