
ՊՆ առաջին տեղակալն ընդունել է ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին
Հունիսի 22-ին պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին: Այս մասին տեղեկացնում է ՊՆ մամուլի ծառայությունը:
Հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը գոհունակություն է հայտնել զինծառայողների համար միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործադրած ջանքերի կապակցությամբ:
ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Անդրադառնալով մեկ օր առաջ ԱՀ պաշտպանության նախարարության հրապարակած` ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանի մասնակցությամբ տեսանյութին, պաշտպանության նախարարի առաջին տեղակալը կոչ է արել Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ղեկավարին ջանքեր գործադրել և ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի միջոցով կազմակերպել այցելություն` վերջինիս պահպանման պայմաններին ծանոթանալու և տեղեկատվություն ստանալու նպատակով:
Մեկնաբանել