HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հունվարի 1-ից կենսաթոշակներն ու նպաստները կբարձրանան 10 տոկոսով

«2012 թ. պետական բյուջեով մենք հունվարի 1-ից սոցիալական նպաստները բարձրացնում ենք 10 տոկոսով, նույնքան էլ՝ կենսաթոշակները»,- այսօրվա կառավարության նիստում ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Կառավարությունը որոշել է Հայաստանի Հանրապետությանը որպես մարդասիրական օգնություն հատկացված 1 մլն 86 հազար 960 շիշ արևածաղկի ձեթից որպես սոցիալական աջակցություն տրամադրել ՀՀ մարզերում (Երևան քաղաքում) 2011թ. դեկտեմբերի 1-ի դրությամբ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված և անապահովության «0» միավորից բարձր միավոր ունեցող ընտանիքներին՝ յուրաքանչյուր ընտանիքին 3 շիշ։

«Կառավարությունը մշակել է սոցիալական օժանդակության համալիր ծրագիր։ Անապահով ընտանիքներին մենք ցուցաբերելու ենք սոցիալական օգնություն, և սա 116 հազար ընտանիքներին տրամադրվող նախատոնական օգնություն է, որը շարունակական է լինելու»,- ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։

Ամանորի տոնակատարության հետ կապված միջոցառումների իրականացման նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից մարզպետարաններին հատկացրել է 100 մլն դրամ։

Գործադիրը նաև փոփոխություններ է կատարել ծերերի և հաշմանդամների խնամքի և սոցիալական սպասարկման նվազագույն չափորոշիչներում։ Դրանց վերանայումը կնպաստի ծեր և հաշմանդամ քաղաքացիներին տրամադրվող խնամքի և սոցիալական սպասարկման ծառայությունների բարելավմանը և արդյունավետության մեծացմանը։

Այսօրվա նիստում կառավարությունը 60 մլն դրամ է տրամադրել կրթության և գիտության նախարարությանը՝ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին կրթաթոշակ հատկացնելու նպատակով։ Կրթաթոշակ է նշանակվելու այն ուսանողներին, ովքեր չեն ընդգրկվել անվճար ուսուցման համակարգում, սակայն ունեն բարձր առաջադիմություն և ցուցաբերել են հասարակական ակտիվություն։

«Առաջին հերթին շուրջ 600 ուսանող է ընտրվում, որոնք սոցիալապես անապահով ընտանիքներից են և ուսման վարձի վճարման խնդիր ունեն։ Երիտասարդական հիմնադրամը կազմակերպում է բավական թափանցիկ գործընթաց, որտեղ հենց ուսանողներն են կատարում ընտրություն և վերահսկում, որ տրամադրվող միջոցները հասցեատիրոջը հասնեն»,- ասել է Տիգրան Սարգսյանը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter