Ավագ օպերլիազորը հայտնել է, որ իրեն առանձնապես խոշոր չափերի կաշառք են առաջարկում
ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Արտաշատ քաղաքի բնակիչ Ա. Հարությունյանը 2010թ. ամռանը ծանոթացել է Երևան քաղաքի բնակիչներ Կ.Գասպարյանի և Ա.Մայիլյանի հետ, ովքեր զբաղվել են շենգենյան երկրների մուտքի արտոնագիր ստանալու նպատակով իրենց դիմած քաղաքացիների անուններով փաստաթղթերի փաթեթներ նախապատրաստելով, արտերկրում հյուրանոցային համարներ վարձակալելով, ինքնաթիռի տոմսեր գնելով, նաև այլ ծառայություններ մատուցելով:
Վերջիններս իրենց կողմից մատուցվող ծառայությունների համար յուրաքանչյուր քաղաքացուց, որպես վարձավճար, վերցրել են 3000-3600 եվրո գումար: Կ.Գասպարյանը և Ա.Մայիլյանը, տեղյակ լինելով, որ Ա. Հարությունյանը երկար տարիներ բնակվել է Աթենք քաղաքում, ծանոթ է քաղաքին և հյուրանոցային ցանցին, լավ տիրապետում է հունարենին, խնդրել են նրան Աթենք քաղաքի հյուրանոցներում հյուրասենյակներ վարձակալել 200-ական եվրո միջնորդավճարի դիմաց, որը փոխանցել են Արտաշատ քաղաքի բնակիչ Վ. Մանուկյանի միջոցով:
Ա.Հարությունյանը 2010թ. հունիս ամսից մինչև 2011թ. փետրվարն ընկած ժամանակահատվածում թվով 17 ՀՀ քաղաքացու համար 1500-1900 եվրոյի սահմաններում Աթենք քաղաքում վարձակալել է հյուրանոցային համարներ:
2011թ. փետրվարի 14-ին Ա.Հարությունյանն ու Վ.Մանուկյանը բերման են ենթարկվել ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն: Դեպքի կապակցությամբ ԿՀԴՊ գլխավոր վարչությունում նյութերի նախապատրաստման ընթացքում Ա.Հարությունյանը դիմել է նույն վարչության 5-րդ բաժնի ավագ օպերլիազորին՝ խնդրելով օգնել իրեն, նախապատրաստվող նյութերին ընթացք չտալ կամ նյութերից հանել իրենց վերաբերյալ տեղեկությունները: Այդ նպատակով Ա.Հարությունյանը ավագ օպերլիազորին սկզբում առաջարկել է 10 000 եվրո, ապա 15 000 եվրո կաշառք:
Վերջինս հրաժարվել է իրեն առաջարկվող գումարից: Այդուհանդերձ Ա.Հարությունյանը շարունակել է նույն խնդրով պարբերաբար դիմել ավագ օպերլիազորին: Վերջինս 2011թ. փետրվարի 21-ին ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության պետի անունով զեկուցագիր է ներկայացրել՝ հայտնելով, որ իրեն առանձնապես խոշոր չափերի կաշառք են առաջարկում՝ վերոհիշյալ գործի կապակցությամբ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Ա.Հարությունյանի նկատմամբ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունը:
2011թ. փետրվարի 23-ին Ա.Հարությունյանը գնացել է ԿՀԴՊ գլխավոր վարչություն և աշխատասենյակներից մեկում հիշյալ ավագ օպերլիազորին տվել կաշառքը՝ 15 000 եվրո գումար:
Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա.Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով:
ՀՀ գլխավոր դատախազության տեղեկացմամբ՝ քրեական գործն ուղարկվել է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել