Սիլվա Համբարձումյանը՝ նախարարի «խուլիգանությունների» մասին
Այսօրվա ասուլիսում լրագրողները գործարար Սիլվա Համբարձումյանին հարցեր էին ուղղում հիմնականում Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ միջադեպի մասին: Այս առնչությամբ գործարար կինը նկատեց. «Կարծում եք, որ միայն Սուրեն Խաչատրյա՞նն է: Բա Արմեն Մովսիսյանի խուլիգանություննե՞րը, անօրինականություննե՞րը... »:
Գործարար Համբարձումյանը հավելեց նաեւ, որ Հայաստանում դատարաններն էլ են կաշկանդված, դրանք անկախ չեն. «Կպեք դատարաններին, Արմեն Մովսիսյանին՝ ինչ խուլիգանություններ է արել. առանց աճուրդի հանքեր է տվել»:
Հիշեցնենք՝ Սիլվա Համբարձումյանը 2009թ. գնել է «Սիփան-1» ընկերությունը, որին պատկանում էր Մեղրու Լիճքվազ-Թեյի եւ Տերտերասարի ոսկու հանքավայրերը շահագործելու արտոնագիրը: Սակայն որոշ ժամանակ անց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանի հրամանով «Սիփան-1» ՍՊԸ-ն զրկվել է Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրի հանքարդյունահանման հատուկ լիցենզիայից:
Ընկերությունը նախարարի հրամանը վիճարկել է դատարանում: Ի վերջո, օրինական ուժ է ստացել Վճռաբեկի որոշումը, որով նախարարի հիշյալ հրամանը ճանաչվել է անվավեր: Սակայն Արմեն Մովսիսյանը նույն՝ ապօրինի ճանաչված հրամանն արձակել է երկրորդ անգամ, եւ «Սիփան-1»-ին կրկին զրկել Լիճքվազ-Թեյի հանքարդյունահանման լիցենզիայից:
Սիլվա Համբարձումյանը ստիպված նորից դիմել է վարչական դատարան, բայց ուշագրավն այն է, որ գործը դեռ դատարանում էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը Լիճքվազ-Թեյի ոսկու հանքավայրը հանել է աճուրդի, եւ այն ձեռք է բերել «Սագամար» ընկերությունը: Դրանից հետո նույն հիմքերի առկայությամբ սկզբում վարչական դատարանը, այնուհետեւ նաեւ վերաքննիչը համարել են, որ նախարարի հրամանն օրինական է:
Մեկնաբանել