HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծ

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 1.Հիմնական հասկացությունները

9. Ազդակիր համայնք-շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության հնարավոր ազդեցության ենթակա մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչություն: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի 1-ին հոդվածով սահմանված հասկացությունները լրացնել հետեւյալ բովանդակությամբ`

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում (ՇՄԱԳ) - նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում, սույն օրենքով սահմանված մեթոդիկայի հիման վրա, շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության մասնագիտական գնահատման գործընթաց: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Օրենքի նախագծում ավելացնել նոր գլուխ` հետեւյալ բովանդակությամբ`

2.1 ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՈՒՄ (ՇՄԱԳ) 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Անհրաժեշտ է հստակ տարանջատել երկու հիմնարար իրավական եզրույթները` «շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատական» եւ «շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննություն»: Այս համատեքստում պետք է ճիշտ ընկալել մեկ առանցքային ելակետ` գնահատումը մասնագիտական գործունեություն է` հիմնված գիտականորեն մշակված եւ նորմատիվ ամրագրում ստացած մեթոդիկաների եւ չափանիշների վրա, իսկ փորձաքննությունը վարչական ակտ է, որով կայացվում է վարչական մարմնի կողմից եւ որով հաստատվում կամ չի հաստատվում նախատեսվող գործունեության նախագծի մաս կազմող` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը` ՇՄԱԳ-ը:

Ազդեցության փորձաքննություն կարող է իրականացվել միայն ազդեցության գնահատականի հիման վրա, այսինքն` սահմանված կարգով ազդեցության գնահատականը տրվելուց հետո միայն:

Կարեւոր է նաեւ իրավաբանորեն հստակ սահմանել, որ ՇՄԱԳ-ը փորձագիտական նշանակություն եւ արժեք ունեցող փաստաթուղթ է, իսկ ՇՄԱՓ-ը` վարչական ակտ, որը ենթակա է սահմանված կարգով, այդ թվում` դատական կարգով բողոքարկման:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը փաստաթղթերի այն փաթեթն է, որում ընդգրկված է նախատեսվող գործունեության իրականացման վերաբերյալ ամբողջական եւ համապարփակ տեղեկատվություն նախատեսվող գործունեության արդյունքում շրջակա միջավայրի բաղադրիչների վրա հնարավոր ազդեցության բոլոր տեսակների, այդ ազդեցության համաչափութան եւ թույլատրելիության, տեխնիկական հնարավորությունների եւ այլ հարցերի վերաբերյալ:

Ինչպես գործող օրենսդրությամբ, այնպես էլ սույն օրինագծով «ՇՄԱԳ» եզրույթը նշանակում են ձեռնարկողի կողմից նախատեսվող գործունեության ծրագրի ՇՄԱԳ փաստաթղթերի մշակման գործընթաց, իսկ «ՇՄԱԳ» հապավումը ներառում է ՇՄԱԳ եւ ՇՄԱՓ ամբողջ գործընթացը, որի մեջ մտնում են նաեւ բնապահպանական փորձաքննության բոլոր փուլերը, մինչդեռ այս երկու եզրույթները պետք է հստակ տարանջատել:

ՇՄԱԳ-ը` որպես մասնագիտական գործունեություն պետք է հիմնված լինի համապատասխան ոլորտներին վերաբերող փորձագիտական ուսումնասիրությունների ու մեթոդիկաների վրա:Այսինքն, ՇՄԱԳ-ի վերաբերյալ իրավակարգավորումներով պետք է սահմանվեն թե շրջակա միջավայրի վրա ազդեցության բոլոր տարրերը, եւ թե այդ ազդեցությունների գնահատման մեթոդիկան:

Միեւնույն ժամանակ, ՇՄԱԳ գործընթացը պետք է ունենա նորմատիվային իրավակարգավորում` իրավական որոշակիության եւ փորձագիտական լուծումների ամբողջականության բարձր մակարդակով: Մանրակրկիտ իրավական կարգավորումից զատ, ՇՄԱԳ-ի մշակման եւ հաստատման կարգը պետք է ունենա նաեւ բարձր իրավաբանական ուժ ունեցող (առնվազն` ԱԺ կողմից ընդունված օրենք) իրավական ակտի կարգավիճակ:

