
Սիրիական ավիաընկերությունը կիրականացնի Երևան-Դամասկոս ուղիղ չվերթներ
Այսօր Սիրիայում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության Ժողովրդական ժողովի նախագահ Հադիա Աբբասի հետ:
Հանդիպմանը դեսպան Փոլադյանը զրուցակիցներին տեղեկացրել է, որ այսօր մեկնարկել է սիրիական «Աջնիհաթ աշ-Շամ» ավիաընկերության Երևան-Դամասկոս կանոնավոր ուղիղ չվերթը, ինչը զգալիորեն կդյուրացնի երկու երկրների միջև հաղորդակցությունը և լրացուցիչ խթան կհանդիսանա երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին տեղեկացնում է արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպմանը ներկա են եղել Սիրիայի խորհրդարանի Սիրիա-հայկական խորհրդարանական բարեկամության խմբի անդամները՝ նախագահ Նորա Արիսյանի գլխավորությամբ:
Ողջունելով դեսպանին՝ Հադիա Աբբասը նշել է, որ բարձր է գնահատում երկու պետությունների միջև քառորդ դար առաջ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերությունները և Սիրիայում ՀՀ դեսպանության մեծ ավանդը երկկողմ համագործակցության ամրապնդման և խորացման գործում:
Սիրիայի խորհրդարանի նախագահն ընդգծել է, որ հայ-սիրիական հարաբերութուններում կարևոր մաս է կազմում խորհրդարանական ձևաչափը` այդ համատեքստում ընդգծելով օրենսդիր մարմինների բարեկամական խմբերի փոխգործակցության կարևորությունը:
Դեսպան Փոլադյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ժողովրդական ժողովի նախագահին և պատգամավորներին ջերմ ընդունելության համար: Նա նշել է, որ հայ-սիրիական հարաբերություններն ունեն դարերի պատմություն և կարող են բնութագրվել որպես եղբայրական: Սիրիայում Հայաստանի դեսպանը հավելել է, որ երախտապարտ հայ ժողովուրդը երբեք չի մոռանա իր պատմության ամենաօրհասական շրջանում՝ Հայոց ցեղասպանության տարիներին, և հետագայում բռնագաղթած հայերի նկատմամբ սիրիացի ժողովրդի ցուցաբերած հոգատարությունը:
Դեսպանն առանձնահատուկ ընդգծել է նաև 1988թ. Սպիտակի երկրաշարժից տուժածներին և 1990-ականներին տնտեսական և էներգետիկ ճգնաժամը հաղթահարելու նպատակով բարեկամ Սիրիայի կողմից տրամադրված օժանդակությունը ՝ հավելելով, որ արդի դժվարին ժամանակաշրջանում Հայաստանն, իր հերթին, փորձում է իր ուժերի ներածին չափով օգնության ձեռք մեկնել սիրիացի ժողովրդին:
Մեկնաբանել