
ՍԱՊԾ. «Մանկական սննդամթերքի հայերեն մակնշումը կամբողջացվի»
Օրեր առաջ «Հետքը» հրապարակել էր մանկական կերերի վերաբերյալ հոդված, որտեղ ներկայացրել էր օրենքի խախտումով մակնշման օրինակներ: Մասնավորապես արձանագրվել էր, որ ԱԺ պատգամավոր Արկադի Համբարձումյանի «Սլավ գրուպ» ընկերության ներկրած մանկական կերերը չունեն հայերեն մակնշում։ Հրապարակումից հետո գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը դիտարկումներ իրականացրեց «Սլավ գրուպ» ՓԲԸ-ում: Այսօր տեսչությունը տեղեկացրեց, որ դիտարկման արդյունքում պարզել է, որ իրացման կետերում առկա NUTRICIA Nutrilon ProNutra+ ապրանքանիշի մանկական սննդամթերքը թեև տարայի վրա ունի հայերեն մակնշում, սակայն որոշ տեղեկություններ ամբողջական են ռուսերեն տարբերակում և հայերեն ներդիրի մեջ:
«Հղում կատարելով «Սննդամթերքի մակնշման մասին» Մաքսային Միության 022/2011 տեխնիկական պահանջներին՝ ՍԱՊԾ մասնագետները տնտեսվարողին ներկայացրել են սպառողական տարայի կամ պիտակի վրա հայերեն մակնշման համար անհրաժեշտ տեղեկատվությունը (արտադրանքի անվանումը, արտադրման օրը, պիտանիության ժամկետը, պահման պայմանները) և ժամանակ տվել հայերեն մակնշումն ամբողջացնելու համար»,- նշված է տեսչության տարածած մամուլի հաղորդագրությունում:
Տեսչությունը հիշեցնում է, որ «Սլավ գրուպ» ՓԲԸ-ի կողմից ներմուծված NUTRICIA Nutrilon ProNutra+ մանկական սննդամթերքն արտադրվել է լեհական «Օպոլե» գործարանում՝ Նիդերլանդների պատվերով և նիդերլանդական տեխնոլոգիայով. տարայի վրա այդ մասին նշված է:
Մեկնաբանել