ՀՀ Սահմանադրության 83.5 հոդվածի եւ «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի համաձայն, ֆիզիկական և իրավաբանական անձանց իրավունքների իրականացումը և պաշտպանությունը, նրանց իրավունքների և ազատությունների սահմանափակումները, ինչպես նաև նրանց պարտավորությունները, այդ անձանց գործունեության նկատմամբ հսկողություն ու վերահսկողություն իրականացնելու կարգը սահմանվում են միայն օրենքով (ԱԺ կողմից ընդունված):

Հետեւապես, հաշվի առնելով, որ ազդեցության գնահատումը ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար առաջացնում է իրավունքներ եւ պարտականություններ` ՇՄԱԳ-ի ամբողջ ընթացակարգը պետք է դրսեւորվի օրենքի, եւ ոչ թե այլ իրավական ակտերի տեսքով (ենթաօրենսդրական ակտեր):

Թեեւ այս դրույթը չի բացառում, որ առանձին կանոնակարգեր (ուղեցույցներ, տեխնիկական նորմեր եւ այլն) սահմանվեն նաեւ այլ իրավական ակտերով, սակայն իրավական խճողվածությունից եւ տարբեր իրավական ակտերի միջեւ հնարավոր կոլիզիաներից խուսափելու համար առավել նպատակահարմար է ՇՄԱԳ-ի վերաբերյալ կարգավորումներն ամբողջությամբ իրականացնել սույն օրենքով` առանձին գլխով:

ՇՄԱԳ գործընթացի իրավաբանորեն գրագետ կարգավորումը ունի կարեւվորագույն նշանակություն Օրհուսի կոնվենցիայով սահմանված` որոշումների կայացմանը հասարակության մասնակցությունն ապահովելու համար, քանի որ ՇՄԱԳ գործընթացի տրամաբանությունից բխում է, որ հասարակայնության համար մասնակցության հիմնական հնարավորությունը նախատեսվում է հենց այդ գնահատման գործընթացի ժամանակ: Այս մոտեցումն է որդեգրված նաեւ «Հայաստանում ՄԱԿ-ի ԵՏՀ «Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» կոնվենցիայի (Էսպո, 1991թ.) կիրառման ամրապնդում» ծրագրի շրջանակներում կազմված զեկույցում: 

Հիմք ընդունելով Էսպոյի կոնվենցիային կից «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության պահանջները` անհրաժեշտ է նաեւ մշակել շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման չափանիշներ, որոնք պետք է կարգավորվեն առանձին օրենքով:

Շրջակա միջավայրի վրա ազդեցության ռազմավարական էկոլոգիական գնահատման առարկան ու խնդիրները վերաբերում են առավելապես ռազմավարական փաստաթղթերին (քաղաքականություններ, ռազմավարություններ, հայեցակարգեր, նախագծեր, սխեմաներ, պլաններ, ծրագրեր, քաղաքաշինական նախագծային և գոտիավորման փաստաթղթեր և հնարավոր ազդեցություն ունեցող այլ փաստաթղթեր) եւ էապես տարբերվում են նախատեսվող գործունեության գնահատման խնդիրներից:

Հետեւապես, սույն օրինագծով տրված «ազդեցություն» եւ «անդրսահմանային ազդեցություն» հասկացությունների սահմանումից պետք է հանվեն «հայեցակարգի գործողության» եզրույթը, քանի որ այն ենթակա է կարգավորման առանձին ընթացակարգով` «Ռազմավարական էկոլոգիական գնահատման մասին» արձանագրության իրավական համատեքստում: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Ազդակիր համայնք - շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության` փորձաքննական եզրակացությամբ հիմնավորված անմիջական ազդեցության ենթակա տարածքի` մարզի (մարզերի), համայնքի (համայնքների) բնակչություն: 

Շահագրգիռ հասարակություն – Հայաստանի Հանրապետության բնակչությունը` հասարակական կազմակերպությունների կամ քաղաքացիական նախաձեռնությամբ հանդես եկող եւ օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ունեցող` իրենց կանոնադրական նպատակներից բխող գործունեություն իրականացնող այլ միավորումների միջոցով: 

Ազդեցության ենթարկվող համայնքի կարծիքն արտահայտող արձանագրություն – հասարակական լսում անցկացնելու արդյունքում ազդեցության ենթարկվող համայնքի` իրավաբանորեն ձեւակերպված կարծիք: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Օրհուսի կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն «Շահագրգիռ հասարակայնություն» եզրույթը սահմանված է որպես` «Շրջակա միջավայրին վերաբերող հարցերով որոշումների ընդունման գրծընթացի արդյունքում ազդեցություն կրող և/կամ նման ազդեցության ենթակա և/կամ նշված գործընթացում շահագրգռվածություն ունեցող հասարակայնություն ...»:

