
«Կայարանցի Թևոսիկի» եղբոր և Մովսես Ներսիսյանի սպանության գործով դատաքննությունը վերսկսվեց
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այսօր պետք է հրապարակեր քրեական աշխարհում որպես «Կայարանցի Թևոսիկ» հայտնի Թևոս Սաֆարյանի եղբոր` Արթուր Սաֆարյանի և Մովսես Ներսիսյանի սպանության գործով ամբաստանյալ Իսրայել Սարգսյանի վերաբերյալ դատավճիռը, սակայն խորհրդակցական սենյակից դուրս գալով` դատավորը հայտնեց, որ գործի դատաքննությունը վերսկսվում է:
Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի` Իսրայել Սարգսյանը Մովսես Ներսիսյանին պատվիրել է Արթուր Սաֆարյանի սպանությունն, ապա սպանության հետքերը թաքցնելու համար ինքը սպանել Մովսես Ներսիսյանին ու վերջինիս դին նետել Քանաքեռավանի դիտահորը:
Բացի այդ` Սարգսյանը մեղադրվում է նաև ապօրինի զենք կրելու մեջ: Ամբաստանյալն իր վերաբերյալ գործի քննության ամբողջ ընթացքում պնդել է, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքներն ու հայտարարել, որ Մովսես Ներսիսյանը ողջ է, որ ինքն է նրան հորդորել հեռանալ Հայաստանից: Մինչև այսօր Մովսեսի դին չի հայտնաբերվել:
Դատախազ Հայկ Հակոբյանը Սաֆարյանի և Ներսիսյանի սպանության համար պահանջում է Սարգսյանին դատապարտել 25 տարի ժամկետով ազատազրկման, իսկ տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երեմ Սարգսյանը պահանջում է ցմահ ազատազրկում:
Մեկնաբանել