
Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը՝ 48 ժամում
Շուշիի ազատագրման 25-ամյակի առթիվ Համազգային հայ կրթական և մշակութային միությունը հայտարարում է իր նոր` «Շուշի. 48 ժամ» լուսանկարչական նախաձեռնության մեկնարկի մասին:
Նախագծի նպատակն է 48 ժամում ցույց տալ Շուշիի քաղաքային կյանքի բազմազանությունը: Առողջապահություն, դատական իշխանություն, գործադիր մարմին, հասարակ քաղաքացու կյանք` երեխայի ծնունդից մինչև մահ, բժշկի տքնաջան աշխատանք, խնջույք. ոչինչ չի սպրդելու լուսանկարիչների օբյեկտիվից։
«Շուշի. 48 ժամ» նախագծի մեկնարկը ս.թ հունիսի 29-ին է:
Համազգային հայ կրթական և մշակութային միությունը նախատեսում է հրատարակել եռալեզու պատկերագիրք Շուշիում երկօրյա նկարահանումների արդյունքում ստեղծված լուսանկարներով, որը հասանելի կլինի հանրության լայն շրջանակի համար ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում` հնարավորություն տալով հաղորդակից լինելու Արցախի մշակութային մայրաքաղաքի հմայքին, ճանաչելու և հասկանալու շուշեցուն և նրա քաղաքային առօրյան:
Նախագծում ներգրավված են երիտասարդ լուսանկարիչ-վավերագրողներ Սոնա Ադամյանը, Սարո Բաղդասարյանը, Անի Գևորգյանը, Արթուր Մելիքյանը, Նարեկ Ալեքսանյանը, Նոնա Մինասյանը, Արևիկ Ծատրյանը, Արմինե Վանյանը: Նախագծի շրջանակներում նրանց միանալու են նաև հրավիրյալ լուսանկարիչներ արտերկրից:
«Շուշի. 48 ժամ» նախագիծն իրականացվում է անվանի վավերագրող լուսանկարիչ, փաստագրական լուսանկարչության համար «Ֆիֆտի Քրոուզ» միջազգային ֆոնդի մրցանակակիր Գերման Ավագյանի հետ գործակցաբար:
Մեկնաբանել