Օրհուսի կոնվենցիայի եւ դրա հիման վրա ընդունված իրավակարկավորումների իմաստով, շրջակա միջավայրի վրա ազդեցության համար նախ եւ առաջ շահագրգռված է այդ տարածքին անմիջականորեն հարակից համայնքը, քանի որ այն անմիջականորեն կրում է այդ գործունեության հետեւանքով պատճառվող հնարավոր տնտեսական վնասները, ունենում է առողջական խնդիրներ, հարկադրված է լինում լքել իր բնակության վայրը:

Այս հանգամանքները հաշվի առնելով` նախատեսվող գործունեության վերաբերյալ ազդեցության ենթարկվող համայնքի` ազդակիր համայնքի, կարծիքը պետք է ունենա վճռորոշ նշանակություն եւ արտահայտված լինի իրավաբանորեն որոշակի փաստաթղթով` այդ գործունեության վերաբերյալ իր կարծիքն արտահայտող արձանագրությամբ եւ ունենա գործունեության իրականացումն արգելող իրավական ուժ:

Միեւնույն ժամանակ, Օրհուսի կոնվենցիայի իմաստով շահագրգիռ հասարակությունը չի կարող լինել միայն հանրության այն փոքր խումբը, ով բնակվում է վրա շրջակա միջավայրին վնաս պատճառող գործունեության անմիջական ազդեցության գոտում, այլև երկրի ամբողջ բնակչությունը, քանի որ այդ ազդեցությունը անուղղակիորեն տարածվում է նաև նրա` առողջ և բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքի վրա:

Որոշումների կայացմանը հասարակության լայն մասնակցությունն ապահովելու համար պետք է «ազդակիր համայնք» իրավական եզրույթին զուգահեռ սահմանել նաև «շահագրգիռ հասարակություն» իրավական եզրույթ, որի շրջանակներում պետք է ընդգրկվի ոչ միայն կոնկրետ համայնքի կամ մարզի, այլև երկրի ամբողջ բնակչությանը:

Այս առումով և Օրհուսի կոնվենցիայի իմաստով պետք է սահմանել իրավակարգավորում, ըստ որի շրջակա միջավայրի վրա բացասական ազդեցություն ունեցող գործընթացի արդյունքում անմիջական ազդեցության ենթակա համայնքը որպես ազդեցության ենթարկվող համայնք ճանաչելու հիմքում պետք է դրվի ոչ միայն համայնքի վարչատարածքային տեղադիրքը, այլև շրջակա միջավայրի վրա նշված գործունեության ազդեցության ծավալները` գիտականորեն հիմնավորված փորձագիտական եզրակացությամբ:

Օրինակ` որևէ գործունեության հետևանքով գետերի աղտոտման դեպքում որպես ազդակիր համայնք պետք է դիտվեն բոլոր այն համայնքները, որոնք օգտվում են այդ գետի և նրանից սնուցվող առուների ջրերից: Իսկ որպես շահագրգիռ հասարակություն պետք է դիտվի երկրի ամբողջ բնակչությունը` անկախ նրանից, թե այդ գործընթացի արդյունքում կրում է անմիջական ազդեցություն, թե ոչ:

Որպես շահագրգիռ հասարակության շահերը ներկայացնող մարմիններ կարող են հանդես գալ հասարակական այն խմբերը (հասարակական կազմակերպություններ, անկախ փորձագետներ և այլն), որոնց գործունեության կանոնադրական նպատակների մեջ ամփոփված են էկոլոգիական հիմնախնդիրները: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

