
Գյուղապետին սպառնացել են, նա էլ հրաժարական է տվել
Երեկ երեկոյան Սյունիքի մարզպետարանում հրաժարականի դիմում է ներկայացրել Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը: Նա հրաժարվելու է նաեւ ՀՀԿ-ին անդամակցելուց: Այս մասին «Հետքին» տեղեկացրեց հենց Ռաֆիկ Աթայանը:
Գյուղապետի ասելով` իրեն իշխանության բոլոր մարմինները պարտադրել ու ճնշել են, որ ստորագրի գյուղի տարածքը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին հանձնելու պայմանագիրը, ինքն էլ ստիպված է եղել հրաժարական տալ ու չստորագրել:
Ռաֆիկ Աթայանն ասաց, որ այժմ էլ քաջարանցիների կողքին է եւ մինչեւ վերջ պայքարելու է գյուղը կոմբինատին չտալու համար: «Ես իմ գյուղը ոչ մեկին չեմ տալու: Գյուղով որոշել ենք պայքարել ու մեր տունը ոչ մեկին չտալ: Այդ մարդիկ ի՞նչ անեն, գնան փողոցնե՞րը: Մենք հող տվող չենք»,-ասում է Ռաֆիկ Աթայանը:
Նշենք, որ կառավարությունը որոշում է կայացրել Սյունիքի մարզի Քաջարան գյուղի եւ մի քանի այլ համայնքների տարածքները ճանաչել բացառիկ գերակա շահ: Այդ տարածքներում հանքարդյունաբերական աշխատանքներ պետք է իրականացնի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը: Նա Քաջարանի տարածքում արդեն սկսել է ուսումնասիրություններ անել եւ այդ նպատակով տեխնիկա էր տեղափոխել գյուղ, սակայն` գյուղացիները կանխում են աշխատանքները:
Մեկնաբանություններ (21)
Մեկնաբանել