HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե վանաձորցիները մեզ աջակցեն, Վանաձորը կդառնա հանրապետության ամենամաքուր քաղաքներից մեկը». աղբահանող կազմակերպության տնօրեն

Գայանե Սարգսյան

Այս տարվա հունիսի 1-ից Վանաձորի կենցաղային աղբահանության ու սանիտարական մաքրման աշխատանքներն իրականացնում է նորաստեղծ «Լայվ» ՍՊԸ-ն: Առաջիկա 7 ամիսներին այդ աշխատանքներն իրականացնելու համար հայտարարված մրցույթը կազմակերպությունը շահել է 137 մլն դրամով:

Նախկինում այս աշխատանքների համար հայտարարված մրցույթներին տարիներ շարունակ մասնակցում ու քաղաքի տարբեր հատվածներում աղբահանություն իրականացնելու համար հաղթող էին ճանաչվում 4 տարբեր կազմակերպություններ: Գրեթե բոլոր հատվածներում, սակայն, իրականացվող աշխատանքների որակից, վանաձորցիները հաճախ էին դժգոհում:

Մրցույթը շահած նոր ընկերության հնարավորությունների ու անելիքների մասին զրուցեցինք «Լայվ»  ՍՊԸ-ի տնօրեն Գարեգին Անտոնյանի հետ:

-Ե՞րբ ու ի՞նչ նպատակով է ստեղծվել կազմակերպությունը:

-Կազմակերպությունը ձևավորվել է 2017թ.-ի մարտին: Ընկերությունը պատկանում է  Անտոնյանների ընտանիքին, սեփականատերը Նարեկ Անտոնյանն է, տնօրենը՝ ես: Ընկերությունը բացվել էր տարբեր բնագավառներում գործունեություն ծավալելու համար:  Լսելով, որ Վանաձորում աղբահանության մրցույթ է լինելու, էլեկտրոնային մրցույթին գրանցվեցինք, շահեցինք: Մրցույթը մայիսի 29-ին էր: Հունիսի 1-ից սկսեցինք քաղաքի կենցաղային ու սանիտարական մաքրման աշխատանքները:

-Վանաձորցիները նախկինում հաճախ են դժգոհել քաղաքի աղբահանության որակից:  Որքանո՞վ եք ապահովված մարդկային ու տեխնիկական ռեսուրսով:

-Մարդկային ու տեխնիկական ռեսուրսով լիովին ապահովված ենք, այսօր մեր աշխատանքները լիովին վերահսկելի են: Ճիշտ է, սկզբնական շրջանում որոշակի դժվարություններ կային, բայց հիմա արդեն գրաֆիկավորված աշխատում ենք, աղբահանությունն ու սանիտարական մաքրումն իրականացնում ենք առավոտ շուտ, շրջիկ մեքենաները թաղամասեր են գնում ժամը 12-ից հետո: Նոր աշխատողներ, նոր մարդ, կարող է ինչ-որ հարցում թերացել ենք, բայց այսօր նորմալ աշխատանքներն արվում են: Ինձ թվում է վանաձորցիներն արդեն զգում են աղբահանության տարբերությունը:

Ունենք ընդհանուր 24 տեխնիկա, որից 11-ը աղբահանության համար մասնագիտացված մեքենաներ են: 20-ից ավել` փողոցներում սանիտարական մաքրում իրականացնող աշխատակիցներ ունենք, բոլոր մեքենաներն ապահովված են վարորդներով ու բանվորներով:

-Ի՞նչ գրաֆիկով է աշխատում կազմակերպությունը:

-Բազմաբնակարան շենքերի դեպքում աղբահանությունն իրականացվում է աղբամուղներում երկու օրը մեկ,  քաղաքի որոշ հատվածներում՝ ամեն օր, աղբարկղերը դատարկվում են ամեն օր, իսկ շրջիկ մեքենաները սեփական սեկտորի հատվածում շրջում են շաբաթական երկու անգամ:

-Կարծում եք այս գրաֆիկը բավարա՞ր է մաքուր քաղաք ունենալու համար:

-Այո, եթե զգանք, որ որոշ հատվածներում գրաֆիկը չի բավարարում, կավելացնենք: Աղբահանության պիկ ամիսներին հնարավոր է գրաֆիկն ավելի հաճախացնենք, բայց ընդհանուր առմամբ այս գրաֆիկը բավարարում է:

-Քաղաքապետարանն ու աղբահանողներն էլ ժամանակին, իրենց հերթին, հաճախ են դժգոհել վանաձորցիների`  քաղաքի մաքրության նկատմամբ անտարբերությունից ու անհարկի աղտոտումներից: Ինչպիսի՞ն է վիճակն այս առումով այսօր:

-Վիճակը որ ասեմ նորմալ է, չէ: Բայց հույս ունենք, որ մեր հորդորներով, մեր պահանջներով ժողովրդին կհասցնենք, որ աղբը թափեն համապատասխան տեղում:

-Մրցույթը  շահել եք 137 մլն դրամ նախահաշվային արժեքով: Բավարա՞ր է այդ գումարը քաղաքում լիարժեք աղբահանություն իրականացնելու համար:

-Այո, կենցաղային աղբահանություն ու սանիտարական մաքրում իրականացնելու համար այն լիարժեք բավարար է:

-Աշխատանքի ի՞նչ մեխանիզմներ եք նախատեսում վանաձորցիների հետ ակտիվորեն համագործակցելու համար:

-Ներկայումս մշակում ենք որոշակի համակարգ, որը հնարավորություն կտա վանաձորցիներին անմիջապես աղտոտված հատվածներից լուսանկարներ ուղարկել ու տեղեկացնել մաքրման կարիք ունեցող հատվածների մասին: Կգործի նաև թեժ գիծ՝ բնակիչների ահազանգերին անմիջապես արձագանքելու համար: Ֆեյսբուքյան էջ ենք ստեղծել, որը ևս բնակիչների հետ ակտիվորեն կապ պահպանելու հնարավորություն է տալիս: Նաև մեքենաների վրա լոկատոր համակարգեր են տեղադրված, ինչը հնարավորություն է տալիս անմիջականորեն հետևել մեքենաների շարժին ու աշխատանքին:

-Նախկինում մարդիկ խուսափում էին աղբահանող կազմակերպություններում աշխատել նաև ցածր աշխատավարձի պատճառով: Որքա՞ն աշխատավարձ եք նախատեսում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն «Լայվում» աշխատել:

-Մեր մոտ աշխատավարձերը գործարքային են: Նորմալ գրաֆիկով աշխատելու դեպքում, կախված երթերի քանակից, վարորդների ու բանվորների աշխատավարձը կկազմի 120.000-150.000 դրամ:

-Առաջիկայում ի՞նչ փոփոխություններ ակնկալեն վանաձորցիները «Լայվ»-ից:

-Ամենալավ փոփոխությունները: Եթե վանաձորցիները մեզ աջակցեն, ու իրենք էլ մաքուր պահեն, հաստատ կարճ ժամանակում Վանաձորը կդառնա հանրապետության ամենամաքուր քաղաքներից մեկը:

 

Մեկնաբանություններ (1)

Արարատ Գյուլբանգյան
Շնորհավորում եմ : Նորանոր ձերքբերումներ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter