HY RU EN

Գագիկ Աղբալյան

Վերջ անեկդոտներին․ Վանաձորի ճանապարհները կվերանորոգեն

Կառավարությունը վերջապես ուշադրությունը սեւեռել է դեպի Վանաձոր, որտեղ ճանապարհները հումորի ու անեկդոտների առիթ են դարձել։

Սոցիալական ցանցերում ամեն տարի տասնյակ լուսանկարներ եւ գրառումներ են հրապարակվում քաղաքի քայքայված ճանապարհների մասին։ Եվ ահա կառավարությունը Լոռու մարզկենտրոնում իրավիճակը բարելավելուն ուղղված առաջին քայլն է պատրաստվում անել։

Ինչպես տեղեկանում ենք կառավարության կայքից, առաջիկայում 9 միլիոն դրամ կհատկացվի Լոռու մարզպետարանին՝ Վանաձորի ճանապարհների վերանորոգման նախագծանախահաշվային աշխատանքների համար։ Նախաձեռնության հեղինակը Տարածքային կառավարման եւ զարգացման նախարարությունն է։

Շինարարական աշխատանքների իրականացման համար հետագայում կպահանջվի շուրջ 290 միլիոն դրամ:

«Վանաձորի ճանապարհային ցանցի ինչպես գլխավոր, այնպես էլ ներթաղամասային փողոցները գտնվում են անմխիթար վիճակում: Երկար տարիներ Վանաձոր քաղաքում հիմնանորոգման աշխատանքներ գրեթե չեն կատարվել: Մասնավորապես հիմնանորոգվել են Տիգրան Մեծի պողոտայի եւ Թումանյան փողոցի որոշակի հատվածներ:

Ներկայումս անմխիթար վիճակում են քաղաքի երթեւեկության համար կարեւոր բազմաթիվ փողոցներ, մասնավորապես` Վարդանանց, Զորավար Անդրանիկ, Հալաբյան, Աղայան, ՈՒսանողական, Շինարարների, Մյասնիկյան, Նժդեհի, Շիրակացի, Թումանյան, Ներսիսյան, Զորյան, Տավրոսի 6-րդ, Դեմիրճյան փողոցները»,-սա հատված է կառավարության տեղեկանքից:

Վանաձոր քաղաքի բյուջեով նախատեսված է կատարել 100 միլիոն դրամի փոսային նորոգման աշխատանքներ, սակայն, ըստ կառավարության, սա անբավարար է քաղաքում նորմալ ճանապարհային ցանց ունենալու համար: Քաղաքի ընդհանուր ճանապարհային ցանցը կազմում է 119 կմ, որի 15-25 տոկոսը, իսկ որոշ հատվածներում՝ մինչեւ 40 տոկոսը, գտնվում է քայքայված վիճակում: Նախնական հաշվարկներով ճանապարհային ծածկի նորոգման ենթակա է 220 հազար քմ, իսկ Վանաձոր քաղաքի 2017թ. բյուջեով նախատեսված միջոցները կբավարարեն մոտ 15 հազար քմ մակերեսի նորոգման համար:

Մինչ կառավարությունը փաստաթղթեր է ձեւակերպում Վանաձորի ճանապարհները վերանորոգելու նպատակով, քաղաքի բնակիչները, մասնավորապես ակտիվ քաղաքացիները, հետեւողականորեն լուսաբանում են, թե քաղաքի որ հատվածում ճանապարհներն ինչ վիճակում են։

Ֆեյսբուքում հետեւելով #roadsՎանաձոր հեշթեգին` կարելի է ծանոթանալ պատմությունների այն մասին, թե ինչպես են քաղաքային իշխանությունները կտրտում ասֆալտը եւ օրերով թողնում դրանք երթեւեկության համար վտանգավոր վիճակում, կամ վանաձորցիներն են ասֆալտի փոսերը լցնում շինարարական աղբով։