
Միջազգային կրթական նոր ծրագիր՝ բժիշկ և ոչ բժիշկ դիմորդների համար
Երևանի պետական բժշկական համալսարանի Հանրային առողջության ֆակուլտետը կրթության և գիտության նախարարության կողմից ստացել է Կառավարման մագիստրոս որակավորմամբ «Բուժհաստատությունների կառավարում» (MBA in Health Care Management) կրթական ծրագիրն իրականացնելու լիցենզիա: Այս մասին տեղեկացնում է համալսարանը։
Ծրագիրն իրականացվելու է Միքս Մենեջմենթ միջազգային խորհրդատվական կազմակերպության հետ համատեղ և մեկնարկելու է 2017-2018 ուսումնական տարվանից:
Կրթական ծրագրի տևողությունը մեկ տարի է: Դասախոսական կազմը բաղկացած է ինչպես հայաստանյան, այնպես էլ արտասահմանից հրավիրված, կառավարման ոլորտում բարձր որակավորում ունեցող դասախոսներից, որոնք, ըստ բուհի հաղորդագրության, ունեն նշանակալի փորձ կառավարման, դասավանդման և համապատասխան գիտելիքների գործնական կիրառման բնագավառում:
Կրթական այս նոր ծրագիրը հնարավորություն կընձեռնի համատեղել MBA կրթությունն աշխատանքի հետ, քանի որ դասերը շաբաթական 3 անգամ են` հինգշաբթի, ուրբաթ և շաբաթ օրերին, ժամը 15:00-ից հետո:
Համալսարանը տեղեկացնում է, որ բուժհաստատությունների կառավարում ծրագիրը հնարավորություն է ընձեռնում ձեռք բերել.
-
Կառավարման ոլորտում բարձրագույն մասնագիտական դիպլոմ,
-
Ժամանակակից կառավարչական գործնական գիտելիքներ և հմտություններ,
-
Կառավարման փորձի փոխանակում ՀՀ-ում հաջողված խոշոր բժշկական հաստատությունների և կազմակերպությունների ղեկավարների հետ,
-
Գիտելիքներ բժշկական հաստատությունների միջազգային կառավարման ստանդարտների և մոդելների վերբերյալ,
-
Բուժհաստատությունների և այլ կազմակերպությունների խնդիրների հայտնաբերման, հետազոտման, վերլուծության և արդյունավետ լուծման ունակություններ։
Մեկնաբանել