
Հուլիսի 1-ից ենթակարանտինային ապրանքները ԵԱՏՄ տարածքում կտեղափոխվեն միասնական կանոններով
Հունիսի 21-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հերթական նիստը, որի ժամանակ ներկայացվել և քննարկվել են նաև բուսասանիտարիայի մոտեցման նոր հայեցակարգեր։ Այս մասին նշված է ԵՏՀ պաշտոնական կայքում։
Մասնավորապես՝ այս տարվա հուլիսի 1-ից ուժի մեջ են մտնելու ԵԱՏՄ 4 փաստաթուղթ, որոնք միասնական նորմատիվ-իրավական բազա կստեղծեն կարանտինային օբյեկտների վերահսկողության ոլորտում։
Ներկայումս ԵԱՏՄ երկրների տարածքում, ինչպես նաև՝ Հայաստանում, գործում են իրավական նորմերով հաստատված միմյանցից տարբեր կարանտինային օբյեկտներ և ազգային կարանտինային բուսասանիտարական ցանկ, որոնք էլ սահմանափակում են ապրանքների ազատ փոխադրումը ԵԱՏՄ այլ երկրների տարածքներ։
Միասնական նորմատիվ-իրավական բազա ունենալու որոշումը, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի, հնարավորություն կտա վերացնել ԵԱՏՄ տարածքում ապրանքների փոխադրման խոչընդոտները․ ապրանքների այն խմբաքանակը, որն անցել է կարանտինային վերահսկողություն, ազատ կտեղափոխվի տնտեսական գոտու ողջ տարածքում և առանց ստուգման կհամարվի ոչ կարանտինային օբյեկտ։
Նոր որոշումը կթեթևացնի նաև տնտեսվարողների գործը, քանի որ ԵԱՏՄ տարբեր երկրներ տեղափոխելիս ապրանքը մաքսակետում նորից չի վերահսկվի։
Մեկնաբանել