
Զարուհի Փոստանջյան. «Մենք քաջարանցիների հետ միասին ընդունում ենք հայտարարաված պատերազմը»
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղապետ Ռաֆիկ Աթայանի դեմ տեղի ունեցած բռնաճնշումները երեկվանից ավելի են սաստկացել, ինչի պատճառով նա ստիպված է եղել հրաժարական տալ գյուղապետի պաշտոնից և հայտնել իր անհամաձայնությունը իշխող Հանրապետական կուսակցության նկատմամբ՝ ցանկանալով դադարեցնել իր անդամակցությունը այդ կուսակցությանը:
Օրեր առաջ Քաջարանի գյուղապետ Ռաֆիկ Աթայանը գյուղի տարհանման վերաբերյալ հեռախոսազանգի միջոցով ինձ տեղեկացրել էր իր մտահոգությունը՝ նաև ակնկալելով խնդրի բարձրաձայնման միջոցով ՀՀ կառավարության որոշման դադարեցում: Հայտնի է, որ Քաջարան գյուղի բնակիչները, այդ թվում՝ գյուղապետը, հրապարակավ իրենց անհամաձայնությունն են հայտնել գյուղի տարածքը հանքավայր վերածելու մասին ՀՀ կառավարության որոշման վերաբերյալ:
Նախիջևանին սահմանամերձ Քաջարան գյուղը դատարկելու դեմ գյուղապետի և գյուղացիների աննահանջ բողոքը ճնշելու համար ՀՀ Սյունիքի մարզային իշխանությունները երեկվանից անցել են կտրուկ անօրինական գործողությունների:
Հայաստանի Հանրապետության թշնամու հետ սահմանամերձ գյուղի բնաջնջման այս փաստը ոչ միայն վկայում է ՀՀ կառավարության, ըստ էության, պետության և ժողովրդի շահը չգիտակցելու և անձեռնհասության մասին, այլ նաև ՀՀ կառավարության որոշ ներկայացուցիչների կողմից, անգիտակցաբար թե ոչ, բայց փաստացի՝ թշնամի Ադրբեջանի շահերը սպասարկելու մասին:
Միջնաբերդ Սյունիքը այսօր առանցքային նշանակություն ունի մեր ներկայիս ազատագրված 42 հազար քառակուսի կիլոմետր հայրենիքի անվտանգության համար, և Սյունիքի սահմանամերձ գյուղերում բնակչություն չունենալով կամ խրախուսելով նրանց արտագաղթը՝ գործող իշխանությունը անդառնալի հարված է հասցնում մեր երկրի ողջ անվտանգությանը:
Մի քանի ամիս առաջ, երբ Սերժ Սարգսյանին մի երիտասարդ հարց տվեց Արևմտյան Հայաստանի ազատագրման վերաբերյալ, նա պատասխանեց, որ Արևմտյան Հայաստանի ազատագրումը ժառանգություն է թողնում երիտասարդներին: Ի գիտություն գործող նախագահի՝ մեզ ժառանգություն է թողնվել ոչ միայն Արևմտյան Հայաստանի, այլ նաև Գանձակի, Ուտիքի, Նախիջևանի և մեր հայրենիքի անբաժանելի մաս կազմող այլ հողերի ազատագրումը:
Բայց, բացի մեր հայրենիքի ազատագրումից, մենք հասկանում ենք, որ առաջնահերթ խնդիր ունենք՝ ազատագրվելու բռնակալ մարզպետներից, հակահայ կառավարությունից և ընտրությունների կեղծման հետևանքով ձևավորված իշխանություններից:
ՀՀ Սյունիքի մարզի Քաջարան գյուղի գյուղացիները առաջին անգամ չէ, որ մասնակցում են հայրենիքի ազատագրման սրբազան պատերազմին: ՀՀ կառավարության կողմից Քաջարան գյուղի բնաջնջման պատերազմական գործողությունը նախապես ձախողման է դատապարտված: ՀՀ կառավարությունը իր հանցագործ համբավ ունեցող մարզպետով անգամ չի կարող հաղթանակ արձանագրել այս պատերազմում:
Մենք քաջարանցիների հետ միասին ընդունում ենք հայտարարաված պատերազմը և զգուշացնում հիշել Ադրբեջանի կողմից սկսված պատերազմի հետևանքների մասին:
Քաջ քաջարանցիներ, դուք մենակ չեք այդ պատերազմում:
Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր
Զարուհի Փոստանջյան
Մեկնաբանություններ (2)
Մեկնաբանել