
Գևորգ Սաֆարյանը բողոքարկում է իրեն տուժող ճանաչելու հարցը
Ամալյա Մարգարյան
Վերաքննիչ քրեական դատարանում տեղի ունեցավ ակտիվիստ Գևորգ Սաֆարյանի և նրա պաշտպան Տիգրան Հայրապետյանի բողոքի գործով նիստը, որի ընթացքում փաստաբանը ներկայացրեց բողոքը։ Բողոքի մեջ ներկայացված էր, որ Գևորգ Սաֆարյանը 2016-ի հունվարի 2-ին ոստիկանների հետ ունեցած բախման հետևանքով ստացել է մարմնական վնասվածքներ, որպես տուժող ներգրավվել քրեական գործում, սակայն հետագայում վարույթը կարճվել է։ Սաֆարյանը և իր ներկայացուցիչը դիմել են Առաջին ատյանի դատարան՝ անօրինական համարելով նախաքննական մարմնի գործողությունները, սակայն դատարանը չի բավարարել բողոքը։
Նիստը սկսվելուց հետո դատավորն 40 րոպե ընդմիջում հայտարարեց, քանի որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից դատապարտյալին չէին ներկայացրել դատարան։ Այսօրվա նիստի ընթացքում Տիգրան Հայրապետյանը ներկայացրեց 15 կետից բաղկացած բողոք։
Ելույթի մեջ Տիգրան Հայրապետյանը նշեց, որ Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումն անօրինական է և անհիմն։ Ինչպես նաև նշեց, որ նախաքննության ընթացքում խախտվել է քրեական դատավարության հիմնարար մի շարք նորմեր։ «Նախաքննությունը թերի է անցկացվել, չեն պարզվել մի շարք հանգամանքներ։ Անցկացվել է միակողմանի նախաքննություն։ Քննչական խումբը չի եղել օբյեկտիվ։ Հետևաբար չէր կարող գնահատականներ տալ Սաֆարյանի գործողություններին»,-հայտնեց փաստաբանը։
Տիգրան Հայրապետյանը նշեց նաև, որ նույն քննչական խումբն է քննել այն գործը, որտեղ Սաֆարյանը ներգրավված է որպես մեղադրյալ՝ ոստիկանության աշխատակից Գեղամ Խաչատրյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար։ «Նախաքննության ավարտից հետո քննչական խմբի մոտ կարծիք է ձևավորվել, որ ոստիկանների գործողությունները եղել են իրավաչափ, իսկ Գեղամ Խաչատրյանը Սաֆարյանի անօրիանական գործողություններից տուժել է»,-ասաց Տիգրան Հայրապետյանը, հետո ավելացրեց․«նույն քննչական խումբը չի կարող օբյեկտիվ գնահատակններ տալ նույն անձանց գործողություններին»։
Փաստաբանը նշեց, որ խոչընդոտվել է Գևորգ Սաֆարյանի խոսքի ազատության և հավաքին մասնակցելու իրավունքը։ Իսկ նախաքննությունը և դատաքննությունը չի եղել օբյեկտիվ։ Փաստաբանը տեղեկացրեց նաև, որ ոստիկանների հարվածների արդյունքում Գևորգ Սաֆարյանը ոտքին վնասվածք է ստացել։
«Դատարանը չի անդրադարձել տուժվող կողմի բերված հիմնավորումներին և իրավական գնահատականներ չի տվել ոստիկանների գործողություններին։ Քննչական մարմինը գտել է, որ ոստիկանների կողմից հավաքի մասնակիցների նկատմամբ կիրառված բռնություններն ունեցել են ինքնապաշտպանական բնույթ։ Այդ պատճառով նրանց նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվել»,-հայտնեց Գևորգ Սաֆարյանի ներկայացուցիչը։
Նշեց նաև, որ Սաֆարյանը քաղաքական բանտարկյալ է, իսկ միջադեպը արհեստականորեն է ստեղծվել։
«Ինչի՞ց և ու՞մից են պաշտպանվել ոստիկանները։ Գեղամ Խաչատրյանը ցուցմունքում նշված է, որ երկու անգամ Սմբատ Բարսեղյանի կողմից հարված ստանալուց հետո, երրորդ անգամ հարվածից խուսափելու համար ինքն է հարվածել։ Հարց է առաջանում ՝ ինչու՞ մեղադրանքներ չեն առաջադրվել այլ քաղաքացիների նկատմամբ»,-ասաց փաստաբանը։
Նշեց նաև, որ ըստ քննիչի՝ ոստիկանների կողմից կատարված հարվածները կանխարգելող են եղել, որպեսզի հավաքի մասնակիցները վախենան և ձեռնպահ մնան կատարվող գործողություններից։
Փաստաբանը նշեց, որ Գևորգ Սաֆարյանը նկատել է, ինչպես է Գեղամ Խաչատրյանը հարվածել իր դեմքին, սակայն վերջինս պնդել է որ չի հարվածել։ «Երկու կողմերի միջև առերեսում չի անցկացվել։ Չորս հատոր գործի նյութեր են հավաքվել, բայց ամենակարևոր գործողությունը չի կատարվել»,-հավելեց փաստաբանը։
Տիգրան Հայրապետյանը խնդրեց բեկանել դատական ակտը և ուղարկել նոր քննության։
Հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 26-ին։ Նիստի ընթացքում ելույթով հանդես կգա մեղադրողը։
Մեկնաբանել