
Դավիթ Լոքյանն ընդունել է Լիտվայի դեսպան Էրիկաս Պետրիկասին
Տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից տեղեկացնում են, որ Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լիտվայի արտակարգ և լիազոր դեսպան Էրիկաս Պետրիկասին:
Դ.Լոքյանը կարևորել է հայ-լիտվական հարաբերությունների զարգացումը, համապատասխան ոլորտներում համագործակցության ամրապնդումն ու խորացումը: Առանձնացնելով մի շարք ոլորտներում համագործակցային հաջողությունները, Դ. Լոքյանը նշել է, որ այսօր Հայաստանի վարչատարածքային բարեփոխումների գործընթացում դիտարկվում են թույլ տարածքների զարգացման լիտվական հայեցակարգերը: Այս համատեքստում նախարարն ընգծել է երկու երկրների միջև միջմարզային և միջքաղաքային համագործակցության ձևավորումը, որի նախադրյալներն արդեն առկա են, ընթացքի մեջ են համապատասխան փոխայցելությունների կազմակերպման հարցերը:
Դեսպանը կարևորել է Հայաստանի և Լիտվայի միջև պատմական հարաբերությունները, և ի դեմս նախարար Դ. Լոքյանի, հաջողություն է մաղթել Հայաստանի նոր կառավարությանը հետագա աշխատանքում: Դեսպան Պետրիկասն իր խոսքում նույնպես վերահաստատել է երկու երկրների միջև փոխգործակցության ներուժի բացահայտման ու զարգացման անհրաժեշտությունը, ակտիվ համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են նաև Հայաստան-Լիտվա միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին, քննարկել երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր:
Մեկնաբանել