շրջակա միջավայրին հասցված վնաս - հայեցակարգի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրի բաղադրիչները (մթնոլորտ, ջրային ռեսուրս, հող, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ՝ անտառներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնակավայրերի կանաչ տարածքներ, կառույցներ, պատմության եւ մշակույթի հուշարձաններ) վնասելը կամ ոչնչացնելը, այդ թվում` գործունեության անմիջական ազդեցության գոտուց դուրս, որը ենթակա է վերականգնման դրանց շուկայական, ինչպես նաեւ օրենքով սահմանված արժեքի չափով, ներառյալ` բաց թողնված օգուտը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Պաշտոնական տվյալներով վերջին տարիներին պետական բյուջե մուտքագրվող ամբողջ ԲԲՎ-ն (բնապահպանական ոեւ բնօգտագործման վճարներ) կազմում է համախառն ներքին արդյունքի 0.25-0.27 տոկոսը, ինչը շրջակա միջավայրին պատճառված վնասի համեմատ անթույլատրելի ցածր ցուցանիշ է` հաշվի առնելով, որ այդ գումարից են ձևավորվում շրջակա միջավայրի վերականգնման համար տրվող հատկացումները, եւ դրանով է մեծապես պայմանավորված առողջ եւ բարեկեցիկ շրջակա միջավայրում ապրելու` մարդու սահմանադրական իրավունքի պրակտիկ կենսագործումը:

Գործող իրավատնտեսական կառուցակարգի պայմաններում ընդերքի շահագործման համար անհրաժեշտաբար տրամադրվող վերականգնվող բնական պաշարները հանքարդյունաբերողին են տրամադրվում են ոչ թե դրանց շուկայական, այլ կադաստրային արժեքով, ինչի հետևանքով այդ բնական պաշարների համար վճարումները կազմում են զավեշտալի ցածր թվեր:

Այսպես, Օրինակ` Armenian Coppar Program ընկերությունը օգտակար հանածոյի արդյունահանման նախագծով Թեղուտի հանքավայրի մոտ գտնվող Շնող գետը գնահատվել է ընդամենը 175 հազար դրամ: Օգտագործվող բնական պաշարները, սակայն, հանդիսանում են կապիտալ, որոնք պետք է հաշվարկվեն ոչ թե կադաստրային, այլ շուկայական գնով, քանի որ ընդերքի օգտակար հանածոների արժեքը որևէ նախապատվություն չունի ադեն իսկ առկա այլ կապիտալի` հողերի, ջրերի, կենդանական ու բուսական աշխարհի և այլ բնական ռեսուրսների նկատմամբ:

Հետեւապես, օրենքով պետք է հստակորեն սահմանվի, որ  սույն օրենքի 1-ին հոդվածով նշված բնության բաղադրիչները վնասելու կամ ոչնչացնելու համար տնտեսական վնասի գնահատմումն իրականացվում է ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված` շուկայական արժեքի չափով` ներառյալ բաց թողնված օգուտը:

Թեեւ 2-րդ հոդվածի 6-րդ կետում նշված է, որ փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ, սակայն ՀՀ ընթացիկ օրենսդրությամբ չեն ընդունվել այնպիսի իրավկան ակտեր, որոնք կարգավորում են այս դրույթոով նշված տարածքների հարցը: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Սահմանային չափ - նախատեսվող գործունեության հզորությունը բնորոշող եւ սույն օրինագծի 2-րդ հոդվածում ամրագրված բաղադրիչների (մթնոլորտ, ջրային ռեսուրս, հող, ընդերք, լանդշաֆտ, կենդանական ու բուսական աշխարհ, ներառյալ՝ անտառներ, բնության հատուկ պահպանվող տարածքներ, բնակավայրերի կանաչ տարածքներ, կառույցներ, պատմության եւ մշակույթի հուշարձաններ) վրա ազդեցության` փորձաքննության արդյունքում սահմանված առավելագույն թույլատրելի չափ: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Սույն օրինագծով սահմանված են փորձաքննության ենթակա գործողությունների ցանկ` ըստ կատեգորիաների, սակայն բացակայում են իրավաբանորեն հստակ եւ որոշակի հիմնավորումները, թե ինչ փրձագիտական հաշվարկների վրա է հիմնված այդ գործողությունների ընտրությունը, ինչ սկզբունքներ ու ելակետեր են ընկած գործունեության այս կամ այն տեսակն ընտրելու եւ դրանք ըստ կատեգորիաների դասակարգելու հիմքում:

Օրինագծում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա գործունեության հիմքերը սահմանելու համար ընտրվել է կանոնի շարադրման Expressio Unius իրավական ռեժիմը, որը տվյալ դեպքում անընդունելի է, քանի որ օբյեկտիվորեն հնարավոր չէ սահմանել այն բոլոր գործողությունների սպառիչ ցանկը, որոնց իրականացման հետեւանքով շրջակա միջավայրը ենթարկվում է բացասական ազդեցության:

Ներկայացված օրինագծով այս հիմնահարցը չի կարող համարվել անհրաժեշտ մակարդակով կանոնակարգված, քանի որ օրինագծով նախատեսվող գործունեության տեսակները չեն հավակնում լինել շրջակա միջավայրի վրա ազդեցություն ունեցող գործունեության սպառիչ ցանկ:

Վերոգրյալի մասին է վկայում նաեւ այն, որ օրինագծով թափոնների գործածության բնագավառում ազդեցության փորձաքննություն ընդհանրապես նախատեսված չէ: Իրավական ակտում սահմանված դրույթների հստակության, կանխատեսելիության եւ մատչելիության (իրավական որոշակիության) ապահովման համար լիարժեքության համար տվյալ դեպքում անհրաժեշտ է օրենքի կանոնը սահմանել Ejusdem generis իրավական ռեժիմով` շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության ենթակա համարելով բոլոր այն գործողությունները, որոնք գերազանցում են սույն օրինագծի 2-րդ հոդվածում ամրագրված բաղադրիչների վրա ազդեցության թույլատրելի սահմանաին չափերը:

«Սահմանային չափ» եզրույթի բացակայությունը իմաստազրկում է նաեւ օրինագծի 2-րդ հոդվածի 6-րդ կետով սահմանված իրավակարգավորումը, որի համաձայն` «Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»:

Նման իրավակարգավորման պայմաններում անհասկանալի է, թե ինչպիսի գործունեության մասին է խոսքը եւ ինչպես պետք է նախաձեռնողը կամ այլ անձիք որոշեն, թե այդ տարածքներում գործունեության որ տեսակներն են ենթակա ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության, որ կատեգորիայի մեջ են մտնում գործունեության այդ տեսակները եւ ինչպես պետք է հասարակությունը ծանուցվի այդ գործունեության մասին, քանի որ օրենքը այս դեպքում ծանուցման պարտավորություն չի նախատեսում:

«Սահմանային չափ» հասկացության առկայությունը եւ նշված տարածքների ցանկի սահմանումը անհրաժեշտ պայման է ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության ենթակա գործունեությունը հստակորեն եւ իրավաբանորեն կանխատեսելի կերպով կանոնակարգելու համար: Մասնավորապես, օրենքով նախատեսված գործունեության տեսակների շրջանակներում ՇՄԱԳ-ի եւ փորձաքննության պետք է ենթակա լինեն օրենքով սահմանված գործունեության բոլոր տեսակները, որոնք չեն գերազանցում նախատեսվող գործունեության` օրենքով սահմանված սահմանային չափերը:  

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձ - լիազորված պետական մարմնի աշխատակիցներ, ովքեր որոշում են կայացնում լիազորված անձանց ընտրության եւ/կամ լիազորված անձանց մասնագիտական եզրակացության հիման վրա իրականացնում են շրջակա միջավայրի վրա նախատեսվող գործունեության եւ հայեցակարգի ազդեցության փորձաքննությունն: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Իրենց գործողությունների եւ կայացված որոշումների համար անձնական պատասխանատվության հարցը առանցքային նշանակություն ունի փորձագետների եւ ոլորտի պատասխանատու պաշտոնատար անձանց պատասխանատվության աստիճանը բարձրացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար:

Գործող օրենսդրությունը չի նախատեսում անբարեխիղճ աշխատանքի հետեւանքով բնապահպանական օրենսդրությունը խախտելու համար փորձագետներին եւ համապատասխան պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու արդյունավետ քաղաքացիաիրավական մեխանիզմներ, ինչի հետեւանքով հաճախ փորձագիտական հաստատված եզրակացությունները զավեշտի են նմանվում:

Օրինակ` Թեղուտի հանքավայրը շահագործման աշխատանքային նախագծով (16-17-րդ էջեր) եւ ՇՄԱԳ-ով (32-րդ եւ 64-րդ էջեր) նշված էր, որ ազդեցության գոտում գտվնում են բուսական եւ կենդանական աշխարհի` կարմիր գրքում ներառված ներկայացուցիչներ:

«Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածով ուղղակիորեն արգելվում է իրականացնել ցանկացած գործունեություն, որը հանգեցնում է այդ տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց աճելավայրերի վատթարացմանը», իսկ «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի համաձայն` «Արգելվում է ցանկացած գործունեություն, որը կհանգեցնի Հայաստանի Հանրապետության կենդանիների Կարմիր գրքում գրանցված տեսակների թվաքանակի կրճատմանը և դրանց ապրելավայրերի վատթարացմանը»:

Թեեւ կարմիր գրքում գրանցված բուսական եւ կենդանական աշխարհի ներկայացուցիչների թվաքանակի կրճատման եվ ապրելավայրերի կրճատման փաստը կասկած չէր հարուցում, ինչն ըստ էության հիմնավորված էր նաեւ նախաձեռնող ընկերության ներկայացրած ՇՄԱԳ-ով (էջ 60-րդ եւ 129-րդ էջեր), բնապահպանության նախարարը հաստատի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ԲՓ-31 եւ ԲՓ-135 դրական եզրակացությունները:

Գործող քաղաքացիական օրենսդրությունը չի լուծում պատասխանատու անձանց պատասխանատվության խնդիրը, քանի որ գործող բնապահպանական օրենսդրությունը գտնվում է վարչական իրավահարաբերությունների տիրույթում, եւ քաղաքացիական օրենսգիրքը կիրառելի է միայն խիստ սահմանափակ դեպքերում` պետական մարմինների նախաձեռնությամբ:  Անձնական պատասխանատվության սկզբունքի կիրառումը կարեւոր է նաեւ գործընթացին հասարակական վերահսկողության ուժեղացման տեսանկյունից` կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու համար: 

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակները եւ դրանց դասակարգումը

1. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության աստիճանի դասակարգվում են երեք կատեգորիայի` «Ա», «Բ» եւ «Գ»: 

Հոդված 2. Փորձաքննության ենթակա նախատեսվող գործունեության տեսակները եւ դրանց դասակարգումը

6. Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:

7. «Լիազոր պետական մարմնի որոշմամբ փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները.

- այն վարչատարածքային միավորի նախաձեռնությամբ, որի տարածքում նախատեսվում է իրականացնել գործունեությունը,

- նախարարություների եւ պետական իշխանության այլ մարմինների նախաձեռնությամբ,

- այն համայնքների նախաձեռնությամբ, որոնց տարածքում կամ շրջակայքում պլանավորվում է նախատեսվող գործունեության իրականացումը,

- հասարակական կազմակերպությունների, առանձին խմբերի նախաձեռնությամբ,

- լիազոր պետական մարմնի սեփական նախաձեռնությամբ»: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հոդված 2-ի 1-ին կետը խմբագրել հետեւյալ կերպ`

Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակներն ըստ բնագավառների եւ շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության աստիճանի դասակարգվում են երեք կատեգորիայի` «Ա», «Բ» եւ «Գ»` ըստ սույն օրենքի 1-ին հոդվածով սահմանված` հայեցակարգի գործողության կամ նախատեսվող գործունեության իրականացման հետեւանքով շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մեթոդիկաների եւ փորձագիտական չափանիշների: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` «Նորմատիվ իրավական ակտը պետք է կարգավորի միաբնույթ (մեկ ոլորտ կարգավորող) հարաբերություններ ... Իրավական ակտը չպետք է հակասի հավասար կամ ավելի բարձր իրավաբանական ուժ ունեցող իրավական ակտերին»:

Նույն օրենքի օրենքի 37-րդ հոդվածի համաձայն` «Իրավական ակտը պետք է լինի լիակատար, ավարտված և լիովին կարգավորի ակտով նախատեսված հարաբերությունների բոլոր առանձնահատկությունները:

Եթե հնարավոր կամ նպատակահարմար չէ այդ հարաբերությունների բոլոր առանձնահատկութունները կարգավորել տվյալ իրավական ակտով, ապա դրանում հղումների ձևով կամ առանձին մասերով պետք է սահմանվեն այն իրավական ակտերի տեսակները, որոնցով կարգավորվել են չկարգավորված հարաբերությունները, կամ նշվեն այն իրավաստեղծ մարմինները, որոնք պետք է կարգավորեն դրանք»:

Սրանից հետեւում է, որ իրավական ակտում կիրառվող հասկացությունները եւ իրավակաարգավորումները պետք է համարժեք լինեն այդ օրենքի կարգավորման առարկային` օրենքի բացը, հանգեցնում է իրավական որոշակիության սկզբունքի խախտման: Իրավական ակտըպետք է լիարժեք կերպով կանոնակարգի իր կարգավորման տիրույթում գտնվող բոլոր իրավահարաբերությունները:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը իր մի շարք վճիռներում Ryabykh v. Russia N 52854/99, ECHR 2003-X; Brumarescu v. Romania Reports 1999-VII գործերով, ինչպես նաև ՀՀ սահմանադրական դատարանը` 14.01.2010թ. ՍԴՈ-851 եւ այլ որոշումներով օրենքի իրավական որոշակիության վերաբերյալ սահմանել են իրավաչափության հստակ չափանիշներ` իրավական նորմերը պետք է լինեն կանխատեսելի, հստակ և ընկալման համար մատչելի:  Այս իմաստով, անհասկանալի է`

1/ ինչ սկզբունքների ու չափանիշների վրա է հիմնված շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության աստիճանի գնահատումը, (անհասկանալի է, օրինակ` ինչ փորձագիտական չափանիշների վրա է հիմնվում օրինագծում տեղ գտած այն մոտեցումը, որ մինչեւ 5 հեկտար անտառահատումը ընդհանրապես ենթակա չէ փորձաքննության կամ հանրային լսումների),

2/ ինչ չափանիշներով են իրականացվել նախատեսված գործուեությունների դասակարգումը ա/բ/գ/ կատեգորիաների (փորձագիտական ինչպիսի չափանիշների հիման վրա են «գ» կատեգորիայում ներառվել գործունեության այնպիսի տեսակներ, ինչպիսիք են` «անտառհատում` 5 հա եւ ավելի», «քաղաքաշինական կառույցներ` 1500քմ-ից ավելի կառուցապատման մակերեսով»):

Առավել նպատակահարմար է, որ սույն օրենքով (հավելվածի տեսքով) սահմանվեն այդ տարածքները: Անհրաժեշտ է նաև այդ տարածքները բաշխել ըստ սույն օրենքով դասակարգված կատեգորիաների, քանի որ անհասկանալի է, թե մնան տարածքներում իրականացվող գործունեությունը որ կատեգորիայի մեջ է մտնում (օրինակ` քաղաքային այգիներում եւ կանաչապատ գոտիներում իրականացվող` մինչեւ 1500քմ մակերես ունեցող կառուցապատումը ներառել «Բ» կատեգորիայում): 

ՕՐԻՆԱԳԾՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ԴՐՈՒՅԹՆԵՐ

ՀՈԴՎԱԾ 2. Oրենքի 4-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

6. 4-րդ հոդվածի 3-րդ կետի ձեւակերպումը ներկայացնել հետեւյալ կերպ.

«Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են այնպիսի տարածքներում, որոնց կարգավիճակը որոշվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ»: 

7. 4-րդ հոդվածի 4-րդ կետի ձեւակերպումը ներկայացնել հետեւյալ կերպ.

«Լիազոր պետական մարմնի որոշմամբ փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները.

- այն վարչատարածքային միավորի նախաձեռնությամբ, որի տարածքում նախատեսվում է իրականացնել գործունեությունը,

- նախարարություների եւ պետական իշխանության այլ մարմինների նախաձեռնությամբ,

- այն համայնքների նախաձեռնությամբ, որոնց տարածքում կամ շրջակայքում պլանավորվում է նախատեսվող գործունեության իրականացումը,

- հասարակական կազմակերպությունների, առանձին խմբերի նախաձեռնությամբ,

- լիազոր պետական մարմնի սեփական նախաձեռնությամբ»: 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ

Հոդված 2-ի 6-րդ կետը խմբագրել հետեւյալ կերպ`

6. Փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված եւ սահմանային չափը չգերազանցող բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են սույն օրենքով սահմանված տարածքներում: Սույն կետով նախատեսված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննությունն իրականացվում է «Բ» կատեգորիայի գործունեության համար սահմանված կարգով: 

2-րդ հոդվածի 7-րդ կետի ձեւակերպումը ներկայացնել հետեւյալ կերպ`

7. Լիազոր պետական մարմնի որոշմամբ փորձաքննության ենթակա են նաեւ սույն հոդվածի 2-րդ կետում չթվարկված, սահմանային չափը չգերազանցող բոլոր նախատեսվող գործունեությունները

- այն վարչատարածքային միավորի նախաձեռնությամբ, որի տարածքում նախատեսվում է իրականացնել գործունեությունը,

- նախարարություների եւ պետական իշխանության այլ մարմինների նախաձեռնությամբ,

- այն համայնքների նախաձեռնությամբ, որոնց տարածքում կամ շրջակայքում պլանավորվում է նախատեսվող գործունեության իրականացումը,

- շահագրգիռ հասարակության (հասարակական կազմակերպությունների, առանձին խմբերի) նախաձեռնությամբ,

- նախատեսված գործունեությունն իրականացնողի նախաձեռնությամբ,

- լիազոր պետական մարմնի սեփական նախաձեռնությամբ:

Փորձաքննություն իրականացնելու նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու մասին որոշում կայացնելու դեպքում նախատեսվող գործունեության իրականացումը կասեցվում է մինչեւ սույն օրենքով «Բ» կատեգորիայի գործունեության համար սահմանված կարգով փորձաքննական եզրակացության տրամադրումը: Փորձաքննության բացասական եզրակացության ռիսկը կրում է գործունեության նախաձեռնողը: Լիազոր մարմնի կողմից նշված սուբյեկտների նախաձեռնությամբ փորձաքննություն նշանակելու մերժումը պետք է հիմնված լինի մասնագիտական եզրակացության վրա: Փորձաքննություն նշանակելու մերժման հետեւանքով պատճառված վնասի ռիսկը կրում է լիազոր մարմնի իրավասու պաշտոնատար անձը: 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` «Եթե իրավական ակտում նախատեսված նորմի պահանջի կատարում կարող է միայն իրականացվել այդ իրավական ակտով նախատեսված իրավական այլ ակտի ընդունմամբ, ապա իրավական ակտն այդ նորմի մասով գործում է համապատասխան իրավական այլ ակտն ուժի մեջ մտնելու պահից»:

Ինչպես գործող օրենքով, այնպես էլ դրանում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին` առաջարկվող նախագծով իրավաբանորեն հստակ եւ որոշակի կարգավորում չի ստացել 2-րդ հոդվածի 6-րդ կետով նախատեսված «տարածքների» հիմնահարցը:

Հոդվածում նշված բլանկետային դիսպոզիցիան ենթադրում է, որ պետք է օրենսդրությամբ սահմանված լինեն 6-րդ հոդվածի 2-րդ կետում նշված տարածքները (դրանց սպառիչ ցանկը), մինչդեռ ընթացիկ օրենսդրությունը նման կարգավորում չի նախատեսում: Այսինքն, բացակայում է այն իրավական ակտը (իրավական ակտերը), որն անհրաժեշտ նախապայման է հանդիսանում տվյալ նորմի կիրառման համար:

Իրավական խճողվածությունից խուսափելու համար առավել նպատակահարմար է այդ տարածքների հարցը կարգավորել սույն օրենքով, անհրաժեշտության դեպքում` օրենքին կցել այդ տարածքների ցանկը սահմանող հավելված: 

Օրինագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետով սահմանված իրավակարգավորմամբ բաց է մնում այն հարցը, թե ինչպիսի ընթացակարգով պետք է կանոնակարգվի գործընթացը, երբ այն արդեն սկսվել է: Հարցը կարող է կարգավորվել նախատեսվող գործունեության կասեցմամբ, մինչեւ փորձաքննության ավարտը:

Կարգավորված չէ նաեւ լիազոր մարմնի աշխատակիցների անբարեխիղճ գործողությունների համար պատասխանատվության հարցը: Օրինագծի 2-րդ հոդվածի 7-րդ կետով ամրագրված դրույթի ձեւակերպումը լիազոր մարմնի առջեւ պահանջ չի դնում փորձաքննություն իրականացնելու նախաձեռնության մերժումը հիմնավորելու շրջակա միջավայրի վրա ազդեցության մասնագիտական գնահատման շրջանակներում:

Անհրաժեշտ է նաեւ օրենքով սահմանել նախաձեռնությունն անհիմն մերժելու համար` անձնական պատասխանատվության վրա հիմնված հստակ պարտավորություն, ինչն իրական երաշխիք կարող է հանդիսանալ այդ դրույթով սահմանված իրավունքների պրակտիկ իրագործման եւ որոշումների կայացմանը շահագրգիռ հասարակության գործուն մասնակցությունն ապահովելու համար:

Հարկ է նաեւ սահմանել, որ փորձաքննություն իրականացնելու նախաձեռնությունը հիմնավոր լինելու դեպքում փորձաքննության իրականացման հետ կապված ծախսերը ամբողջությամբ ֆինանսավորվում են Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին:

(շարունակելի) 

Արթուր Գրիգորյան, «Էկոդար» ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter