HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արաքս Մամուլյան

ՊՊԾ գնդի գրավման գործը շարունակվում է 2 սպանության մեղադրանքով ամբաստանյալի փաստաբանի բացակայությամբ

ՊՊԾ գնդի գրավման գործով ընդմիջված դատական նիստը ավելի քան մեկ ժամ ընդմիջումից հետո վերսկսվեց:

Փաստաբանները, որոնք  հայտարարել էին, որ թույլ չեն տալու իրենց խուզարկել, դատական նիստերի դահլիճ եկան առանց խուզարկվելու. վերջիններս դատական կարգադրիչների կողմից միայն արտաքին զննության ենթարկվեցին:

Ընդմիջման ընթացքում դատական նիստի հրապարակայնության խնդիրը մասնակի էր լուծվել. մասնավորապես` դատավոր Արտուշ Գաբրիելյանի ձայնը հստակ լսվում է, իսկ դատավարության մյուս մասնակիցների խոսքի ժամանակ պարբերական ընդհատումներ են լինում:

Ապակիներից այն կողմ գտնվող քաղաքացիները դժգոհում են, թե իրենց դատավորի ձայնը պետք չէ, այլ Սասնա ծռերի:

Նշենք, որ այսօր դատական նիստին մի քանի փաստաբաններ ներկա չեն, բայց վերջիններիս պաշտպանյալներն այլ փաստաբաններ ևս ունեն` ի տարբերություն ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանի:

Վերջինս, ի թիվս ՊՊԾ գնդի գրավման և պատանդ պահելու հոդվածներով մեղադրանքների, մեղադրվում է նաև երկու ոստիկանների` Արթուր Վանոյանի և Յուրի Տեփանոսյանի սպանության մեջ:

Ստացվում է, որ դատավորը դատական նիստը շարունակում է` չնայած նման ծանր մեղադրանքներով ամբաստանյալի միակ փաստաբանը` Հայկ Ալումյանը, չի ներկայացել դատական նիստին:

Մեզ  հետ զրույցում Ալումյանը նշեց, որ դատարանն իրեն պատշաճ չի ծանուցել նիստի մասին. ծանուցագրում, որն ինքը ստացել է, գրված է եղել, թե գործը կքննվի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: Ալումյանն էլ պատասխան գրություն է ուղարկել` պարզելու համար, թե ինչ կարգով է գործը քննվում այդ  դատարանի կողմից:

Նշենք, որ ՊՊԾ գնդի գրավման գործը ոչ թե քննվում է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից, այլ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արտագնա նիստ է անցկացնում այստեղ:

Դատավորը այժմ արդեն երկրորդ անգամ մեկ ժամով ընդմիջել է դատական նիստը: Երկրորդ անգամ ընդմիջման պատճառը նիստերի դահլիճում ստեղծված լարված մթնոլորտն էր:

Դատավորը փորձում էր ճշտել, թե արդյոք դատավարության կողմերը բացարկի կամ ինքնաբացարկի միջնորդություն ունեն:

Ամբաստանյալ Գագիկ Եղիազարյանը հայտարարեց, թե հայ ժողովուրդը վաղուց է բացարկ հայտնել ռեժիմին: Եղիազարյանը մի քանի անգամ փորձում է հայտարարություն անել և դատավոր Գաբրիելյանը փորձում էր նրան թույլ չտալ:

Դատավոր Արտուշ Գաբրիելյանն ի վերջո նրա նկատմամբ սանկցիա կիրառեց՝ նիստերի դահլիճից 6 ժամ հեռացնելով:

Ելույթ ունեցավ նաև ամբաստանյալ Սմբատ Բարսեղյանը: Վերջինս նշեց, որ եթե իրենք դատարանին հարգեին, ապա այժմ  ամբաստանյալի աթոռին չէին լինի:

Ամբաստանյալները շարունակում էին խոսել ու արտահայտել այս դատավարության վերաբերյալ իրենց դիրքորոշումը, երբ դատավոր Արտուշ Գաբրիելյանն ընդմիջեց դատական նիստը:

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter