
«Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի պատասխանը «Միրհավ» հյուրանոցի տնօրենին
Հունիսի 12-ին հրապարակել էինք Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրեն Շահեն Զեյթունցյանի նամակը, որով նա իր վրդովունքն էր հայտնել Գորիս քաղաքում ամռան ամիսներին պարբերաբար տեղի ունեցող ջրանջատումների վերաբերյալ: Նշել էր դրանց անհամատեղությունը Գորիսում զբոսաշրջությունը զարգացնելու Կառավարության ձգտման հետ: Նամակագիրն ակնկալում էր խմբագրության աջակցությունը` պարզելու, թե ինչու են հատկապես ամռան ամիսներին տեղի ունենում ջրանջատումները, երբ քաղաքի հյուրանոցները ծանրաբեռնված են զբոսաշրջիկներով եւ, երբեմն օրերով պետք է սպասեն, թե երբ են ջուր տալու, քանի որ սպասարկող ընկերությունը չի զգուշացնում անջատումների մասին: «Հետք»-ը պարզաբանումներ ստանալու համար դիմել էր «Վեոլիա ջուր» ընկերությանը, որի մեկնաբանությունը ներկայացնում ենք ստորեւ.
«Ի պատասխան Ձեր՝ առ 16.06.2017թ. N-h-117-h-32 գրության, Գորիսի «Միրհավ» հյուրանոցի տնօրենի նամակի կապակցությամբ, ներկայացնում ենք Վեոլիա Ջուր ՓԲԸ-ի պարզաբանումը:
Նախ՝ պատասխանենք Ձեր հարցերին, կապված ընկերության կայքում հրապարակված տեղեկատվության հետ:
1. Գորիսն ունի այնպիսի ջրամատակարարման գրաֆիկ, ինչպիսին Վեոլիա Ջուրը ժառանգել է նախորդ Օպերատոր Հայջրմուղկոյուղի ՓԲԸ-ից:
Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն ջրամատակարարման իր գրաֆիկը դեռեւս չի հրապարակել: Ընկերությունը հայտարարել է, որ նախորդ օպերատորների կողմից «2016 թվականի սեպտեմբերին հրապարակված ջրամատակարարման գրաֆիկները մնում են անփոփոխ՝ մինչև 2017 թվականի սեպտեմբերի 30-ը ներառյալ գործողության ժամկետով»: Տես՝ http://yerevandjur.am/hy/lratvowt-yown/mamowli-haghordagrowt-yownner:
Սա բացատրվում է նրանով, որ Երեւանից դուրս շատ բնակավայրերում պաշտոնապես հայտարարված գրաֆիկները տարբերվում են փաստացի գործող գրաֆիկներից: Այդ թվում Գորիսում: Սրանով պայմանավորված, Վեոլիա Ջուը ներկայումս ողջ հանրապետությունում իրականացնում է ուսումնասիրություններ, որոնց արդյունքներով աշնանը կհրապարակվի նոր, հիմնավորված եւ իրականությանը համապատասխանող գրաֆիկ:
2. 12.06.2017թ.-ի նախորդող եւ հաջորդող օրերին Գորիսում իրոք պլանային ջրանջատումներ չեն եղել: Սակայն եղել է վթարային ջրանջատում, որի մասին գործող կարգով մենք պարտավոր չենք yerevandjur.am կայքում տեղադրել հաղորդագրություն:
Այսպես, «Միրհավ» հյուրանոցի ջրանջատումը կապված է եղել «Մուխուրթուրյան-Գորիս» ջրատարից սնվող Իշխանասար համայնքի ջրագծի վթարի հետ: Վթարի վերացման աշխատանքների ընթացքում հայտնաբերվել են թվով 2 ամբողջովին քայքայված փականներ, որոնք փոխարինվել են նորերով: Դրա շնորհիվ դադարեցվել է վայրկյանում մոտ 20 լիտր ջրի կորուստ, որն ուղղվել է Գորիսի սպառողներին:
Այդ մասին պատմող լուսանկարները և 2 հաղորդագրություն տեղադրված է ընկերության Ֆեյսբուքյան էջում:
Հիմա՝ ըստ բողոքի էության: Վեոլիա Ջուր ՓԲԸ-ն գործում է 2017թ. հունվարի 1-ից, իսկ հյուրանոցի տնօրենի ասելով` ինքն առնչվում է խնդրին առնվազն 12 տարի: Ասել է, թե խնդիրը ոչ թե Վեոլիա Ջուրն է, այլ ջրամատակարարման ընդհանուր վիճակը Գորիսում: Իսկ այն, ինչպես եւ ամենուր Հայաստանում, կարիք ունի հետագա բարելավման ու կատարելագործման: Այս նպատակով ընթացիկ տարում Վեոլիա Ջուր ՓԲԸ սկսել է իրականացնել 1,8 մլրդ դրամի ներդրումային ծրագիր:
Իսկ ամռանը խնդիրը պարզապես սրվում է: Ընդ որում՝ ամենուր, եւ ոչ միայն Հայաստանում, եւ բացատրվում է շոգ եղանակներով պայմանավորված ջրի սպառման ծավալների ավելացմամբ: Իրավիճակը խորանում է քաղաքում ապօրինությունների ու ջուրը ոռոգման նպատակով օգտագործելու պատճառով: Ի դեպ, հյուրանոցի տնօրենը չի թաքցնում, որ ջուրը իրեն պետք է նաեւ այգու ոռոգման համար, այն դեպքում երբ Հայաստանում իրավաբանական անձանց օրենսդրորեն խմելու ջուրն արգելված է այդ նպատակով օգտագործել: Հետո էլ մեղադրում է «Սիսիանի յաների իշխանիկներին»:
Այնուամենայնիվ, Գորիսի այն հատվածում, որտեղ գտնվում է «Միրհավ» հյուրանոցը, մենք այս պահին ընդհանուր առմամբ ապահովում ենք շուրջօրյա ջրամատակարարում: Ընկերությանը պատկանող ջրագծի ու հյուրանցի ջրագծի միացման կետում առկա է բավարար ճնշում: Ամեն ինչ արվում է քաղաքում ամռան սպառման «պիկին» պահպանելու համար կայուն ջրամատակարարում:
Հակառակ պարագայում, ինչպես ամեն մի սպառող, այնպես էլ «Միրհավ» հյուրանոցի տնօրենը իր բողոք-առաջարկություններով կարող է դիմել ուղղակի ջրամատակարարին: Հասցե՝ 0025, Երեւան, Աբովյան 66ա, Վեոլիա Ջուր ՓԲԸ: Հեռ.՝ 1-85, 011.300-185, էլ.փոստ՝ [email protected]: Պատասխանը, խոստանում ենք, չի ուշանա:
Վեոլիա Ջուր ՓԲԸ»
Մեկնաբանել