
Ս. Սարոյան. «Հեսա ինչքան ինֆարկտ եղավ, գյուղնախարարն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար»
«Տեսաք Էջմիածնում մեր կարկուտն ինչ արեց, էդ աղետը: Մոտ 11 համայնքներ և Էջմիածին քաղաքը, որտեղ սեփականաշնորհված հողեր ունենք, ուղղակի ավիրեց սաղ: 7 գյուղ, որ վաբշե, ամեն ինչից զրկված է», - կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետին տեղեկացրեց Արմավիրի մարզից ընտրված պատգամավոր Սեդրակ Սարոյանը:
Նա գյուղացիների համար օգնություն էր ակնկալում կառավարությունից, որ վատ վիճակից դուրս բերեն մարդկանց:
«7 գյուղի կեսը հաստատ կթողի կեթա ռուսաստաններ, չգիտեմ: Բանկերը… էնպիսի վիճակում է գյուղացին, որ էլ վկա էլ չկա, որ թազա վարկ վերցնեն: Սաղ գյուղն իրար վկա են: Էդ վկան էլ նոր ենք իմացել, որ մեկը մեկի տեղ պիտի երաշխավորի, որ նոր բանկերը փող տան: Վկա չունենք գյուղերում, փող չունենք գյուղերում, կարկուտն էլ եկավ, ավիրեց: Թուրքից բեթար ա էդ կարկուտը: Հիմա թուրքի դեմ կարում ենք պայքարենք, կարկուտի դեմ չենք կարում»,- ավելացրեց պատգամավորը՝ առաջարկելով «ուժեղ թնդանոթներ» տեղադրել, որպեսզի այդպես պայքարեն կարկուտի դեմ:
Սեդրակ Սարոյանն ասաց, որ ամեն տարի նույն գյուղերը, նույն աղետի մեջ են: «Հիմա ոնց որ էթանք կռիվ, ավտոմատի փոխարեն պիստալետ վերցնենք ձեռքներս: Կարելի է ինչ-որ թազա բան մտածել»,-հավելեց պատգամավորը՝ առաջարկելով, որ գյուղնախարարը մեկ-մեկ գնա գյուղեր և իր աչքով տեսնի ինչ է կատարվել:
«Հեսա ինչքան ինֆարկտ եղավ գյուղնախարարն ա պատասխան տալու էդ ժողովրդի համար, որովհետև գյուղացու վիճակն էն չի, այ ցավդ տանեմ», - դիմելով վարչապետ Կարեն Կարապետյանին՝ ասաց Սեդրակ Սարոյանը:
Վարչապետը, պատասխանելով պատգամավորին, ասաց, որ երեկ խորհրդակցություն է եղել, և առաջիկա օրերին կհայտարարեն այն օժանդակության մասին, որը տրամադրվելու է գյուղացիներին: Վարչապետը նշեց, որ խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության նախարարը, սոցիալական հարցերով նախարարն ու մարզպետը: Խոսել են նաև կենտրոնական բանկի հետ, և վարչապետը կարծում է, որ գյուղացիներին ներկայացվող առաջարկներն ընդունելի են լինելու բոլորի համար:
«Ինչ վերաբերում է աղետների դեմ պայքարին, այս պահին մենք իրականացնում ենք պիլոտային ծրագիր, որով հակակարկտային համակարգն ուզում ենք անցկացնել հրթիռայինի, որի օգտակար գործակիցը շատ ավելի բարձր է», - ասաց վարչապետը: Նրա խոսքերով՝ նոր համակարգը հնարավորություն կտա մինչև բնակավայր հասնելը չեզոքացնել կարկտաբեր ամպերը:
Եթե պիլոտային ծրագիրը արդյունավետ լինի և կյանքի կոչվի, ապա հանրապետության ռիսկային գոտիները փակելու համար անհրաժեշտ կլինի 12 միլիոն դոլարի ներդրում իրականացնել:
Բացի այդ, գյուղատնտեսության ոլորտում հակակարկտային ցանցային համակարգի անցում կատարելու գործընթաց է սկսվելու: Կարեն Կարապետյանի խոսքերով՝ ցանցային, կաթիլային համակարգերին անցնելու, լիզինգով գյուղտեխնիկա գնելու դեպքում վարկային տոկոսադրույքների գերակշիռ մասը ֆինանսավորելու է կառավարությունը:
Կարեն Կարապետյանն ասաց, որ այսօր լիզինգի 9%-ից 7%-ը ֆինանսավորում է կառավարությունը, իսկ կաթիլային համակարգին անցնելու դեպքում` 10%-ից 8%-ը առաջին երկու տարում ֆինանսավորելու է դաձյալ կառավարությունը, մինչև որ 3-րդ տարում գյուղացին բերք ստանա:
Սեդրակ Սարոյանը, արձագանքելով վարչապետի խոսքին, հավելեց, որ պետք է հիմա քայլեր ձեռնարկել, մինչև «թնդանոթները շարեն»:
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել