HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սարգիս Հացպանյան. «Մարտի 1-ից առաջ ես արդեն Մարտի 1-ից տուժած եմ»

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում անազատության մեջ գտնվող, Ֆրանսիայի քաղաքացի Սարգիս Հացպանյանը «Հետքի» խմբագրությանը գրել է նամակ, որում մասնավորապես ասված է.

«ՀՀ իշխանությունները վերջին օրերին, թեեւ ոչ պաշտոնապես, բայց շրջանառության մեջ են դրել մի վարկած` իբր քաղաքական բանտարկյալներից Սարգիս Հացպանյանը Մարտի 1-ի դեպքերի հետ առնչություն չունի: Եվ ինձ ու Մուրադ Բոջոլյանին առանձնացնում են մեր մնացած բախտակից ընկերներից:

Բնականաբար, Մուրադ Բոջոլյանը, որ 2002 թվականին է ձերբակալվել, Մարտի 1-ի հետ առնչություն չունի: Ինչ վերաբերում է ինձ, երեւի թե Մարտի 1 կոչված իրողությունից ավելի շատ տուժած մարդ, քան ես, չկա: Ասածս հիմնավորելու համար բերեմ ընդամենը մի քանի փաստարկ.

2008թ. փետրվարի 19-ի նախագահական ընտրությունների հաջորդ օրը ես տնից դուրս եմ եկել եւ առայսօր չեմ վերադարձել: Եվ դրա միակ պատճառը եղել է հենց այդ արյունալի Մարտի 1-ը: Ես եկել եմ Ազատության հրապարակ եւ մաս կազմել բողոքող ժողովրդի:

Արդեն փետրվարի 23-ին այն ժամանակվա ոստիկանապետ Հայկ Հարությունյանն ինձ ձերբակալելու սանկցիա է տվել: Իսկ նույն օրը` երեկոյան, երբ հարթակից ելույթ էի ունենում, ոստիկանները եկան ինձ ձերբակալելու, բայց չկարողացան, որովհետեւ ժողովուրդը թույլ չտվեց: Դրանից հետո` մինչեւ մարտի 1-ի առավոտ` յուրաքանչյուր օր, ՀՀ ոստիկանությունը 3 անգամ ճիշտ իմ ելույթ ունենալու ժամանակ` ամեն օր, գալիս էր ինձ ամբիոնից ձերբակալելու: Իսկ երբ իմ նկատմամբ ձերբակալման սանկցիա էր տրվել, հարթակում գտնվող ոչ մեկի հանդեպ որեւէ սանկցիա չէր տրվել:

Սա առաջինը, այսինքն՝ մարտի 1-ից առաջ ես արդեն Մարտի 1-ից տուժած եմ:

Երկրորդ՝ Մարտի 1-ի երեկոյան՝ ժամը 22:00-ին, երբ Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց արտակարգ դրություն, հաջորդող ժամերից սկսած յուրաքանչյուր օր «Հ1» եւ «Հ2» հեռուստաալիքներով իմ լուսանկարն էին ցուցադրում եւ հայտնում, որ փնտրվում եմ ոստիկանության կողմից: Եթե ես Մարտի 1-ի հետ կապված որեւէ առնչություն չունեի, բա ոստիկանությունն ինչո՞ւ էր ինձ փնտրում:

Երրորդ՝ 2008թ. մարտի 8-ին ՀՀ ոստիկանությունը հայց էր ներկայացրել վարչական դատարան 19 մարդու դեմ՝ սկսած Լեւոն Տեր-Պետրոսյանից, Արամ Սարգսյան, Ստեփան Դեմիրճյան, Պետրոս Մակեյան… այդ թվում՝ նաեւ ես: Իբր Սահմանադրական կարգն էինք խախտել, հրահրել էինք կոնֆլիկտներ, ապօրինի ցույցեր էինք կազմակերպել: Ես այդ հայցով դատապարտված միակ անձն եմ, միայն ես եմ տույժի ենթարկվել. ոստիկանությունն իմ դատից 1 ժամ հետո մնացած 18 հայցերն ինքնակամ հետ վերցրեց:

Չորրորդ՝ 2008թ. մարտի 6-ին ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանն իմ մասին 8 էջից բաղկացած զեկույց ներկայացրեց այն ժամանակ նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռոբերտ Քոչարյանին, որում նշված էր, թե Հացպանյան Սարգիսը Հայաստանի պետական անվտանգությանը սպառնացող տարր է եւ պետք է Հայաստանից արտաքսվի: Դրա հիման վրա մարտի 10-ին Ռոբերտ Քոչարյանը հատուկ՝ Ն-38 հրամանով Սարգիս Հացպանյանին զրկեց Հայաստանում ապրելու իրավունքից, ինչը նշանակում էր զրկել ինձ իմ ունեցած կացության հատուկ կարգավիճակից, որն ուժի մեջ էր մինչեւ 2016 թվականը:

Բացի դրանից՝ ՀՀ իշխանությունները Մարտի 1-ի հետ կապված ձերբակալել են 149 մարդու, որոնցից այժմ բանտերում են վեցը: Ես այդ 6-ի մեջ այս րոպեի դրությամբ միակն եմ, որ ամենանվազ պատժաչափն եմ ստացել: ՀՀ իշխանությունները մարդկանց, պատժաչափի կեսը նստած լինելու հիմքով, առաջին անգամ ներկայացրին վաղաժամկետ պայմանական ազատ արձակման եւ բաց թողեցին:

Քանի որ ինձ դատապարտել են թեթեւ բնութագրվող հոդվածով, իմ դեպքում պայմանական վաղաժամկետ ազատ արձակման ժամկետը հաշվվում է 1/3-ով: 2009թ. սեպտեմբերից սկսած` ինձ անընդհատ ներկայացնում են պայմանական վաղաժամկետ ազատման եւ մերժում՝ ոչ մի տույժ-տուգանք չլինելու պարագայում: Այսինքն՝ այնքան վրաժխնդիր են իմ հանդեպ, որ նմանօրինակը եղած իրողության մեջ չկա:

Ես համաներումից չօգտված միակ քաղաքական բանտարկյալն եմ: Եվ ՀՀ իշխանությունների՝ վերջին օրերին առաջ քաշած վարկածն էլ հատուկ նպատակ է հետապնդում: Ուզում են, որ Սարգիս Հացպանյանն իրեն վերապահված մինչեւ վերջին ժամն անցկացնի բանտում:

2011թ. հունիսի ինն իմ վերջին օրն է, որ պետք է բանտում մնամ. պատժի ժամկետը լրանում է: Եվ ես Սերժ Սարգսյանի կամ որեւէ մեկի ներման կարիքը չունեմ: Ուզում եմ ասել՝ նույնիսկ այս դեպքում, որ մնացել է այսքան ժամանակաշրջան, իրենք շարունակում են իմ դեմ այդ վրեժխնդիր կեցվածքը»:

Մեկնաբանություններ (2)

mard
համաներումից չօգտված է միայն Շանթ Հարությունյանը
Վ.Առաքելյան
Նայում էս մարդը մարդու տեսք ունի ու անպայման բանտում է, տեսնում էս մարդը վայրենի գազանի է նման` անպայման բարձր պաշտոնումն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter