
Սիլվա Համբարձումյան. «Սյունիքի մարզը ղեկավարում է ստախոսը»
ՀՀ հատուկ քննչական ծառայությանը մի քանի օր առաջ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի կողմից գործարար Սիլվա Համբարձումյանին հարվածելու (անցավ ապտակելու) փաստի առթիվ հարուցված քրեական գործի վարույթը կարճեց:
Այսօր հրավիրված ասուլիսում Սիլվա Համբարձումյանը, անդրադառնալով գործը կարճելու քննիչի որոշմանը, նշեց, որ, այնումենայնիվ, գոհ է, քանի որ մարզպետը զղջացել է, ինչն արձանագրված է նաեւ հիշյալ որոշման մեջ:
«Մինչեւ վերջին պահն ինքը (Սուրեն Խաչատրյանը) ասում էր, թե նման բան չի եղել, բայց հիմա զղջում է»,- ասաց կին գործարարը՝ նկատելով, որ Սյունիքի մարզը ղեկավարում է ստախոսը:
«Ես մամուլով ծանոթացել եմ՝ (Սուրեն Խաչատրյանը) բավականին շատ բաներ է կատարել. երեխա է ծեծել իր կաբինետում, փոխվարչապետն է գնացել, եկել ասել է՝ այո, ծեծել է, բայց ոչինչ չեն արել: Ես էլի գոհ եմ, որ իրա նման կերպարը հիմա ասել է՝ զղջացել եմ»,- շարունակեց Համբարձումյանը:
Ըստ նրա՝ տարօրինակ է, որ, ի տարբերություն Սյունիքի մարզպետի, նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանի դեպքում, նմանատիպ արարք կատարելու համար, հետեւեց պաշտոնանկությունը. «Երեւի միայն նախագահականում պետք է աշխատենք, որ մարդիկ ազատվեն աշխատանքից եւ որ հարգանք վայելենք»:
Պետական չինովնիկի այսօրինակ արարքը, ըստ Համբարձումյանի, մեր երկրի գործարար համբավին չի կարող վնասել, «որովհետեւ Հայաստանը գործարար շրջանում վաղուց իմիջ չունի»:
Իսկ եթե Սուրեն Խաչատրյանը շարունակեց պնդել, որ ոչ ներողություն է խնդրել, ոչ էլ զղջացել, գործարար Համբարձումյանը քննիչի՝ գործը կարճելու որոշումը, ամենայն հավանականությամբ, կբողոքարկի:
Մինչ այդ Սյունիքի մարզպետից իր պահանջը միակն է՝ վերադարձնել գողացված 102 մլն դրամ արժողությամբ սարքավորումը կամ փոխհատուցել համապատասխան գումարը:
«Ես կարծում եմ, որ դա շատ արագ պետք է ավարտվի: Այսօր առավոտյան քննիչի հետ խոսել եմ, ասաց, որ շատ արագ հարցը կլուծվի»,- նշեց Սիլվա Համբարձումյանը եւ կարծիք հայտնեց, որ հարցը հօգուտ իրեն կլուծվի, քանի որ ոստիկանապետը փոխվել է: Ըստ նրա՝ Ալիկ Սարգսյանը ժամանակին մարզպետ էր եւ ենթադրաբար՝ ընկերություն է արել Սուրեն Խաչատրյանի հետ: Հիմա գործի վրա այդ ընկերության ուղիղ ազդեցության հավանականությունը նվազել է:
Իսկ ընդհանրապես, Սիլվա Համբարձումյանի խոսքով, Սյունիքի մարզպետը կյանքում ոչ մեկին գումար չի տվել. «Ինքը քցելու ունակ մարդ է: Մոսկվայում մարդիկ կան, ես իրենց ճանաչում եմ, Գորիսում հյուրանոց էին ուզում կառուցել: Սուրեն Խաչատրյանն ասել է՝ ես պետք է փայի մեջ լինեմ: Թողել գնացել են: Բայց այս դեպքերից հետո եկել են ու սկսել հյուրանոցը կառուցել»:
Գործարար Համբաձրումյանը նշեց նաեւ, թե որպես կերպար՝ Սուրիկ Խաչատրյան անձի դեմ պայքարը դեռ շարունակվում է: Հետեւաբար, եթե վերջինս որեւէ ընտրատեղամասում (անգամ Սյունիքի Տեղ գյուղում) առաջիկա ընտրություններում իր թեկնածությունը դրեց, ապա Սիլվա Համբարձումյանը եւս նույն տեղամասում կառաջադրի սեփական թեկնածությունը:
«Սկզբունքի հարց է: Ես ուզում եմ ապացուցել, որ ինքը ոչ անցյալ ունի, ոչ էլ ապագա կունենա»,- ասաց գործարար կինը՝ հավելելով, թե քաղաքականություն մտնելու պարագայում դա կանի անկուսակցականի կարգավիճակում:
Լրագրողներից մեկը նկատեց, թե արդյոք այս ամբողջ պատմությունը PR ակցիա չէ՞ր՝ հենց քաղաքական նկատառումներից ելնելով:
«Եթե ես ցանկություն ունենայի քաղաքականության մեջ մտնել, կմտնեի: Էսօր ո՞նց են մտնում. ֆինանսը տալիս են, մտնում: Ի՞նչ է, չէ՞ի կարող տալ... Ինձ շատ տարիներ առաջ առաջարկել են նախարար աշխատել (տարբեր նախարարություններում): Ես չեմ համաձայնել, ասել եմ՝ ինձ մի խանգարեք, ես ոչ մի նախարարի պաշտոն չեմ ուզում»,- ասաց գործարար Սիլվա Համբարձումյանը:
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել